Ճեղքելով սահմաններ

  • 18:24 04.04.2024

Լրագրողներս, հաճախ, նյութի «հերոս» ենք փնտրում, պատմում նրա մասին եւ հաճախ էլ մոռանում։ Գուցե բնական է, բայց ես փորձում եմ հետեւել իմ «հերոսների» կյանքին՝ որքանով դա հնարավոր է։

Մեր կյանքի մի քանի պատերազմներն ու արտագաղթը ծանոթ, հարազատ դեմքերին սփռել են աշխարհով մեկ՝ պայքարի նոր ուղիներ մատնանշելով բոլորի համար։

 

Խնամված մազեր՝ նույնիսկ պատերազմի ժամանակ

Սիրանուշ Սարգսյանը 2020թ․ պատերազմի ժամանակ կատարել է տարաբնույթ կամավորական աշխատանքներ՝ հաց թխելուց մինչեւ արտասահմանցի լրագրողների ուղեկցում։

 

Մասնագիտությամբ քաղաքագետ է․  առավոտյան ռումբերի ձայնից արթնացածի համար դժվար էր պատկերացնել, որ պատերազմը երկար կարող է տեւել, բայց մի օր, քիչ էր մնում  ռումբերի զոհ դառնար։

 

 

2020թ․ պատերազմի ընթացքում հասկացավ, որ տիրապետելով անգլերենին եւ ճանաչելով Արցախը, կարող է օգնել լրագրողներին։ Ամեն օր սպասում էր պատերազմի ավարտին, ռուս լրագրողներից մեկը փորձեց «սփոփել իրեն»․ հոկտեմբերի վերջն էր։

Քարտեզի վրա սեղմված, փոքրացած Արցախում ապրելը Սիրանուշի համար այլընտրանք չուներ։ Ինչպես շատերը, նա էլ էր այն գիտակցմանը, որ Արցախում ապրելը Արցախը հայկական պահելու միակ միջոցն է։

 

Բլոկադա «Tweeter»- ի աստղ Սիրանուշը

Մեզ «խոստացված» 5 խաղաղ տարիներից երկրորդը վերջացավ Արցախում հնչած նոր տերմինով՝ շրջափակում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ին փակված սահմանը կարող էր «բացվել» միայն գրեթե մեկ տարի հետո։

«Նույնիսկ մինչեւ բլոկադան, երբ տեսանք, որ ոչ լրագրող է գալիս, ոչ սփյուռքի մեր հայրենակիցներն են կարողանում գալ Արցախ, սկսեցի ինձ բանտարկված զգալ»,-ասում էր Սիրանուշը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մեր զրույցում։

Բայց բանտի դռները ավելի ամուր կողպվեցին եւ ինչպես ասում է՝ ստիպված էր ինքը դառնալ այն «հեռադիտակը», որով աշխարհին տեսանելի կլիներ Արցախը։

Սկզբում Tweeter-ում նոթեր անելով, հետո արդեն դժվարությամբ, բայց սկսեց համագործակցել միջազգային մամուլի հետ, որովետեւ, ինչպես ասում է՝ «մենք աշխարհին հետաքրքիր չէինք», բայց այնուհանդերձ Արցախում բազմամարդ հացի հերթերի նկարները, թվերը, ողջ գիշեր հացի սպասող մարդկանց դեմքերը հայտնվում էին միջազգային հեղինակավոր  լրատվականներում։

Որպես լրագրող Սիրանուշը 2 ճակատում էր պայքարում՝  «անտարբեր» խմբագիրների եւ հերթերից հոգնած հայրենակիցների, որոնց համար բարդ էր հասկանալը, թե ինչու են իրեն նկարում։

 

Սիրանուշի՝ պատերազմ, գաղթ լուսաբանած լրագրողի աշխատանքները ավելի մեծ պահանջարկ ունեցան, «Թվապատում» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նա հատուկ մրցանակ ստացավ, այնինչ՝ ամեն ինչ կտար, միայն թե հայրենիք ունենար։

 

Մրցանակի արժեքն իր կյանքում։ Սուրճ խմելիս՝ անգամ մեղքի զգացում

 

Ֆլետչեր՝ փակ սահմաններից մարտահրավեր

«Դեռ բլոկադա էր, ամենամեծ դժվարությունը՝ փակ սահմաններն էին։ Ուտելիքի սղությունն ինձ այնքան չէր ճնշում, որքան փակ սահմանը։ Ուզում էի գոնե մտովի մարտահրավեր նետել փակ սահմանին։ Դիմելով՝ փորձել եմ նախ մտքում ճեղքել սահմանը, եւ գուցե սահմանը կբացվեր»,-  հիշում է Սիրանուշը, ով այսօր իրավունքի և դիվանագիտության  ԱՄՆ ամենահեղինակավոր դպրոցներից մեկի ուսանող է։

«Ես պետական ծառայող էի Արցախում, հենց պետական ծառայողների համար էր այս դասընթացը։ Հիմա դժվար է ընդունել կարգավիճակս ՝ չկա պետությունս»,-ասում է  Սիրանուշը։

Չկա Արցախի Հանրապետությունը, բայց ինչպես ինքն է ասում՝ կա «միսսիոները», ով հիմա ԱՄՆ-ում ցավով է  հասկանում, որ Արցախի մասին շատ քիչ գիտեն, մեր անցած տառապանքին անծանոթ են, փախստականների մասին խոսելիս երբեք մեր անունը չեն հիշատակում։

«Ամենուր ասում եմ որտեղից եմ եկել, գուցե չափն անցնում եմ, բայց կապ չունի, 2 հոգանոց լսարանից մինչեւ 800 հոգանոց՝  խոսում եմ, հետ վերադարձի իրավունքի, հավատքի իրավունքի՝ մեր եկեղեցիներ ու գերեզմաններ այցելելու մասին, եւ այն ամենի, ինչն ինչ-որ կերպ կարող է ներկայացնել մեր իրավունքը»,- պատմում է Սիրանուշը։

                                                                             

Քաղաքագետ-փորձագետ, լրագրող եւ նորից քաղաքագիական դպրոցի ուսանող, մասնագիտություններ, որ հաջորդում են իրար։

Ավելի շատ լրագրող, թե՞ քաղաքական գործիչ կուզեր լինել՝ հարցիս այսպես է պատասխանում․

«Սովորաբար լրագրությունից են անցում կատարում քաղաքականություն։ Ինձ մոտ հակառակն էր»,- ասում է եւ շարունակում, որ քաղաքականություն մտնելու փորձեր կատարել է Արցախում, որովհետեւ այնտեղ էր ուզում միջավայր փոխել, իր տեսլականները Արցախի համար էին, հիմա իրեն ավելի լավ է զգում, երբ խնդիրների մասին խոսում է որպես լրագրող եւ հաճախ էլ՝ մասնակցում դրանց լուծմանը։

Ես հաճախ էի շրջագայում եւ այստեղ երբեմն ինձ նորից զբոսաշրջիկ եմ զգում։ Հեռվից կարոտս Արցախի հանդեպ ավելի ուժեղ է, այստեղ ավելի ծանր է իրականությունն ընկալելը եւ հիշելը, որ դու՝ զբոսաշրջիկդ, էլ վերադառնալու տեղ չունես, տուն չունես»,-ասում է գրեթե 5 ամիս առաջ հայրենազրկված Սիրանուշը։

Մարիամ Սարգսյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում