
Հոչանց գետի աջափնյա ձորի ձախ լանջին՝ ժայռերի մեջ, դարերի խորքից մեզ է հասել յուրօրինակ մի հոգևոր կառույց, որի պատմությունը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ։
Հոչանց անապատի մասին առաջին գրավոր տեղեկությունները հանդիպում ենք 17-րդ դարի պատմագիր Առաքել Դավրիժեցու երկում։ Ըստ նրա, 17-րդ դարի սկզբին, Տաթևի Մեծ անապատից հեռացած բարձրաստիճան հոգևորականներ Կիրակոս և Թովմա եպիսկոպոսները, ովքեր աղբյուրներում բնութագրվում են բարձր առաքինությամբ, հաստատվել են Հոչանցում և գյուղի մերձակայքում հիմնադրել համանուն անապատը․ «…Կիրակոսը և Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գաւառը, Հոչանց գիւղի մօտ շինեցին անապատ եւ այնտեղ բնակվեցին»։
Հարկ է նշել, որ Արցախի Քաշաթաղի շրջանի պատմական Հոչանց բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի շնորհիվ։ Իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության հարկացուցակում նա բնակավայրը հիշատակում է «Հունչաք» անվանաձևով։
Ըստ Դավրիժեցու, Կիրակոսը վախճանվել և թաղվել է Հոչանց անապատում․ «Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070 (1621) տարում և գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում։ Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարհները․․․»։
Ներսես Ակինյանն իր «Մովսես Գ Տաթևացի հայոց կաթողիկոսն և յուր ժամանակը» աշխատասիրության մեջ, գրում է, որ Հոչանց անապատի կառուցումը 1615 թվականին ձեռնարկել և ավարտել է Մելիք-Հայկազ Բ-ն․ «1615-ին կը հիմնարկէ Մելիք Հայկազն իւր իշխանութեան սահմաններու մեջ Հօչանց անապատը․ Անապատին նաւակատիքը խմբուեցավ 1615 ին, ի ներկայութեան բազմաթիւ եկեղեցականներու»։
Կարծիք կա, որ հենց Մելիք Հայկազի հորդորով է, որ Հալիձորի Հարանց Մեծ անապատից այստեղ են տեղափոխվել անապատական շարժման երկու երևելի գործիչներ՝ Կիրակոս Տրապիզոնցին ու Թոմաս (Թումա) Տաթևացին։
Հոչանց անապատի ճարտարապետական համալիրն ամբողջությամբ կերտված է փխրուն ավազաքարե ժայռազանգվածի մեջ՝ օգտագործելով ժայռի բնական կառուցվածքն ու հնարավորությունները։ Համալիրի գլխավոր կառույցը՝ եկեղեցին, իր հորինվածքով հետևում է հայկական միանավ, թաղակապ եկեղեցիների ավանդական ճարտարապետական ձևերին՝ ժայռափոր միջավայրում վերարտադրելով քարաշեն սրբավայրերին բնորոշ կառուցվածքային լուծումները։
Եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված է կիսաշրջանաձև խորանը՝ պսակված ցածր գմբեթարդով։ Հյուսիսային կողմում հաջորդաբար բացվում են չորս կամարակապ խորշեր, որոնցից աջ փորված է ավանդատունը՝ առանձնանալով իր գեղեցիկ կամարակապ մուտքով։ Կառույցի ներքին պատերը հարուստ են տարբեր չափերի խորշերով, որոնք ծառայել են ծիսական պարագաների, պահոցային իրերի և ձիթաճրագների տեղադրման համար։ Հատկապես ուշագրավ է խորանի հյուսիսային կողմում գտնվող խորշերի պահպանվածությունը, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու սրբավայրի ներքին կահավորման և գործառնական նշանակության մասին։
Եկեղեցու հարավային պատում բացված լուսամուտներից ներթափանցող բնական լույսը լուսավորել է սրահի ներքին տարածությունը՝ ընդգծելով ժայռափոր կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները։ Արտաքին միջավայրից դեպի սրբազան տարածք մուտքն իրականացվել է հարավային կողմից։
2002 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի քարանձավագիտական արշավախմբի աշխատանքների արդյունքում հետազոտվել և չափագրվել է Հոչանցի անապատը:
Ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը գտնում է, որ Հոչանցի անապատը զուտ մենաստան չի եղել, այլ եկեղեցական շինություն և ճարտարապետական մանրամասների եւ գծերի կատարելութեամբ ու ամբողջականութեամբ համեմատելի է Անիի ժայռափոր Կարմիր եկեղեցու հետ:
Այսօր այս սրբավայրը՝ բռնազավթված լինելով Ադրբեջանի կողմից խիստ վտանգված է։
Արմինե Հայրապետյան