
Բաքվի դատարանը գրեթե չորս ամսով կալանավորել է «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդ Գուբադ Իբադօղլուին, որը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող է։
Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել կեղծ փողերի հետ կապված մեղադրանքով, որից հետո նրան նախնական կալանքի տակ են նշանակել մոտ չորս ամիս, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։ Նա հավելել է, որ «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության նախագահը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։
Նրա խոսքով՝ Իբադօղլուն ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա անունով գրանցված բնակարանում հայտնաբերել է 40 հազար դոլար։ Սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալն այս հասցեում չի բնակվել, և «այդ գումարը կապ չունի Գուբադ Իբադօղլուի հետ»։
Պարզ չէ՝ հայտնաբերված գումարը իրական է, թե կեղծ։
Սադիգովայի խոսքով՝ գործը հարուցելու համար հիմք է հանդիսացել մի անձի հայտարարությունը, ում Իբադօղլուն չգիտի, որն ասել է, թե քաղաքական գործիչը իբր «իրեն դոլար է տվել»։
Իբադօղլուն զբաղվում է քաղաքականությամբ և նաև վաստակավոր տնտեսագետ է և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի անդամ: Դատարանը որոշեց նրան կալանավորել երեք ամիս 26 օրով՝ մինչև դատաքննության մեկնարկը։
Իբադօղլուի կուսակցությունը ներկայացված չէ Ադրբեջանի խորհրդարանում, մի երկրում, որտեղ այլախոհությունը դաժանորեն ճնշված է։
Մարտին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ անհանգստացած է նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված քաղաքական կուսակցությունների մասին օրենքի կապակցությամբ և կոչ արեց Ադրբեջանին «հարգել հիմնարար ազատությունները, ներառյալ միավորումների ազատությունը»:
The Washington Post-ը խմբագրականում հանդես է եկել Իբադօղլուի օգտին և Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան։
«Որպես տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հաճախ է քննադատում իր հայրենի Ադրբեջանին և նրա նավթային հարստությանը: Նա իրավացիորեն հարցրեց, թե ինչու նավթային հարստությունը չհանգեցրեց երկրում բարգավաճման և ժողովրդավարության, և խոսաց կոռուպցիայի և կլեպտոկրատիայի մասին նախագահ Իլհամ Ալիևի օրոք։ Այժմ պարոն Ալիևը պատասխան հարված է հասցնում»,- ասվում է հոդվածում։
Նյութում նաև ընդգծվում է, որ քաղաքական գործչի կալանավորման իրական պատճառը, ամենայն հավանականությամբ, կապված է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի երիտասարդական կրթական հիմնադրամի հիմնման հետ՝ ադրբեջանցի մասնագետներ պատրաստելու համար։ Իբադօղլուն նախաձեռնել է բռնագրավել «կոռումպացված ադրբեջանցի պաշտոնյաների միջոցները»՝ այն ֆինանսավորելու համար։
Ըստ The Washington Post-ի, 2012-ից 2014 թվականներին Ադրբեջանի իշխող վերնախավի անդամներն օգտագործել են գաղտնի դրամական ֆոնդ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ գնելու, փողեր լվանալու և այլ օգուտներ ստանալու համար։ Դա այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» գործն էր 2012-2014 թվականներին, որի մասին ասվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվությունների ծրագրի շրջանակներում: Պարոն Իբադօղլուն ակնհայտորեն անհանգստացրել է նախագահ Ալիևին կլեպտոկրատիայի հարստությունը երիտասարդության կրթական ծրագրի համար օգտագործելու իր ծրագրով, շեշտում է թերթը։
Ժողովրդավարության միջազգային շարժումը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Իբադօղլուի՝ նշելով, որ «միանում է նրա անհապաղ ազատ արձակման աճող միջազգային կոչին»։
«Դոկտոր Իբադօղլուի կալանավորումը նպատակ ունի ստիպել նրան դադարեցնել գործողությունները, որոնք իշխանությունների կարծիքով սպառնում են ռեժիմի կլեպտոկրատական տիրույթներին, ինչպես նաև սպառնալից ազդանշան ուղարկել Ադրբեջանի առանց այն էլ փխրուն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին”, ասվում է հայտարարության մեջ։