ՄԱԿ-ի բարեփոխում, նավթ և միջուկային երկխոսություն. Ինչ են քննարկել Սի Ցզինպինը, Պուտինը և Թրամփը

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի, Սի Ցզինպինի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպումից հետո հրապարակված հռչակագրում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները կոչ արեցին բարեփոխել ՄԱԿ-ը։ Փաստաթղթում Ուկրաինան չի հիշատակվել։

Շենժենում եռակողմ բանակցություններից հետո հրապարակված «Խաղաղության հռչակագրի» հիմնական կետեր՝

1․ Սի-ն, Պուտինը և Թրամփը կոչ արեցին բարեփոխել ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունը «կարողանա ավելի արդյունավետորեն արձագանքել գլոբալ մարտահրավերներին և կատարել իր հիմնարար առաքելությունը»։

2․ Երեք երկրները մտադիր են ավելացնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը՝ «բոլոր երկրների օգտին»։

3․ Պուտինը, Սին և Թրամփը համաձայնեցին, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ մարմինները «չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները», և որ «պետությունների համաձայնության և պաշտոնյաների անձեռնմխելիության հարգման սկզբունքը հիմնարար է»։

4․ Երեք առաջնորդները վերահաստատեցին, որ միջուկային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթվել և այն երբեք չպետք է տեղի ունենա։ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել երկխոսությունը՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն ձգտում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի հետ և հաստատել համագործակցություն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ինքը և Սպիտակ տան ղեկավարը ունեն «քաղաքակրթական արժեքների վերաբերյալ ընդհանուր հայացքներ և մոտեցումներ»։

Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ նա նշել է, որ Ռուսաստանի պահանջները եվրոպական անվտանգության վերաբերյալ «օրինական» են, և պնդել է, որ Ուկրաինան և Եվրոպան «դեռևս պատրաստ չեն փոխզիջման գնալ ուկրաինական կարգավորման հարցում, բայց հնարավոր է՝ համաձայնվեն»։