Պատարա․ մի չբացահայտված խաչքարի պատմություն

  • 12:26 30.11.2023

Մեր կյանքն իր բոլոր դրսևորումներով ու անգամ դրվագային իրադարձություններով վերջին շրջանում սկսել է բաժանվել փուլերի․ 44-օրյայից առաջ և հետո, սեպտեմբերի 19-ից առաջ և հետո։

Եվ այսպես, 44-օրյայից առաջ հերթական շրջայցով Պատարայի Դրպասուտ տարածքում էինք, որտեղ մեր աշխատակիցը մեզ տեղեկացրեց նորահայտ, համենայնդեպս պետական ցուցակների մեջ տեղ չգտած, չվկայագրված մի խաչքարի մասին։ Հայտնի պատճառներով տարածքի տեղը մանրակրկիտ չեմ նշի։

Մենք բնականաբար այցելեցինք նշված վայրը, որտեղ, այո՛, երկարավուն մի խաչքար էր հեծյալի պատկերաքանդակով ու նաև արձանագրությամբ։ Բայց այս խաչքարի մասին չէ ասելիքս։

Նշված խաչքարից մի քանի մետր հեռավորության վրա ուշադրությունս գրավեց մի բավականին մեծ կարմրավուն քար, որը ավելի շատ նման էր պոկված ժայռաբեկորի, ընդորում մոտակայքում նման մեծ քարեր շատ կային։ Ի զարմանս ինձ, այդ մեծ քարի կողքին մամռակալած, զարդանախշերը հազիվ երևացող քարի բեկոր տեսա։ Մամուռից ազատելուց պարզվեց, որ այդ քարի բեկորի գույնը հար նման է մեծ քարի գույնին, հետո տեսանք, որ մեծ քարը կոտրվածք ունի եզրամասում և բեկորը համապատասխանում է կոտրվածքին։ Շոշափելով, հասկացանք, որ մեծ քարը նույնպես զարդանախշ է և ամենայն հավանականությամբ երեսնիվայր ընկած հսկայական խաչքար։ Տղաները ինչքան փորձեցին շրջել, չստացվեց, որովհետև քարը շատ ծանր էր, ըստ նրանց՝ 600-800 կգ։ Որոշեցինք առ ժամանակ հետաձգել։ Հետո պատերազմ․․․

44-օրյայից հետո կրկին վերադարձանք մեր կիսատ գործին։ Ում ասես չդիմեցինք տեխնիկական օգնության համար, բոլորը մեծ պատրաստակամությամբ գալիս հասնում էին տեղանքը, քարի մեծությունը տեսնում, ցավով հրաժարվում․․․ Ի վերջո որոշեցինք դիմել պաշտպանության բանակի օգնությանը, խոստումը կար, պատրաստակամությունը մի առանձնակի ոգևորությամբ, բայց․․․ նախ խանգարեցին գարնանային անձրևները, հետո՝ խորացող բլոկադան։ Վառելիքի սղության պայմաններում մեր կողմից ճիշտ չէր լինի հարցին հետամուտ լինելը։

Թե ի՞նչ խաչքար է, ինչպիսի պատմական նշանակությամբ, ի՞նչ գաղտնիքներով․ այդպես էլ մնաց չբացահայտված։

Իսկ միգուցե այդպես նա փրկվեց, ի՞նչ իմանաս։

Արմինե Հայրապետյան

f