Քարագլուխ – Շիկաքար․  Կորուսված Հայրենիք

  • 08:46 04.04.2024

Գյուղի պատմությունը սկսվում է առնվազն XII –XIII-րդ դարերից, որի  մասին վկայում են նշված ժամանակաշրջանի խաչքարերը։

Հիշյալ դարերում բնակավայրը հիշատակվում էր Քարագլուխ անվանումով, որն առաջացել է գյուղի ունեցած բարձր լեռնային դիրքից։ 19-րդ դարի կեսերին և խորհրդային իշխանության տարիներին՝ Դաշբաշի, որը Քարագլուխ անվան թուրքերեն թարգմանությունն էր։ Երբեմնի գյուղը հայտնի էր նաև «Արավուս» անվամբ, քանզի այնտեղ էին հաստատվել բնակիչներ Սյունյաց համանուն բնակավայրից։ Նախկինում անվանվել է նաև Արավուզ, Արավուս, Արաուս, Շիկաքար, Քրըգլոխ։

Իսկ Շիկաքար բերդի սկզբնական շինարարության մասին պատմական աղբյուրները ստույգ տեղեկություններ չեն հաղորդում։ Հայտնի է, որ 9-րդ դարի սկզբին այն հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանի կենտրոնավայրն էր։ Արի և շքեղատեսակն Սահլի Սմբատեան Եռանշահիկն տէր, այսպես էր բնութագրում Մովսես Կաղանկատվացին Շիկաքարի տիրակալին։

Քարագլուխը մորական պապիս գյուղն է, մորական տատս, ում ես չեմ տեսել, թաղված է այնտեղ, 13-րդ դարի հայտնի գեղաքանդակ խաչքարերից ոչ շատ հեռու։

Երբ գյուղը լքվել է, մերոնք Քարագլխից իջել ու տնավորվել են Խրամորթ գյուղում։ Ես փոքր երեխա էի, ու հիշում եմ, որ ծնողներիս հետ գնում էինք պապիկենց տուն։ Ոտքով Խրամորթից լեռն ի վեր բարձրանում էինք գյուղ, ու միշտ տեղ էինք հասնում օրը մթնած։ Իմ հիշողության մեջ շատ բան էր տպավորվել Քարագլխից, հատկապես Ներքին ջուր կոչվող աղբյուրի մոտ կանանց հավաքն ու հետաքրքիր զրույցները։ Բայց հետո էլ չգնացի, ինձ չտարան։

Անցան տարիներ, Քարագլուխ գնացի 2021 թվականի ամռանը, երբ վերջապես ականի վրա պայթելու ներքին վախս փոքր ինչ հաղթահարել էի։ Մեզ ուղեկցեց ծնունդով Քարագլուխ գյուղացի Շահեն Աղաջանյանը։ Գյուղատեղին կատարյալ լռության մեջ էր, տները, ավելի ճիշտ, ինչ մնացել էր տներից՝ թաքնված փարթամ բուսականության մեջ։

Հիշողության թելը բռնած Շահենի հետ մտանք գյուղ։ Ուղղությունը դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նեղլիկ կածանով իջնելուց մեկ էլ Շահենի դեմքին ջերմ ժպիտ հայտնվեց,- սա իմ պապական տունն է, այստեղ եմ ես ծնվել։ Իմ հարցին ի՞նչ եք հիշում, ի՞նչ կարող եք պատմել, ծիծաղելով հարցին հարցով պատասխանեց,- տեսնու՞մ եք այս 5 մետրանոց տունը, այստեղ ապրել են մայրը, որդին, հարսն ու 5 թոռները, որոնցից մեկն էլ ես էի։ Հայրս ու մայրս մի վարագույր կապած են կողմին էին քնում, որտեղ էլ 5 երեխա արարեցին, մենք էլ իրար գլխի էս կողմում։ Երբ շատ անձրևներ էր գալիս, քանի որ տանիքը հողաշեն էր, տանը կաթում էր, տենց էտ կաթոցներից փախեփախ անելով մեծացանք։ Մեր հարևաններն էլ Շիրին դային էր, Երեմ դային էր․․․ես մեր գյուղից ոտքով ամեն օր գնում էի հարևան գյուղի դպրոցում սովորելու, անձրևին, արևին ու ձմռանը, էս լեռը իջնում, բարձրանում էի։

Իսկ ես հիշում եմ Արթուն դայուն, Ռոզա հասիին, նրանց կարմրաշեկ շանը։ Տատիկիս փայտե խնոցին, որի պատրաստած կարագը անմահական համ ուներ։

Հաջորդ կանգառը եկեղեցու մոտ էր, հնարավորինս մաքրեցինք, նկարեցինք, շարժվեցինք դեպի բերդը։ Առաջինը, որ շատ տարօրինակ ու անտրամաբանական էր, դա նման ռազմավարական բարձունքում մեր մարտական հենակետի բացակայությունն էր։ Չնայած 2022-ի մարտին կատարվածի ընթացքը դա դժվար փոխեր, բայց ամեն դեպքում, ըստ իս պետք էր ամրանալ այդտեղ։

Մտանք 13-20-րդ դարերով թվագրվող  գերեզմանոցը, ուր, ինչպես նշել էի, մորական տատս է թաղված։ Այնտեղ բացառիկ միջնադարյան գեղաքանդակ խաչքարերն էին կանգնած, մեկը ջարդված։ Հիշեցի պապիս պատմածը, որը փոքր ինչ հեռու է պատմական իրականությունից։ Պապս հպարտորեն պատմում էր, թե այդտեղ Սմբատ թագավորի 7 եղբայրներն են թաղված։ Հավանաբար Սահլ Սմբատին նկատի ուներ։ Մի ամբողջ պատմություն կա այդ գերեզմանոցում, որտեղ մեր երկիրը բռնազավթած քոչվորներից հետք չես գտնի, բայց արի ու տես, որ անկաշկանդ գողանում են, ոչ միայն մեր հայրենին, այլև մեր կենսագրությունն ու մշակույթը։

Այդ բացառիկ ռազմավարական կետը միշտ թշնամու նշանառության տակ էր, պատմական տարբեր հանգրվաններում եղել է ռազմական գործողությունների կիզակետում, որովհետև այնտեղից վերահսկվում ոչ միայն իր անմիջական շրջակայքը, այլև Ակնայի հարթավայրը, Խաչենի հովիտը, ընդհուպ մինչև Ստեփանակերտը։ Ու պատահական չէ, իրեն ապահովագրելու և մեզ վերահսկելու թշնամու մղումը։

Շատ ուժեղ էներգետիկայով լի տարածք էր Քարագլուխը, այնպես որ անընդհատ ուզում ես ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։ Իսկ այնտեղ մնացել են իմ խոր արմատներն ու մանկության հետքերը, որից կտրվելը նշանակում է պարզապես չլինել։

Արմինե Հայրապետյան