Ժաննա Ալեքսանյան․ Չհնչեցին հրաժարականի պահանջներ, ոչ էլ գործողություններ

Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

–Տիկին Ալեքսանյան, Ազգային ժողովում օրերս տեղի ունեցան «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով լսումներ, որին մասնակցում էիք նաև դուք։ Հայաստանում քաղաքական հետապնդումների առումով իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ լուծումներ պետք է լինեն։

-Այո, ես մասնակցում էի այդ լսումներին, թեման բռնաճնշումներն էին, բայց քանի որ լսումների առիթն ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքն էր, ես կարծում եմ, որ լսումները պետք է կառուցվեին հենց այդ մահվան դեպքի վրա։ Ես նաև աշխատանքի միջազգային փորձ ունեմ, ասեմ, որ քաղաքական պատասխանատվության համար պետք է լինի իրավական հիմք։ Պետք է հաշվի առնել, որ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հենց քաղաքական դրդապատճառներով։ Նա Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն էր, և հարց է ծագում՝ ինչո՞ւ միանգամից կալանք կիրառվեց, ինչո՞ւ այլընտրանքային խափանման միջոց չկիրառվեց, սա մեծ հարց է։

Ես կարծում եմ, որ լսումների առանցքում պետք է լինեին այս բոլոր հարցերը, և պետք է հանդես գային Արսեն Գևորգյանի փաստաբանները, ներկայացնեին այն հանգամանքները, որոնք իրենք արդեն ունեին ձեռքի տակ, որոնք, շատ հնարավոր է, հակասում են արդարադատության նախարարի հայտարարություններին։ Շատ հնարավոր է, որ այդ լսումների ժամանակ փաստաբաններն իրենց ելույթներում շատ բաներ բացահայտեին, ինչը կդառնար հենց այն հիմքը, որը պետք է տաներ քաղաքական պատասխանատվության։ Այսինքն՝ ամուր իրավական հիմքեր պետք է լինեն այդ դեպքով, որ տեղի ունենա քաղաքական պատասխանավություն, որովհետև քաղբանտարկյալների նկատմամբ խտրական մոտեցում է կիրառվում՝ մարդու նկատմամբ այդպիսի խիստ խափանման միջոց են կիրառել։

Այդ լսումների ժամանակ մոտ երկու ժամ հիմնականում քաղաքական ելույթներ էին հնչում, որոնք բացահայտում էին այս իշխանության էությունը։ Բայց փաստաբանների ելույթը տեղի չունեցավ, այսինքն՝ չկա պատասխանատվության իրավական հիմքը, հատկապես որ ՔԿՀ-ներում մահվան դեպքերը չեն բացահայտվում, հիմնականում կոծկվում են։ Ես ինքս բարձրացրեցի հարցը, թե ինչո՞ւ մենք չլսեցինք փաստաբաններին, գուցե շատ կարևոր հանգամանքներ մեզ կհայտնեին։ Շատ հնարավոր է, որ փաստաբանների հայտած տեղեկությունները կհակասեին արդարադատության նախարարի հրապարակած տվյալներին, կտեսնեինք, թե իրենք որտեղ են թերացել։

Բանտերում բուժսպասարկման որակը շատ վատ է, դա հայտնի բան է։ Այդ տեղեկությունները կան, արժեր ԱԺ ամբիոնից հնչեցնել այդ ամենը։ Իսկ եթե իրավական հիմքերն ուժեղ են լինում, հետևողականության դեպքում քաղաքական պատասխանատվության հասնելը ստացվում է։

-Իսկ քաղաքական պատասխանատվության հարցը բարձրացնելիս՝ չպե՞տք է նաև իրավասու պաշտոնյաների պաշտոնանկության հարցը բարձրացնել, օրինակ՝ գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի։ Այս պահանջը կարծես չի հնչում հիմա։

-Այս, պետք է հնչեր նաև այդ պահանջը։ Գլխավոր դատախազի պատասխանատվությունը շատ մեծ է, թե ինչու են մարդիկ հայտնվել բանտերում։ Ի դեպ ասեմ, որ դիտորդական խումբն արձանագրել էր ՔԿՀ-ների անմխթար պայմանները, խոնավ պատերը և այլն։ Իսկ եթե մարդը նաև անարդարության զգացում ունի, նա չի ընդունել իր մեղքը, և դեռ չի ապացուցվել իր մեղքը, սա կարող էր իրեն բերել ուրիշ վիճակի։ Ամեն մեկը մի ձևով է տանում այդ ապրումները։ Չհնչեցին հրաժարականի պահանջներ, ոչ էլ գործողություններ։ Էլինար Վարդանյանն  առաջարկեց իրավապաշտպան հարթակ ստեղծել։ Այդ հարթակները պետք է կայանան և հետևողական պայքարեն մինչև վերջ։

Ես համոզված եմ, որ շատ բան կբացահայտվեր, և քաղաքական պատախանատվության հարցը առաջ կտարվեր՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որը կներկայացներ փաստաբանական խումբը։ Իսկ հիմա մենք միայն լսում ենք Սրբուհի Գալյանի մեկնաբանությունները։ Մենք պետք է քաղաքական ղեկավարների ասածների դեմն առնենք։ Այսպիսի աղմկահարուց դեպքերը կարող են շատ մեծ ներգործություն ունենալ մյուս գործերի վրա, սա կարող է նախադեպ լինել։ Դուք տեսաք, թե Սրբուհի Գալյանն առաջին օրն ինչ ինքնավստահությամբ հայտարարեց, թե մահեր լինում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՔԿՀ-ներում։ Դա աններելի ու անընդունելի հայտարարություն էր, քանի որ պետությունը պատասխանատու է փակ համակարգերում մարդու կյանքի ու առողջության համար։

-Եվրոպական կառույցները, միջազգային հանրությունը նման դեպքերում սովորաբար ահազանգում են տվյալ երկրում ժողովրդավարության հետընթացի մասին։ Բայց Հայաստանի դեպքում կարծես լուռ են, ինչո՞ւ։

-Դե մենք տեսնում ենք, որ հիմա Եվրոպան ինչ-որ աշխարհաքաղաքական շահերով է հետաքրքրված։ Ինչո՞ւ են լուռ, ես չեմ ուզում այդ հարցին այլևս պատասխանել։ Սա մեր երկիրն է, մենք պետք է շատ բան անենք, հետո իրենցից պահանջենք, ոչ թե թույլ տանք, որ այսպիսի իրավիճակ լինի։ Եթե մեր քաղաքահասարակությունը, որը ոչ հեռու անցյալում կար ու բավականին կայացած էր, հիմա նույնիսկ մարդու մահվան դեպքում է լռում, ի՞նչ պետք է անեն միջազգային կառույցները։ Ես իմ խոսքում նաև ասացի՝ թող այս նոր խմբերը դառնան քաղհասարակություն, ինչքա՞ն կարող ենք ասել, որ քաղհասարակություն չկա։

Նախընտրական շրջանում ՔՊ պաստառները պոկած Արմեն Հովհաննիսյանը երկու օր ոստիկանությունում պահվելուց հետո տեղափոխվեց հոգեբուժարան և ինքնասպանություն գործեց, բայց մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Նույնիսկ «Human Rights Watch»-ը հայտարարություն արեց այդ գործով։ Ես չեմ բացառում, որ տարվա վերջին միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները յուրաքանչյուրը մի զեկույց կխփեն այս իշխանությունների դեմքին։ Վստահ եմ, որ ժողովրդավարության հետընթացն արձանագրվելու է, նրանք հաստատ անդրադառնալու են, մնում է մենք լծվենք այդ գործին, որպեսզի թույլ չտանք, որ Հայաստանում այս ճգնաժամը խորանա։

Ռոզա Հովհաննիսյան