Փաշինյանի ուղերձը միայն ֆաշիզնմի դեմ պայքարի մասին է, Շուշին չի հիշատակվել

Այսօր մայիսի 9-ի երբեմն եռատոնի առթիվ ուղերձում Նիկոլ Փաշինյանը գրել է միայն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մասին, չհիշատակելով Շուշիի ազատագրման օրը 1992 թ․։

2023 թ․ մայիսի 9-ի ուղերձում Շուշին դեռ հիշատակվում էր․

“Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ”:

Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց հաստատ նա Շուշիում չէ

Այդ մասին «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, պատասխանելով հարցին, թե ո՞ւր է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։

“Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ”։

Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը գնացել է Շուշի։ Ֆրանսիայի դեսպանը փաստորեն ասում է, որ Փարիզը իր դիրքորոշումը չի փոխել եւ չի ճանաչում ուժի կիռարմամբ Արցախի զավթումը։ Դեսպանի խոսքերի մեջ նաեւ կշտամբանք կա Հայաստանի եւ ԱՄՆ-ի հանդեպ, որոնք, փաստորեն, զիջեցին ռուս-թուրքական տանդեմին։ Դրա վկայությունը՝ մայիսի 10-ին Ալմաթիյում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումն է։ Եւ այն, որ Հայաստանը, փաստորեն, էլ չի իշատակում Ալմաթիի հռչակագիրը։

Օլիվյե Դեկոտինյին ասաց․ “Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին”։

Նա չնշեց, որ Ալիեւը Մոսկվա գնալուց հետո հրաժարվեց Ալմաթիի հռչակագրից, եւ Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսում եւս չխոսեց այդ հռչակագրից։

Ֆրանսիայի դեսպանը, օրինակ բերելով սեփական երկիրը, փաստորեն ասաց, որ եթե Հայաստանը նույնիսկ զենք ունենա, հաջողության համար դոկտրին է պետք։ Նա ակնարկեց, որ Հայաստանը չունի հաղթանակի դոկտրին։

“Հայաստանը մի երկիր է, որի տարածքը մասամբ օկուպացված է, և որին սպառնում են տարածաշրջանային տերությունները”, ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ “Ֆրանսիան երեք անգամ Անվտանգության խորհրդում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցը՝ ինչպես շրջափակման ժամանակ, այնպես էլ Ադրբեջանի հարձակումից հետո: Անվտանգության խորհրդում մեկ երկիր, Անվտանգության խորհրդի մեկ մշտական անդամ, ինչպես Ֆրանսիան, կարող է արգելափակել տեքստը, բայց մի երկիր չի կարող տեքստ պարտադրել։ Չկար մեծամասնություն, որ առաջ գնար քվեարկությանը։ Վետոյի իրավունք ունեցող երկրներից ոչ բոլորն են կիսում իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետը”։

Դեսպանի հարցազրույցը տեղի է ունենում մի քանի կարեւոր իրադարձությունների ֆոնին․ նախագահ Մակրոնը եվրոպական անվտանգության նոր եւ ավելի համարձակ դոկտրին է առաջարկում, Մոսկվան ու Անկարան շտապեցնում են Երեւանին եւ Բաքվին, հասկանալով իրենց խոցելիությունը, Հայաստանում բողոքի բավական ծանրակիռ գործընթաց է սկսել։ Ինչպե՞ս կգործի Փարիզը։

Նաիրա Հայրումյան

 

Արցախցիները դեռ չեն կարող ID քարտ ստանալ Հայաստանում

Արցախից բռնի տեղահանված անձանց նույնականացման քարտ (ID քարտ) տրամադրելու գործընթացը դեռ ձգձգվում է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին  հիմնավորում են, որ նրանց մասին տեղեկատվություն չկա բազայում կամ ID քարտի վրա չգիտեն, թե ինչ նշեն որպես ծննդավայր։ Խնդիրն այն է, որ ID քարտերում որպես ծննդավայր նշվում է երկիրը, ոչ թե քաղաքը։

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ սա տեխնիկական խոչընդոտ է, որին լուծում է տրվում։ Նախատեսվում էր, որ խնդրին պետք է լուծում տրվել ապրիլի վերջին, որից հետո ՀՀ քաղաքացիություն ստացածն արցախցիները պետք է հնարավություն ունենային դիմել ID քարտեր ստանալու համար։

Սակայն Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամկետները մի փոքր էլ են հետաձգվում, գործընթացը վերջնականացման փուլում է։

 

2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց

Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

«Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-19-ին կլինի Երևանում

Սանկտ Պետերբուրգի «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-19-ին Երևանում կունենա երկու համաշխարհային սաունդթրեքերի համերգ՝ Cinema Medley “Interstellar” և “Oppenheimer”:

Շոուն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:

Դիլիջանում մեկնարկած ծրագիրն այս փուլում թևեր է տալիս արցախցի 70 երեխայի

«Թևեր ստանալու ամենահեշտ միջոցը դրանք ուրիշին պարգևելն է»։ Այդ մասին հայտնում է “Մենք ենք մեր սարերը”
Մեր նվիրատուների շնորհիվ հնարավոր դարձավ Դիլիջանում մեկնարկել «Թևեր» վերականգնողական ծրագրի նոր եռամսյա փուլը: Այս փուլում մենք թևեր ենք տալիս Արցախից բռնի տեղահանված 70 երեխայի և 41 ծնողի:
«Թևեր» ծրագրի շրջանակում Դիլիջանում բնակվող արցախցի երեխաները ճանաչողական ինտերակտիվ արշավների միջոցով ծանոթանում են Դիլիջանի պատմամշակութային անցյալին, սովորույթներին և բնությանը:
Արտթերապիայի ժամերին ծնողներն ու երեխաները զբաղվում են կավագործությամբ և կիրառական արվեստի իրերի գունազարդմամբ:
Ակտիվությունը կրկնապատկվում է ժամանակակից մարզասրահում, որտեղ երեխաները մարզչի հետ կոփում են իրենց մարմինը:
ֆիզիկական պատրաստվածությանը զուգահեռ կարևորվում է նաև մտավոր մարզավիճակը, որը լրացվում է շախմատային մրցաշարերով:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Dilijan Community Center Դիլիջանի համայնքային կենտրոն համագործակցությամբ:
Մենք տալիս ենք նոր թևեր, վստահություն և հույս ապագայի հանդեպ:
Շնորհակալություն մեր նվիրատուներին, որոնք իրենց աջակցությամբ մեզ հնարավորություն են տալիս շարունակել այս կարևոր առաքելությունը և երեխաներին օգնել վերագտնել իրենց ուրախությունը:

Սարգիսի որդի Պալասանի տապանաքարը․ Քաշաթաղ

Սարգիսի որդի Պալասանի տապանաքարը, թվագրված հայոց ՌՃԼԲ, մեր թվարկության 1683 թվականով, կանգնեցվել է Քաշաթաղի Ղուշչի գյուղում։ Թե ովքե՞ր են հայր և որդի Սարգիսն ու Պալասանը, հայտնի չէ, բայց որ նրանք այդ գյուղի բնակիչներ էին ու հիշատակի քար են թողել հայրենի բնօրրանում, դա միանշանակ։ Անշուշտ կհայտնվի մեկը, դժբախտաբար նաև հայտնվել է, և անգրագետ գոռոզությամբ կհարցնի, ի՞նչ կապ ունի Ղուշչին մեր Հայրենիքի հետ։

ԱՀ Քաշաթաղի շրջանի Ղուշչի գյուղը գտնվում է Միրիկ գյուղից հարավ, Աղավնո գետի աջափնյա ձորակում։ Քանի որ վերջինս ավերված ու անմարդաբանակ էր, տարածքը ներառված է Միրիկի համայնքի մեջ։ Իսկ նախկինում այն Սյունիքի Աղահեջք գավառի մաս էր կազմում։ Գյուղը նույն անունով առաջին անգամ հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի մոտ, որպես Տաթևի վանքին հարկատու գյուղ։

Իսկ Քրիստինե Կոստիկյանի հայտնաբերած 1691/92թ. պարսկերէն փաստաթղթում հանդիպում ենք Քուշթասիֆի (Քաշաթաղ գավառը Սեֆյան Իրանի վարչական անվանակարգում) 13 գյուղանունների հիշատակում, որոնք համահունչ են նոյն ժամանակի (17 դ. վերջ – 18դ. սկզբներ) արձանագրված Քաշաթաղ գավառի Տաթևի վանքապատկան գյուղանունների հետ, որտեղ ի շարս այլ գյուղանունների հիշատակված է նաև Ղուշչին։

Ղուշչի գյուղի տարածքը հարուստ է թե հնագիտական և թե պատմաճարտարապետական հուշարձաններով՝ եկեղեցի, ամրոց, դամբարանադաշտ։ Ամենահայտնին 12-13-րդ դդ Մկնատամի խաչ եկեղեցին է։

Երբ մահմեդական քոչվոր, ավարառու  ժողովուրդները ասպատակեցին այս տարածաշրջանը, բնիկները սկսեցին դուրս մղվել, իսկ նրանց թողած հոգևոր–մշակութային ու պատմական ժառանգությունը ավերվել բարբարոսների կողմից։

19-րդ դարի վերջերին Աղավնոի հովիտ այցելած Երվանդ Լալայանը արձանագրել  է․ Չրախլուի եկեղեցիները խոտանոցներ են դարձած, Կատոսի, Սունասարի եկեղեցիները իբր փարախ կամ գոմ են ծառայում։

Իսկ խաչքարերն ու տապանաքարերը ծառայում էին որպես շինանյութ՝ տարբեր մահմեդական ժողովուրդներից կերտված ադրբեջանցիների համար։ Դրանց տան պատերին հաճախ ենք հանդիպում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ։

Իսկ ահա Սարգիսի որդի Պալասանի «բախտը բերել է», նրա պատկերաքանդակ ու արձանագիր տապանաքարը չի ջարդվել, ամբողջական է օգտագործվել, որպես շինանյութ։  Ու դարեր անց տարածք վերադարձած տերերը պիտի գտնեին այն ու իմանային, որ շատ տարիներ առաջ, այստեղ ապրել են Սարգիսն ու իր որդի Պալասանը ու օղորմի ասեն։ Տապանաքարի ճակատագիրը անհայտ է։

Արմինե Հայրապետյան

1985 թ․․ Առաջին տեղը զբաղեցրել է Մեծ Թաղերի դպրոցը

Սովետական շրջանում գարնանային արձակուրդների ժամանակ ստուգատես էր դպրոցներում: Արխիվները  թերթելիս  պատահական գտել ենք 1985 թ. «Կոլտնտեսական» թերթի հոդվածը Հադրութի գյուղերում իրականացվող գեղագիտական դաստիարակությանը նվիրված ստուգատեսի մասին:

Թերթի խմբագրությունը գտնվում էր Հադրութ քաղաքում, թերթը տպագրվում էր Հադրութի շրջանային տպարանում:

1985 թվականի մարտի 30-ի գեղագիտական դաստիարակության ստուգատեսը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40 ամյակին: Ստուգատեսին մասնակցել է շրջանի ութամյա դպրոցների մեծ մասը:

Միջոցառումների ժամանակ աշակերտները արտասանում, երգում և պարում էին: Այդ տարի առանձնանում էին Մեծ Թաղերի, Մարիամաձորի, Ջրակուսի, Թաղասեռ, Հադրութի Մ.Մանվելյանի դպրոցի աշակերտները: Ըստ արդյունքների 1-ին տեղը զբաղեցրել էր Մեծ Թաղերի դպրոցը:

Քրիստինե Ալավերդյան

Փոփոխություններ երեխաներին դպրոցներում ընդգրկելու և տեղափոխելու կարգում

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ըստ այդմ՝ սահմանվել է.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն նաև այն երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել, և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լրանում է նրանց 7 և 8 տարին.

հաջորդ սեպտեմբերից՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ` ընդհանուր հիմունքներով:

Եթե որևէ պատճառով 9-ից  բարձր տարիքի երեխան առհասարակ  դպրոց չի հաճախել, ապա նրա  ընդգրկումը հանրակրթության մեջ կատարվում է՝ համաձայն 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-Ն հրամանով հաստատված  կարգի:

Սահմանվել է նաև, որ հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է գործող կարգի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝ հետևյալ սկզբունքով.

ա) 1-ին կուրսից` 10-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

բ) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

գ) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում:

3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից տեղափոխման հնարավորությունն ընձեռվում է՝ հաշվի առնելով սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության դեպքերը (օրինակ՝ վարքի կամ բացակայությունների պատճառով ՆՄՄԿ հաստատություններից հեռացման կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չլինելու հանգամանքը):

Այս դեպքերում տեղափոխությունն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան փաստաթղթեր  ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:

Ասում են՝ հակառակ դեպքում հայ ժողովրդին կբնաջնջեն, պատերազմ կլինի, բոլորին կսպանեն։ Սա պրիմիտիվ ու կեղտոտ խաղ է

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ են ցույց տալիս գործընթացները, եվրոպական ու ամերիկյան հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունները չկա՞ն, արդյոք ՌԴ հովանու ներքո՞ է այսպես կոչված սահմանազատման գործընթացը տեղի ունենում։ Այս համատեքստում կան տեղեկություններ, որ հնարավոր է ռուս սահմանապահները կանգնեն Տավուշի հատվածում։

-Փաստն այն է, որ Ալմաթիում մայիսի 10-ին պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ քննարկեն «խաղաղության պայմանագրի» կնքման հարցերը։ Այս պահին այդ գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն դժվար է անել։ Իսկ ինչ վերաբերում է Տավուշում կատարվող իրադարձություններին, ես արդեն ասել եմ, որ սահմանազատման ու սահմանագծման միջազգային կարգ գոյություն ունի։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, միջազգային կարգի հետո որեւէ առնչություն չունի, դա այլ քաղաքական նպատակներ հետապնդող գործընթաց է։

Ինչ վերաբերում է արեւմտյան հարթակին, եթե նկատել եք, ապրիլի 5-ի հանդիպումից հետո առահասարակ լռություն է տիրում, ո՛չ ԱՄՆ, ո՛չ եվրոպացի պաշտոնյաները չեն արտահայտվում։ Հասկանալի է, որ ապրիլի 5-ին ինչ-որ կարեւոր հանդիպում էր, որի հետեւանքները եւ բանակցային գործընթացի վրա արտացոլում կունենան, եւ այլ գործընթացների վրա։ Իմ կարծիքով՝ ապրիլի 5-ին չեն արդարացվել այն սպասումները, որոնք կային։ Եվ հիմա ինչ-որ մի գործընթաց է, Հայաստանի իշխանությունները ժամկետ են հնչեցրել, որ մինչեւ նոյեմբեր պատրաստ են «խաղաղության պայմանագիր» կնքել։ Նաեւ Բրիտանիայի արտգործնախարարն էր այդպիսի տեղեկություն տարածել, որ ակնկալում են՝ Ադրբեջանը մինչեւ տարվա վերջ կհամաձայնվի «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Դրանից ավելի որեւէ տեղեկություն չկա։

Նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպումը, հնարավո՞ր է քննարկվի նաեւ Տավուշում ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը։

-Գործընթացներն այս պահին ցույց են տալիս, որ Տավուշում Հայաստանի բանակը միակողմանի իր ուժերը հետ է քաշել շփման գծից։ Եվ հայտնի է, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է իրականացվել միջազգային սկզբունքի եւ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Իմ կարծիքով՝ դա մանիպուլյացիա է, որովհետեւ ի սկզբանե սահմանի դելիմիտացիայի հարցում այլ ելակետ, բացի նախկին խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի վարչական սահմանները, չէր էլ կարող լինել։

Ես այսպես եմ գնահատում իրավիճակը՝ եղած հայտարարություններից պարզ է, որ մինչեւ նոյեմբեր «խաղաղության պայմանագիր» չի լինի, պարզ է, որ պատերազմի սպառնալիքն օգտագործվում է հենց Փաշինյանի կողմից՝ որպես գործիք հայ ժողովրդի դեմ՝ միակողմանի զիջումները հիմնավորելու համար։ Ադրբեջանն իր նախապայմանները հնչեցրել է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, պետական զինանշանը, դեպի Նախիջեւան միջանցք տրամադրել։ Իշխանությունների բռնած ճանապարհն էլ վկայում է, որ իրենք այդ նախապայմաններն ընդունում են «խաղաղության պայմանագիր» կնքելու համար եւ պատերազմի սպառնալիքն օգտագործում են ընդդիմախոսների դեմ, որոնք ասում են՝ ինչո՞ւ միջազգային կարգը չի պահպանվում։ Տեսնում ենք, որ բարձրացված բոլոր հարցերը մեկ պատասխան ունեն՝ ասում են՝ հակառակ դեպքում հայ ժողովրդին կբնաջնջեն, պատերազմ կլինի, բոլորին կսպանեն։ Սա պրիմիտիվ ու կեղտոտ խաղ է՝ ուղղված հայ ժողովրդի դեմ։

Նաեւ Փաշինյանի վերջին ասուլիսից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը մերժում է Եվրամիության կազմ մտնելու առաջարկը։ Այսպես կոչված եվրոնիկոլական քարոզիչները փորձում են տարածել տեղեկություն, որ այդպիսի առաջարկ չի եղել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը սուտ բան է։ Եվ ասում են, որ Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները՝ տարածաշրջանում «3+3», իրականում «2+2»՝ Թուրքիա-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով գոյատեւելու համար՝ հանուն «բարեկեցության»։ Բանաձեւը սա է, հակառակ դեպքում հայ ժողովրդին սպառնում են, որ բոլորին կսպանեն։

Ռոզա Հովհաննիսյան

Պեգովն ու Արցախը. ինչպես կավարտվի Պուտինի «կայսրությունը»

Պուտին, Բեթղեհեմ, 2012 թ

Երեկ՝ մայիսի 7-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի երդմնակալության արարողությունը։ Նա հինգերորդ անգամ կկառավարի Ռուսաստանը։ Նա իր ելույթներում ակնարկել է ավտորիտարիզմի մասին և կոչ է արել հաղթանակ տանել Ուկրաինայի նկատմամբ։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները վերլուծել են Պուտինի ելույթը, որը նա հնչեցրել է երդման ժամանակ։

Նա ասաց, որ ինքը չի պատերազմում այլ երկրների հետ, այլ օգնության է հասնում «արտերկրի հայրենակիցներին», որոնք ապրում են Ռուսաստանի «պատմական հողերում»։ Զրույցի ընթացքում Պուտինը ակնարկել է, որ երկրին անհրաժեշտ է «ամուր ձեռք» և «ուժեղ կառավարություն»։ Նա բազմիցս ընդգծել է երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը։

Պուտինին լիովին և ամբողջությամբ աջակցում էին ռուս ուլտրաազգայնականները։

Երդմնակալությանը ներկա են եղել Z-բլոգերներ, այդ թվում՝ Կոցը և Պեգովը։ Վերջինս որոշել է Պուտինին անվանել «կայսր»՝ հիշելով նման կոչում Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ 1721-1917 թվականներին։

Սա այն նույն Պեգովն է, ով արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայերի վրա “նավոդկա” էր տալիս, ֆեյքեր էր հրապարակում ու վայելում արցախահայության անհասկանալի «վստահությունը»։ «Ռուսաստանի համար Արցախից հրաժարվելը նույնն է, ինչ հրաժարվել Ղրիմից»,- ասել է Պեգովը՝ պաշտպանելով կայսրության սահմանները։

Պուտինի կայսերական նկրտումները, ով իր նախագահության սկզբում նույնիսկ փողոց ու հրապարակ գնեց Բեթղեհեմում և բացեց Երուսաղեմում ՌԴ ներկայացուցչյուն՝«թագավորության թոմոս» ստանալու համար, այդպես էլ հաջողության չհասավ։ Նրան երբեք չեն ընդունել “արիստոկրատական ​​ակումբ”։ Բայց որպես «ոչ զտարյուն»՝ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի՝ ապացուցելու իր «կայսերականությունը»։

Պուտինը «Արցախը չզիջեց», Արցախը կխեղդի նրան։