«Shoonch Art Centre»-ը` որպես Արցախի երեխաների հոգեվիճակի բարելավման կենտրոն

  • 20:48 06.12.2023

«Shoonch Art Centre»-ը վերսկսել է իր գործունեությունը Երևանում: Այս մասին Step1.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնի վարիչ, «Շունչ» ձայնի պահպանման ստուդիայի տնօրեն Գուրգեն Բաղդասարյանը:

Նախապատմությունը սկսվում է 2019 թ. Արցախում: Նպատակն էր Արցախի մշակութային կյանքի պահպանումը և զարգացումը: Ստուդիան հասցրել է ունենալ ընդունելության մի քանի հոսք, ամեն հոսքում` 15-ից ավելի ուսանողներ, մասնակցել է մրցույթի և ստացել սերտիֆիկատ:

Արցախում կազմակերպվում էին վարպետաց դասեր, երեխաները մասնակցում էին տարատեսակ մրցույթների, սակայն 2020թ. պատերազմից հետո ուսանողների մի մասը  հնարավորություն չուներ մասնակցելու դասընթացներին: Ստեղծված իրավիճակը հիմք հանդիսացավ, որպեսզի այդ փուլում արտ-թերապիա անցկացնեն: Այս հարցում օգնության հասավ շվեյցարական մշակութային հիմնադրամներից մեկը: 6 ամսվա դասընթացներին ընդգրկվեցին երեխաների, կանանց, տղամարդկանց առանձին խմբեր (ամեն խմբի համար 2 ամիս):

Հոգեբանական ճգնաժամային փուլը հաղթահարելուց հետո վերսկսեցին վոկալի պարապմունքները, համերգներ ունեցան Ստեփանակերտում, Բադարայում և այլ տեղերում:

Շրջափակման ընթացքում դիմորդները շատացել էին: Դա բացատրվում էր նրանով, որ մարդիկ դիմել էին հոգեբանի, իսկ հոգեբանները խորհուրդ էին տվել սթրեսը հաղթահարելու համար մասնակցել վոկալի դասընթացների:

«Արտ -թերապիան հոգեբանության մի ճյուղ է: Նոր հրահրված պատերազմը մեզ հասցրեց Երևան, և որոշ ժամանակ դադար առնելուց հետո որոշեցինք «Շունչը» վերաձևավորել, լայնացնել գործունեության բնագավառը: Ծրագրի շահառուներն են Արցախի երեխաները: Ներկայումս ձևավորված 3 խմբերի հետ աշխատում են հոգեբաններ: Ծրագրով նախատեսված է երաժշտաթերապիա, այցելություն թատրոն, մի շարք կրթօջախներ, ձիարշավարան:

Հունվար ամսից մեկնարկելու են վոկալի առանձին դասընթացներ: Համագործակցում ենք գերմանական «Միասին» ՀԿ-ի հետ: Մտադիր ենք տարբեր ծրագրեր կյանքի կոչել»,- ասում է Գուրգեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` նպատակն այն է, որ երեխաներն այստեղ ավելի հեշտ, արագ ադապտացվեն:

Տաթև Ազիզյան