Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։ Այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (Փաշինյանի խոսքով՝ մինուս մեկը Հայաստանն էր,–խմբ.) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց ռազմավարական սցենարն էր Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։
«Թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև դրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»,- շեշտեց Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։
Նա պնդում է, որ 1998թ․, 1999 թ․ (նկատի ունի հոկտեմբերի 27-ը,–խմբ.), 2020 և 2023թթ․ իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Փաշինյանը չասաց, թե կոնկրետ ով է օգտագործել Ղարաբաղի հարցը Հայաստանի դեմ։ Սա նշանակում է, որ Փաշինյանը միայն փորձում է արդարացնել իր քայքայիչ քաղաքականության արդյունքները անանուն չարագործների հղումներով։