
ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում ասաց, որ նախ եւ առաջ քաղաքական եւ անվտանգային երկխոսություն են ծավալում Հայաստանի իշխանությունների հետ։ «Համագործակցության երկրորդ ուղղությունը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է Հայաստանում, որը մշտադիտարկում է սահմանի հայկական կողմից իրավիճակը։ Նաեւ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակին»,- նշեց նա։
Մարագոսն ասաց, որ տնտեսական եւ ներդրումային ծրագիրն արդեն 550 մլն եվրոյից ավելի գումար է մոբիլիզացրել։ Շարունակում են աշխատել Սյունիքում, եւ ԵՄ անդամ երկրների կողմից արդեն 120 մլն եվրոյից ավելի գումար է նորդրվել Սյունիքում։
«Վերջում երեք կետ կուզեմ ընդգծել, նախ եւ առաջ սեփականության զգացողություն։ Շատ հաճախ հարցնում են՝ ո՞րն է Եվրամիության նպատակը Հայաստանում։ Ես պատասխանում եմ՝ նոր գործընկերության օրակարգը ձեւավորվում է եւ կձեւավորվի երկու կողմերից։ Նպատակն է ձեւավորել մի օրակարգ, որն էլ ավելի կխորացնի մեր գործընկերությունն ու համագործակցությունը։ Մենք ունենք համատեղ արժեքներ, մենք համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների եւ իրավունքի վրա։ Այն բարեփոխումները, որոնց մասին մենք խոսում ենք, հարկավոր է, որ լինի սեփականության եւ սեփականատիրոջ զգացողություն թե իշխանությունների, թե քաղհասարակության, թե ինստիտուտների, բոլորի կողմից։ Ունենք հիմքը, պետք է համոզվենք, որ դա արդյունավետ կաշխատի»,- ասաց նա։
Մյուս կետերով դեսպանը կարեւորեց օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը՝ շեշտելով, որ լավ աշխատող, անկախ դատական համակարգը կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ «Մյուսը մեր աջակցությունն է փախստականներին։ ԵՄ-ն իր անդամ պետությունների հետ արդեն 60 մլն եվրո է մոբիլիզացրել այս ուղղությամբ։ Հիմա ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության հարցը՝ բնակարանաշինություն, ապրուստ»։