Մարտունու շրջանի Քերթ գյուղի տարածքում, Ռսկհան լեռան ժայռոտ ու դժվարամատչելի գագաթին, ծովի մակարդակից 1086 մ բարձրության վրա գտնվում է համանուն ամրոց-դիտակետը։ Այնտեղից երևում են շրջանի մի շարք գյուղեր, մասնավորապես՝ Քերթ, Քարահունջ, Սոս, Թաղավարդ, Մուշկապատ, Հաղորտի, Կոլխոզաշեն, Մսմնա, Կավահան, Հերհեր, Ծովատեղ, Խերխան: Ամենայն հավանականությամբ այն իր դիրքի շնորհիվ նաև տեսողական ազդանշանային վայր է եղել (վաղ ժամանակներում ազդանշանային կրակ են վառել, որի ծուխը նախազգուշացնում էր մոտալուտ վտանգի մասին):
Այն ժայռածածկի մեջ տեղակայված մի երկարավուն ուղղանկյուն հատակացծով թաքստոց-կացարան է: Հարթեցված հատակի լայնությունն ավելի քան 2.5-3.0 մ է, երկարությունը` 6.5-7.0 մ: Դրա մի անկյունում տեղակայված է նորաշեն սրբարանը:
Երբեմնի ամրոցից ներկայումս պահպանվում է հյուսիսային ճակատի կլորացող պատի շարվածքը միայն՝ կառուցված անմշակ միջին չափերի քարերով ու կրաշաղախով: Նկատելի է, որ նախկինում պատաշարով փակված է եղել ժայռածածկի հատակի բացվող պարագիծն ամբողջությամբ, կազմելով մի ներփակ կացարան: Տանիքն ըստ էության եղել է փայտաշեն, որի մասին են վկայում ժայռածածկի թեք հարթության վրա պահպանվող փոսորակները:
Ըստ հնագետ Գ.Սարգսյանի, ժայռածածկն ամենայն հավանականությամբ ի սկզբանե կառուցվել է որպես դիտակետին կից թաքստոց-կացարան ու միայն հետագայում է իր խիստ դժվարամատչելիության պատճառով ձեռք բերել սրբատեղիի կարգավիճակ: Ուշագրավ է նաև դեպի դիտակետ տանող անցուղին՝ ժայռերի մեջ փորված հետիոտն արահետների տեսքով:
Ցավոք սրտի, աղբյուրներում հուշարձանի մասին տեղեկություններ չեն պահպանվել: