
Հայ զինվորը դիմադրեց 2016 թվականի ապրիլի 2-ին սկսված 4-օրյա պատերազմում՝ ի հեճուկս Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի մի մասի դավաճանության։
Հայ զինվորի դիմադրությունը և 2016 թվականի հուլիսյան ապստամբությունը հետաձգեցին ռուս-թուրքական տանդեմի կողմից պլանավորված ավելի լայնածավալ պատերազմը։
4 օրյա պատերազմը հետախուզություն էր մարտով և մեծ մարտից առաջ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռուսներն ու թուրքերը, հաշվի առնելով հայկական բանակի կամքն ու ոգին, ինչպես նաև վերակազմավորելով իրենց ռազմաքաղաքական ուժերը, անցան շատ ավելի լայնածավալ հարձակման։
2016 թվականի ապրիլի 6-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք ունեինք 4 ու կես տարի, որպեսզի կանխենք Արցախի անկումը:
Բայց 4 ու կես տարի մենք զբաղված էինք պետություն կառուցելու իմիտացիայով: Մինչև 2018 թվականը շարունակվում էր հայկական բանակի և տնտեսության թալանը, իսկ 2018 թվականից հետո նույն այդ գործընթացն օրինական տեսք ստացավ։
Բայց 4 ու կես տարի մենք մնացինք ռուսական գաղութային կախվածության ներքո: Մինչև 2018 թվականը՝ առանց խաղերի, իսկ 2018 թվականից հետո՝ նույնպես շարունակում էինք մնալ ռուսների տակ, պարզապես ավելացավ կեղծ հեղափոխությունից բխող պոպուլիզմը:
4 ու կես տարի ոչ մի քայլ չարվեց “ազգ-բանակ” հայեցակարգին հասնելու համար: Մինչև 2018 թվականը զուտ կենացներ, իսկ 2018 թվականից հետո բանակի համար “շապիկներ և վարտիքներ” և ելակներ:
4 ու կես տարի Արեւմուտքի հետ դաշնակցային կապեր հաստատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Մինչև 2018 թվական խորացվել է Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի կազմում անդամակցությունը, իսկ 2018 թվականից հետո՝ շարունակելով մնալ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, մերժվեցին Երևան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկները, իսկ 2020 թ պատերազմի օրերին մերժվել են Արևմուտքից եկած առաջարկները։
2020 թվականի պատերազմի ժամանակ և առ այսօր, Հայաստանում, ինչպես և վերջին 103 տարիներին, գործում է ռուս-թուրքական ռազմաքաղաքական վերնախավը։ Բայց եթե մինչև 2020-22 թվականը ռուսական համամասնությունը գերակշռում էր թուրքականին, ապա 2020-22 թթ.-ից հետո Արցախի մեծ մասի կորստի և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով, Հայաստանյան ռուս-թուրքական համակարգում ռուսական համամասնությունը նվազել է, իսկ թուրքական գործոնը՝ մեծացել:
Այսօր, երբ ժամանակավորապես կորցրել ենք Արցախը, մենք կանգնած ենք մի փաստի առաջ, երբ Ռուսաստանը հեռանում է, իսկ Արևմուտքը մտնում է տարածաշրջան: Հայ ժողովուրդը ստացել է ռուս-թուրքական ճահճից դուրս գալու և խորհրդային Լենին-Քեմալ 29800 քառ. կմ-ից ազատվելու հնարավորություն։
Տարածաշրջանային ճարտարապետության 29800 քառ. կմ հայեցակարգում մնալու դեպքում Հայաստանը կմնա օբյեկտի կարգավիճակում և թուրքական վիլայեթի վերածվելու մշտական վտանգի ներքո, եթե անգամ դառնա Արեւմուտքի մաս։
Առանց Արցախը Հայաստանի կազմ վերադարձնելու` Հայաստանը ապագա չունի: