2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետեւանքով սպանվել է Արցախի Հանրապետության Սզնեք գյուղի մեկ քաղաքացիական անձ, երկու անձինք համարվում են անհետ կորած, այդ թվում՝ Սզնեքի գյուղապետի հայրը։ Երկու քաղաքացիական անձ գերեվարվել եւ վերադարձվել են, եւս չորս անձ գերեվարված են եւ գտնվում են Բաքվի բանտերում։ Այս տվյալները step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը։
Զոհված քաղաքացիական անձը նախ համարվում էր անհետ կորած, բայց հետո նրա դին հայտնաբերվել է անտառում։ Ըստ գյուղապետի՝ պարզ դարձավ, որ ուժի գործադրում էր եղել, հրազենային վնասվածք չկար, բայց այլ վնասվածքից էր մահացել։ Իսկ երկու անհետ կորածների մասին, ըստ Մուսայելյանի, ոչ մի տեղեկություն չկա, չնայած, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Նշենք, որ Արցախի Հանրապետության վրա հարձակման օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում։ Այնինչ, սեպտեմբերի 19-20 հարձակման օրերին զոհվել ու գերեվարվել են նաեւ քաղաքացիական անձինք։ Զոհերի թվում եղել են նաեւ երեխաներ։
Էդվարդ Մուսայելյանի խոսքով՝ Սզնեքի բնակչության մի մասը սեպտեմբերի 19-ին տարհանվել էր հարեւան Խաչմաչ գյուղ, քանի որ գյուղը շփման գծին շատ մոտ էր եւ հրետակոծության տակ էր։ Երբ Խաչմաչն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղապետի հայրն ու եւս մեկ անձ մնացել են անտառում, չեն կարողացել գյուղացիների հետ շարունակել ճանապարհը։
«Գյուղի տարեցներին մի կերպ մեքենայով տեղափոխել էինք Խաչմաչ գյուղ, որտեղ նրանք մնացել են մեկ օր՝ սեպտեմբերի 19-ին։ Արդեն գիշերը Խաչմաչն էլ էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հետագայում գերությունից վերադարձած երկու անձինք պատմել են, որ միասին սեպտեմբերի 20-ին փորձել են ոտքով անտառի տարածքով դուրս գալ Խաչմաչ գյուղից, բայց հորս ու մյուս անձին կորցրել են։ Երկուսն էլ տարեց մարդիկ են եկել, չեն կարողացել ոտքով շարունակել ճանապարհը։ Մոտավոր կոորդինատները հայտնի են, թե որտեղ են մնացել, բայց այս պահին փրկարարական ոչ մի աշխատանք չի տարվում»,- ասաց նա։
Էդվարդ Մուսայելյանը նշեց, որ հարձակման ժամանակ Արցախի բնակիչները ռուս խաղաղապահների կողմից պաշտպանություն չեն տեսել։
«2020 թվականի պատերազմից հետո, երբ ռուսական բլոկ-պոստերը տեղադրեցին, մեր բարձրացրած հարցերից մեկն այն էր, որ մեր գյուղի մոտ էլ լիներ բլոկ-պոստ, քանի որ գյուղը առաջնագծի մոտ էր․ տներից ադրբեջանական դիրքն ընդամենը 800-900 մետր հեռավորության վրա էր։ Գյուղի տներն ու դաշտերը նշանառության տակ էին գտնվում։ Երեք տարվա ընթացքում մշտական կրակոցներ են եղել, խանգարել են գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը, բայց մարդիկ ապրել են գյուղում, շարունակել են աշխատանքը։ Եվ մենք տարբեր խողովակներով խնդրում էինք, որ մոտակայքում ռուսական մի փոքր բլոկ-պոստ տեղադրեին, որովհետեւ իրենց պոստերը շատ հեռու էին։ Մեզ ամենամոտ պոստը մի 15 կմ հեռու էր՝ Շոշ գյուղից ներքեւ, դեպի Շուշիի հատվածը, մյուս պոստն էլ գտնվում էր Կարմիր Շուկայի հատվածում։ Մենք մտածում էինք, որ եթե լայնածավալ հարձակում սկսվեր, շատ դժվար կլիներ, մենք դա գիտակցում էինք։ Բայց, մյուս կողմից, որտեղ էլ որ կային ռուսները, համարյա թե ոչինչ չարեցին։ Ես գիտեմ, որ Շոշ գյուղում հետեւյալն է տեղի ունեցել՝ երբ մնացել են շրջափակման մեջ, ռուսները նրանց զինաթափել են ու տեղափոխել Ստեփանակերտ, դա են կատարել։ Բայց դա արդեն ռազմական գործողություններից հետո։ Իսկ գործողությունների պահին պաշտպանություն մենք չենք տեսել։ Մարդկանց հույսն այն է եղել, որ իրենց ներկայությունը կա, բայց պարզվեց, որ հուսախաբվել են»,- ասաց համայնքի ղեկավարը։
Էդվարդ Մուսայելյանի խոսքով՝ գյուղից տարհանումը միանգամից է տեղի ունեցել, քանի որ պատերազմը միանգամից է սկսել։ «Թեկուզ վերջին երեք տարիներին միշտ էլ սպասում էինք, բայց այդպիսի լայնածավալ հարձակման սցենարը չէինք դիտարկում։ Հենց վատն էլ դա էր, որ չէինք դիտարկում։ Երբ հարձակումն սկսեց, մեր դիրքերը պահում էին աշխարհազորը, բանակ չկար մեր հատվածում։ Այդ պահին հենց մեր գյուղի տղաներն էին դիրքերում։ Երիտասարդների մեծ մասը դիրքերում էին, գյուղում տարեցներին ու միջին տարիքի մարդիկ էին, կանայք, երեխաներ։ Իրենք տարհանվեցին, իսկ տղաները մինչեւ վերջ մնացին դիրքերում՝ մինչեւ տարհանումն ապահով կատարվեց։ Հասկանալի է, որ անհավասար ուժերի պայմաններում հնարավոր չէր դիմակայել։ Նրանք շատ արագ շրջանցեցին մեր գյուղերի ու դիրքերի թիկունքը։ Մեր գյուղը հայտնվեց այդ վիճակում, գյուղի միակ ճանապարհը դեպի Ստեփանակերտ արդեն վերահսկում էին ադրբեջանցիները եւ գյուղի թիկունքային մասում արդեն դիրքավորվել էին։ Մենք շուտափույթ հասցրինք Խաչմաչ գյուղի դաշտային ճանապարհով մարդկանց տարհանել։ Էլի վախը կար, որ մեքենաները կգնդակոծեին, քանի որ բաց տարածք էր, իրենց աչքի առաջով էինք անցնում։ Դրա համար շատերը նախընտրեցին ոտքով տարհանվել, ովքեր կարող էին, մի քան կմ ոտքով հրետակոծության տակ տարհանվեցին։ Եթե նախօրոք հարձակման մասին ինֆորմացիա լիներ, մեզ տարհանման համար ընդամենը մեկ ժամ էր պետք, շատ հեշտ կկազմակերպեինք տարհանումը։ Բայց արդեն սկսվելուց հետո շատ դժվար էր, գրեթե անհնարին էր դա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Էդվարդ Մուսայելյանի խոսքով՝ 2020 թվականից հետո արցախցիները վերադարձել էին այն հույսով, որ ռուս խաղաղապահները թույլ չէին տա լայնածավալ հարձակում։ «Փոքր միջադեպեր ու կրակոցներ միշտ եղել էին, մարդիկ դրան հարմարվել էին, չէին վախենում, բայց լայնածավալ հարձակմանը պատրաստ չէր Արցախի Պաշտապանության բանակը»,- ասում է մեր զրուցակիցը։ «Դրա համար բնակիչներն էլ սկսեցին բարձրանալ դիրքեր ու պաշտապանել իրենց տները»,- ասաց նա։
Էդվարդ Մուսայելյանը նշում է, որ յուրաքանչյուրը կարծում է, որ Արցախի էջը փակված չէ։ «Բայց եթե խոսենք ռեալությունից, այս պահին վերադարձի հնարավորություն չեմ տեսնում։ Այն աշխատանքները, որոնք այսօր կատարվում են, անհնար է, որ այդ ճանապարհով կարողանանք հասնել ինչ-որ հաջողության։ Պետք է մեծ աշխատանք կատարվի այդ ուղղությամբ, բայց Արցախ վերադառնալու հարցում արցախցիների հույսը միշտ կա, մենք երբեք չենք կարող մոռանալ մեր հայրենիքը, այդ ցավը երբեք մեր միջից դուրս չի գա, հարմարվել չի լինում։ Վերադարձի դեպքում պետք է անվտանգության կայուն երաշխիքներ լինեն։ Մարդիկ անցել են այդքան պատերազմների միջով, էլի են ցանկանում վերադառնալ, բայց եթե մեկ անգամ էլ փորձեն խաբվել, ինչպես եղավ 2020 թվականից հետո, եւ կայուն երաշխիքներ չլինեն, մարդիկ չեն հավատա։ Հասկանալի է՝ ինչի մասին երազում էինք նախկինում, դա չի լինի, բայց ինչ-որ երաշխիքների պայմաններում հնարավոր է, որ մարդիկ վերադառնան»,- ասաց նա։
Step1.am