
Ստեփանակերտի Կնունյանցների փողոցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ «թատրոնի շենքին» մոտ: Թաղամասը ժողովրդի մեջ հայտնի է որպես «թատրոնին շենքին թաղ» կամ «դինամոյին թաղը» անուններով:
Թատրոնի թաղում էր գտնվում նաև Թումոյի կենտրոնը:
Թատրոնի շենքից դեպի Թումո տանող նեղլիկ ճանապարհին հին զարդանախշերով և կամարներում տուն կա, որը ապացույցն էր նրա, որ այս թաղամասը Ստեփանակերտի ամենահին թաղամասերից էր: Այդ տանը կից արդեն բարձրադիր շենքեր էին, իսկ բակերում հին շենքեր կային, որոնց բնակիչները տարիներով սպասում էին, թե երբ պետք է վերակառուցվեր նրանց տները:
Հենց այդպիսի տներից մեկում էր ապրում Ելենա Արկադյեվնան, ով 40 տարի նվիրված աշխատել է Ստեփանակերտի N3 դպրոցում և հենց այդ տանն է, որ ամեն տարի վաստակավոր ուսուցչի աշակերտները գալիս էին ծնունդը շնորհավորելու:
Ինչպես բոլոր մոտակա թաղամասերի երեխաները, այս փողոցի երեխաները ֆուտբոլ խաղալու համար գնում էին քիչ վերև գտնվող «ցորին դաշտը», որից մի քիչ հեռո Ստեփանակերտի նոր կառուցված եկեղեցին էր: Բնակիչների խոսքով այս թաղամասը ամենահարմարն էր «շատ հարմար ա իլալ, թուշին կենտրոնումնա իլալ, պատար քշանումս հրապարակնա, պատար պիցրանում եկեղեցի, լհա ներակա իլալ»:
Քրիստինա Ալավերդյան