Աշխատասեր արցախցիները Դիլիջանում վերսկսել են իրենց բիզնեսը․ մեզ կոտրել չի լինում

  • 08:36 19.10.2023

Սեւակն ու իր հարազատները Ստեփանակերտում ունեին ընտանեկան հացի փուռ, որն անգործ չի մնացել անգամ արցախյան շրջափակման ժամանակ։ Չնայած անտանելի պայմաններին և ալյուրի սահմանափակ պաշարներին, նրանք շարունակեցին աշխատել՝ ապահովելով արցախցիներին թարմ հացով։

Հիմա նրանք ապրում են Դիլիջանում։ Դիլիջանի բնակիչների, մասնավորապես «Արթիվ» հյուրանոցի տնօրինության աջակցությամբ, որտեղ նրանք ապաստան են գտել Արցախից արտաքսվելուց հետո, նրանց տրամադրվել է տարածք։ Գնեցին էլեկտրական վառարաններ և որոշեցին նորից սկսել զբաղվել իրենց սիրած գործով:

Թխում են Արցախի թոնրի հաց։ Անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով չեն կարողանում հասնել արտադրության մեծ ծավալների, բայց դա ժամանակի հարց է. ապագայում նախատեսում են սարքավորումներ ձեռք բերել և ընդլայնել բիզնեսը։

Աշխատատեղեր ստեղծեցին, թեև դեռ միայն արցախցի երկու փախստականի էին կարողացել աշխատանքով ապահովել։

Թխվելու է նաև արցախյան ավանդական Ժենգյալով հաց։

Արցախցիներին դժվար է կոտրել, որտեղ էլ որ լինենք, աշխատելու ենք և պահպանելու ենք արցախյան ավանդույթներն ու սովորույթները, ասում են երիտասարդ ձեռներեցները։

Արսեն Աղաջանյան

f