Վերջին հարսանիքը Թալիշում` վերադարձի հույսը չի մարում

«Բռնի տեղահանումը ինձ համար պարզապես դատարկ բառեր չեն: Դեռ մանկությունից գիտեմ՝ ինչ է նշանակում փախչելով փրկվել ռումբերի պայթյուններից, կորցնել հարազատ տունը: 2016-ին դպրոցական էի, երբ առաջին անգամ լսեցի ռումբերի պայթյունները․ թշնամին մտել էր գյուղ և սպանել մի ամբողջ ընտանիք: Գյուղի մյուս բնակիչներին հասցրել էին տարհանել՝ հրաշքով:

Նույնը կրկնվեց 2020թ.-ին, երբ ես իմ ապագա երեխային էի սպասում։ Այս անգամ էլ մենք հրաշքով փրկվեցինք: 2023-ին  արդեն վախենում էի իմ երկու երեխաների համար, աղոթում էր, որ նրանց ոչինչ չլինի։»

Լիլիթ Բրուզյանը ընդամենը 20 տարեկան է, բայց պատերազմի մասին շատ բան կարող է պատմել, քանի որ Արցախի Թալիշ գյուղից է: Արցախյան բոլոր պատերազմներում գյուղը առավել շատ է ենթարկվել հարձակումների, ավերածությունների և բռնի տեղահանության:

90-ականներին գյուղը հիմնահատակ ավիրվեց ադրբեջանցիների կողմից: Չնայած դրան՝ մարդիկ վերադարձան հայրենի գյուղ` վերակառուցեցին իրենց տները, հող մշակեցին, երեխաներ մեծացրեցին:

Ամեն ինչ փոխվեց 2016 թ․-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը մտավ գյուղ, սպանեց խաղաղ բնակիչներին, իսկ ռմբակոծության հետևանքով վնասվեց գյուղի մի մասը: Մարդկանց հասցրեցին տարհանել: Այդ ժամանակ Թալիշի բնակչությունը 600 հոգի էր՝ 150-ը՝ երեխաներ:

Չնայած այն հանգամանքին, որ հակառակորդի մարտական ​​դիրքերը գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա էին, իշխանությունները որոշեցին մարդկանց վերադարձնել Թալիշ։ «Հայաստան» հիմնադրամի հետ մեկնարկել  է Թալիշի վերականգնման ծրագիրը։

Թալիշցիները դեմ չէին հայրենի գյուղ վերադառնալուն, սակայն հույս ունեին, որ խոստացված հարմարություններն ու անվտանգությունը կապահովեն։ Իսկ երբ ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին անգամ հարսանիք է տեղի ունեցել, ներկա են եղել գրեթե բոլոր գյուղացիները։

2018 թ. ապրիլի 28-ին դատարկված Թալիշում արևոտ օր էր։ Տիգրան Պետրոսյանի և Լիլիթ Բրուզյանի պսակադրությունն անցավ բոլոր ավանդույթներին համաձայն` հյուրեր, եկեղեցի, հարգանքի տուրք զոհվածների հուշահամալիրում, հանդիսությունների սրահ, երաժշտություն և կենացներ՝ ավելի լուսավոր և խաղաղ ապագայի համար:

2016-ի ապրիլյանից հետո առաջին անգամ էր Թալիշն այսքան բազմամարդ: Արցախի թեմի քահանա Տեր Մաթևոսը, որ Թալիշի եկեղեցում պսակեց նորապսակներին, ասաց, որ գյուղի համար մեծ իրադարձություն է այս հարսանիքը, և երիտասարդների որոշումը հույս ու հավատ է տալիս մարդկանց։

 «Հարսանիքից հետո մենք որոշեցինք, որ պետք է ապրենք Թալիշում։ Ամուսինս աշխատում  էր, ես էլ տան հոգսերով էի զբաղված: Որոշ ժամանակ հետո մյուս ընտանիքները ևս վերադարձան, համայնքի կյանքը կարծես վերադառնում էր իր բնականոն ընթացքին: Հույս ունեինք, որ ապրելու ենք հանգիստ և երջանիկ: Բայց 2 տարի անց նորից պատերազմ սկսվեց։»

2020 թվականի 44-օրյա պատերազմը թալիշցիներին ստիպեց հերթական անգամ դուրս գալ իրենց տներից։ Գյուղը գրավեցին ադրբեջանական ուժերը, և վերադարձնել այն այլևս չհաջողվեց։ Թալիշցիները ստիպված բնակություն հաստատեցին ՀՀ-ի և Արցախի տարբեր բնակավայրերում:

«Ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, էլի ստիպված էինք փախչել ռմբակոծության տակ։ Հասցրեցինք վերցնել միայն մեր փաստաթղթերը: Սկզբում հաստատվեցինք Մարտակերտում՝ մտածելով, որ մի օր կվերադառնանք մեր գյուղ: Հավատում էինք, քանի որ խաղաղապահները եկել էին, կառավարությունը մեծ թափով շինարարություն էր սկսել տեղահանված բնակչության համար: Այդ պատճառով, երբ մեզ առաջարկեցին բնակություն հաստատել Մարտակերտում մենք համաձայնվեցինք, քանի որ այն նաև մոտ էր Թալիշին: Տղաս ծնվեց, իսկ հետո աղջիկս: Բայց 2023-ին նորից պատերազմը սկսվեց: Այդ ժամանակ ես աղոթում էի, որ երեխաներիս բան չպատահի:»

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը սկսեց ինտենսիվորեն  հրթիռակոծել Արցախի բոլոր բնակավայրերը։ Հակառակորդը գյուղեր էր գրավում, խաղաղ բնակչությունը ապաստարաններում էր, իսկ տղամարդիկ ինքնապաշտպանությունն էին կազմակերպում։ Օրեր անց հրամանագիր ստորագրվեց Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետության լուծարման մասին։ Սկսվեց մասսայական բռնի տեղահանում, մարդիկ ստիպված գաղթի ճանապարհ բռնեցին դեպի ՀՀ:

«Մենք հասկանում էինք, որ եթե բանակը չկա, ապա մեր կյանքը վտանգի տակ է, այլևս ոչ ոք մեզ պաշտպանել չի կարող: Փոքր մեքենայով մեր և քրոջս ընտանիքը ճանապարհ ընկանք դեպի Հայաստան: Որ բոլորս տեղավորվենք՝  որևէ իր չվերցրեցինք՝ միայն փաստաթղթերը և երեխաների համար ինչ-որ բաներ: Շատ դժվարությունների միջով անցանք, բայց կարողացանք երեխաներին անվտանգ տեղ հասցնել: Ինչպես մյուս բոլոր ընտանիքները, մենք էլ Հայաստանում բախվում ենք սոցիալական խնդիրների: Մեր հոգեբանական վիճակի վրա փորձում ենք ուշադրություն չդարձնել, քանի որ  2 երեխա ունենք և պետք է հոգ տանենք նրանց համար: Բնակարան գտել ենք այնպիսի վայրում, որտեղ ի վիճակի էինք վարձը վճարել: Ամուսինս կարողացել է աշխատանք գտնել։ Հուսամ՝  հիմա մի քիչ ավելի կհեշտանա մեր կյանքը:»

Տիգրանը և Լիլիթը վաղուց այլևս չեն նշում իրենց հարսանիքի օր: Երբ դեռ Թալիշում էին, այդ օրը հավաքում էին հյուրերիին իրենց բակի մեծ ծառի թարմ գարնանային սաղարթների տակ։ Ցավոք, այդպես ընդամենը 2 անգամ այդպես հավաքվեցին` 2019թ.-ին և 2020թ-ին:

Այժմ երիտասարդ ընտանիքը միայն 2 տոն է նշում` երեխանների ծնունդները՝ այլն էլ շատ համեստ: Հարազատների հետ հավաքվում են նաև Թալիշի հետ կապված կամ հերոսների հիշատակի օրերին:

«Արցախցիների համար տարվա յուրաքանչյուր ամիսում թե՛ ողբերգական,թե՛ ուրախ իրադարձությունների հիշողություններ կան։ Բայց ողբերգական իրադարձությունները գերակշռում են մեր մտքերում։ Թերևս, Արցախ վերադառնալը կլինի ամենապայծառ իրադարձությունը այն ամենից հետո, ինչ մենք վերապրել ենք։ Երբ ինձ հարցնում են՝ կվերադառնամ Արցախ, միշտ պատասխանում եմ՝ այո։ Բայց ես նաև ասում եմ, որ չեմ ուզում, որ մեր երեխաները կրկնեն մեր ճակատագիրը։ Ժամանակին մեր ծնողները նույնպես աղոթում էին իրենց երեխաների խաղաղ կյանքի համար։ Հուսով եմ, որ մեր աղոթքները կլսվեն՝ մենք կվերադառնանք Թալիշ, որտեղ ամեն ինչ կլինի նախկինի պես, ինչպես 2016-ի պատերազմից առաջ:»

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ

Հայաստանի տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ի երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Դոն-դոներ» Երևանում. կա՞ 300 հազար ադրբեջանցիներին ընդունելու «ճանապարհային քարտեզ»

Մինչ Հայաստանում թափ է հավաքում բողոքի շարժումը, իսկ իշխանական ուժերի կողմից՝ ատելությունն ու ահաբեկումը, կեղծ թեզերը, «գետնի վրա» տեղի են ունենում շատ կոնկրետ իրադարձություններ։ Լուսանկարներ են հայտնվել, թե ինչպես են ադրբեջանական ուժերն արդեն տեղակայվել առանց մեկ կրակոցի «նվաճված» Տավուշի բարձունքում, սահմանի մի մասում «սահմանազատում» է իրականացվել, և արդեն նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Հայաստանում ադրբեջանցիների մոտալուտ բնակեցման համար։ Անգամ Դոն-Դոներ ցանցն է հայտնվել Երեւանում՝ վաճառելով շաուրմայի թուրքական տարբերակը՝ դոները։

Պաշտոնական Բաքվի հայտարարությունների համաձայն, նախնական Ադրբեջանը նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցի, գրում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Նա հիշեցնում է, որ դա տեղի կունենա Թուրքիայի երաշխավորությամբ՝ Հայաստանի անվտանգության համակարգի ամբողջական ապամոնտաժումից հետո։

Այս սցենարի իրատեսությունը բավականին բարձր է և ոչ մեկի կողմից չի վիճարկվում։ Իշխող կուսակցության ոչ մի ներկայացուցիչ կամ գիտակ փորձագետներ երաշխիքներ չեն տալիս, որ Տավուշի գյուղերի հանձնման, «սահմանազատման» և նույնիսկ «խաղաղության պայմանագրի» դեպքում Հայաստանը ապահով կլինի, և 300 հազար ադրբեջանցիներ չեն հաստատվի այստեղ։ Երաշխիքներ չկան, բայց եթե դա չարվի, կա երաշխիք, որ երաշխիքներ ընդհանրապես չեն լինի, խոստովանում են իշխանությունները։

Այս ֆոնին կոկորդը պատռում են գործող իշխանության կողմնակիցները՝ փորձելով ապացուցել, որ մեղավոր են ղարաբաղցիները, ռուսները, Սամվել Շահրամանյանը, Բագրատ Սրբազանը և այլն։ Գործող իշխանությունն ու թուրքերը բնավ մեղավոր չեն, իսկ Արևմուտքը լավագույնն էր ուզում, բայց ղարաբաղցիները հրաժարվեցին գնալ Սոֆիա՝ Ալիևի հետ հանդիպելու։ Առաջին հարցից հետո, թե Ալիևը համաձայնե՞լ է այս հանդիպմանը, և նրանք արդյո՞ք պատասխանատու են իրենց խոսքերի համար, թե «եթե Ղարաբաղը, Սյունիքը, Տավուշը, Սևանի կեսը տանք», ապա ամեն ինչ լավ կլինի, հարց տվողներին սկսում են անվանել «Ռուսաստանի գործակալ»։

Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում պետք է իշխող թիմին մի պարզ հարց ուղղի. կոնկրետ որտե՞ղ են տեղակայվելու 300 հազար ադրբեջանցիների եւ արդեն կա՞ «ճանապարհային քարտեզ»։ Արդյո՞ք դրա մեջ մտնում են Երևանի շինարարական բումն ու պետական ​​կառույցները, բուհերն ու կոնսերվատորիան քաղաքից հեռացնելու ծրագրերը, Կոնդը «պետության գերիշխանության հատուկ գոտի» հռչակելը և այլ «մաքրման միջոցառումները»։ Իսկ արդյո՞ք “փախստականներին” կտրվեն նույն «ժամանակավոր պաշտպանության» վկայականները, ինչ արցախցիներին են տրվել։ Թե՞ միանգամից ՀՀ անձնագրեր կտան։

Ինչու ԱՄՆ դեսպանը չի ցանկանում գնալ օկուպացված Շուշի

Ռուսաստանի դեսպանը Շուշիում, հուլիս, 2022 թվական

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակին տված հարցազրույցում խոսել է Շուշի մեկնելուց հրաժարվելու մասին. «Պարզ է, որ վերադարձված տարածքները մի փոքր տարբեր են։ Այստեղ ավելի շատ համակարգում է անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի շոուի մասնակից եւ ճանապարհորդել դրա շրջանակներում: Այնպես որ, երբ ժամանակը գա դա անելու, ես դա կանեմ»:

Այս հակիրճ հայտարարությունն ուրվագծում է ԱՄՆ վերաբերմունքը 2020 թվականին Արցախում տեղի ունեցածի նկատմամբ։ Դեսպանն, ըստ էության, ասում է, որ «վերադարձված տարածքները տարբեր են», և այն, որ ԱՄՆ-ն «ճանաչեց Բաքվի իրավունքը»՝ ազատագրել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները, ամենևին էլ չի նշանակում, որ իրենք պատրաստ են ճանաչել Արցախի հանդեպ ագրեսիան և ամբողջական օկուպացիան։ Իսկ այն, որ Ալիեւը հարցը լուծված է անվանում, ընդամենը շոու է, որում ԱՄՆ-ը մտադիր չէ պահեստային պարող լինել, փաստացի ասում է դեսպանը։

ԱՄՆ-ի մերժման կապակցությամբ Բաքվում հիստերիա սկսվեց. որոշ հատկապես նախանձախնդիր էակներ առաջարկում են նույնիսկ խզել կապերը «հայամետ» Ամերիկայի հետ (չնայած մի ամերիկացի կոնգրեսականի հենց նոր մեղադրանք է առաջադրվել Բաքվից կաշառք ստանալու մեջ)։ Բայց նույնիսկ Բաքվում են հասկանում, որ Շուշի գնալ չցանկացող ամերիկացի, ֆրանսիացի և այլ դեսպանների դիրքորոշումը նշանակում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ։ Հակամարտությունը չի լուծվել, Բաքուն չունի «տիտղոս» Արցախում, ինչպես որ Թուրքիան չունի տիտղոս Արևելյան Հայաստանի հողերի հանդեպ, որոնք իրեն են նվիրաբերվել 1921 թվականին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Ահա թե ինչու Բաքուն և Անկարան պահանջում են, որ Հայաստանը պայմանագիր ստորագրի իրենց հետ և ճանաչի իրենց տիտղոսը։

Ի դեպ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը դեռ 2022 թվականի հուլիսին է այցելել օկուպացված հայկական Շուշի քաղաք, սակայն դա չի օգնել Ալիևին հողի տիտղոս ձեռք բերել։

«Երբ ժամանակը գա, ես դա կանեմ»,- ասել է ԱՄՆ դեսպանը։ Վաշինգտոնը «մոտեցնում է այդ օրը, որքան կարող է», համաձայնելով Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» և Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզների հիմքով սահմանազատմանը: Բայց միայն Հայաստանի ստորագրությունը կարող է Բաքվի սուլթանին տալ Արցախի հողերի տիտղոսը։ Իսկ մինչ այդ Շուշին օկուպացված է։

Կնշանակի, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկրում քրիստոնեությունը գտնվում է վտանգի տակ

Լեւոն Հայրյանը գրում է․ 
Դեռ օրեր առաջ հարցազրույց եմ տվել երկու տարբեր լրատվամիջոցների։
Բագրատ սրբազանին այս շարժման մեջ նկատում են որպես եկեղեցու ներկայացուցչի, եթե այդպես է, և երկիրը գտնվում է վտանգի տակ, իսկ մեր երկրի կորուստը կվերածվի Հայ Առաքելական եկեղեցու առնվազն անդաստականությանը, ինչը նշանակում է, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկրում քրիստոնեությունը գտնվում է վտանգի տակ, այդ դեպքում իմ կարծիքով, որն էլ արտահայտել եմ հարցազրույցներում, ՀԱԵ-ն պարտավոր է Էջմիածինից ԽԱՉԵՐԹ կազմակերպել դեպի պետության սիրտը՝ Երևան՝ համայն աշխարհի քրիստոնյաների համար վտանգի ղողանջ հնչեցնելու։ Մնացածը պիտի նմանվի մեր նախորդ երեքուկես տարվա ՛մուկ ու կատու՛ ռուսների դիրիժորությամբ խաղին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից, Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ:

«Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ընկերակցությամբ, նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի հետ՝ մեկնարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության վերաբերյալ նոր ծրագիրը, ինչպես նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Իվանա Ժիվկովիչը կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի շահառուների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Իվանա Ժիվկովիչը ստանձնել է իր պարտականությունները 2022 թվականի սեպտեմբերին: Մինչև նշանակումը, նա աշխատել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն: Նա միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Զագրեբի համալսարանում:

Միայն միջազգային հանրության ակտիվ դիրքորոշումը կարող է կանխել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը

«Արցախի մշակութային ժառանգության պահպանության հասարակական խորհրդի» նախագահ եւ«Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալության» հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը Step1.am-ին տեղեկացրեց, որ Europa Nostra եւ European Heritage Hub կազմակերպությունների հետ հանդիպմանը արցախյան կազմակերպությունները ընդգծել են Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման հետ կապված պատժամիջոցների կիռարումը։

Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը՝ ներառյալ պատմամշակութային շարժական և անշարժ հուշարձանները, արվեստի գործերը և Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, գտնվում են ոչնչացման, կորստի և աշխարհի երեսից անհետացման սպառնալիքի տակ։ Ադրբեջանի գործողությունները կանխելու միակ միջոցը միջազգային հանրության ամենաակտիվ դիրքորոշումն է։

«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու համապատասխան պետական ​​մարմինները պետք է դառնան միջազգային հանրությանը ավելի ակտիվ դիրքորոշման մղող լոկոմոտիվը։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին պետք է զբաղվի հայկական մշակութային ժառանգությամբ։

Ցավոք սրտի, մենք տեսնում ենք Արցախի պատմամշակութային ժառանգության խնդրի նկատմամբ Հայաստանի պատկան մարմինների հետաքրքրության մարումը, ինչը անչափ ցավալի է։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի գիտական ​​հանրույթը բավական ակտիվորեն առաջ է քաշում Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը, մենք, ավաղ, պետական ​​մակարդակով նույն աշխատանքը չենք տեսնում։

Կարծում եմ, որ Ադրբեջանը, ելնելով Հայաստանի կառավարության գործողություններից, համարել է, որ հայկական պետությունը չի հետապնդում հայերին Արցախ վերադարձնելու նպատակ, ինչն արձակել է Ադրբեջանի ձեռքերը՝ ոչնչացնելու Արցախում հայկական ամեն ինչ։

Դեռևս պատերազմից առաջ «Արցախի մշակութային ժառանգության պահտպանության հասարակական խորհուրդը» սկսել է տեղեկություններ հավաքել Շուշի քաղաքի թանգարանային հավաքածուների մասին։ Տվյալների  հավաքագրման աշխատանքները շարունակվում են։ Մենք հույս ունենք ստանալ միջազգային կազմակերպությունների աջակցությունն այս գործում։ Նախագծի արդյունքը կներկայացվի հանրությանը. հրապարակայնությունը եւս մշակութային ժառանգության պահպանման երաշխիք է»,- ասաց Սերգեյ Շախվերդյանը։

Ալվարդ Գրիգորյան

Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկաըմամբ․ ի՞նչ կապ ունի Հայաստանը

Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ անսպասելիորեն հետախուզում է հայտարարել՝ անգամ չնշելով, թե որ հոդվածով է նա մեղադրվում։

Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս որոշումով Զելենսկիին փորձում են արգելել մեկնել այն երկրներ, որոնց հետ Ռուսաստանը պայմանագիր ունի արտահանձնման մասին։ Հայաստանն այդ երկրներից մեկն է։ Հայտարարելուց հետո Հայաստանը ստիպված կլինի արտահանձնել Զելենսուն, եթե նա գա Հայաստան։

Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանում ասում էին, որ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է մարտի 4-ին ժամանի երկիր։ Այնուհետև այցը Երևան (և միաժամանակ Բաքու) չեղարկվեց կամ հետաձգվեց։

Օրերս հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները, և հնարավոր է, որ նրանք քննարկել են Զելենսկու այցի կազմակերպման հարցը։ Հիշեցնենք, որ Պուտինի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին, ԵԱՏՄ նիստը՝ մայիսի 8-ին, իսկ շքերթը՝ մայիսի 9-ին, եւ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Մոսկվա։ Եթե ​​նա նույնիսկ մասնակցի միայն ԵԱՏՄ նիստին, «նստվածքը» կմնա, և այն կարող է ցրվել Զելենսկու այցով Երևան, ասենք, մայիսի 9-ին։

Մոսկվան կարող էր նրա նկատմամբ հետախուզում հայտարարել այս այցը կանխելու համար։

Հիշեցնենք, որ չնայած ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, ԵԱՏՄ խորհրդի մայիսի 8-ի նիստը տեղի կունենա ոչ թե Երեւանում, ինչպես ընդունված է, այլ Մոսկվայում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն Պուտինին կալանավորելու որոշում է կայացրել, նրա համար անվտանգ չէ շատ երկրներ մեկնելը, իսկ Հայաստանի Հռոմի ստատուտին միանալուց հետո նրա համար անվտանգ չէ նաու Երևան գնալը։

Հավանաբար անհարմար բան կստացվի, եթե Պուտինը չկարողանա գալ Հայաստան, բայց Զելենսկին կարողանար։ Բայց սա ընդամենը ենթադրություն է։

Ի՞նչ պահանջներ է առաջ քաշել Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժումը

Մի խումբ քաղաքացիներ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Տավուշից երթ են հայտարարել դեպի Երևան։ Նրանք արդեն անցել են Իջեւանը եւ շարժվում են դեպի Հաղարծին վանք։

Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր և հասարակական խմբեր միանում են շարժմանը, թեև Շարժման պահանջները դեռ ձևակերպված չեն։

«Աստված տա, մայիսի 9-ին կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշել է ժողովրդի հետ գնալ Երևան և պատասխաններ պահանջել»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Նա հայտարարեց, որ միակողմանի զիջումների գործընթացը պետք է դադարեցվի ինչպես Տավուշում, այնպես էլ այլ վայրերում։ «Մեկ մարդ չի կարող որոշումներ կայացնել։ Մայիսի 9-ի ցերեկը կժամանենք Երեւան և հստակ կհայտնենք մեր պահանջները»,- ասաց նա։

Պահանջ է հնչել միայն՝ դադարեցնել պարտվողական քաղաքականությունը և վերջ դնել միակողմանի զիջումներին։

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ սա սեւերի ու սպիտակների պայքար չէ, իրենք իրենց ներկայացնում են եռագույնով, այսինքն՝ այստեղ կոնկրետ քաղաքական ուժեր չկան, բայց շատ մարդիկ, ովքեր ձգտում են վերջնականապես կասեցնել սահմանազատման անօրինական գործընթացը, կարող են մասնակցել երթին։

Այսպիսով, շարժման մասնակիցները չեն պահանջում կառավարության հրաժարականը կամ քաղաքական կուրսի փոփոխություն։ Հիմնական պահանջն է՝ դադարեցնել անօրինական սահմանազատումը և վերադառնալ օրինական սահմանադրական ընթացակարգերին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է Շուշի գնալ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տված հարցազրույցում խոսել է Շուշի գնալուց հրաժարվելու մասին. «Պարզ է, որ վերադարձված տարածքները փոքր-ինչ տարբեր են։ Այստեղ նույնիսկ ավելի շատ համակարգում է անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի շոուի , որպեսզի կարողանամ ինչ-որ տեղ ճանապարհորդել: Այնպես որ, երբ ժամանակը գա դա անելու, ես դա կանեմ»:

Europa Nostra-ին ներկայացվեց Արցախի մշակութային ժառանգությունը

Այսօր մեր կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Եվրոպա Նոստրա կազմակերպության `Հայաստան ժամանած պատվիրակության պատասխանատու ղեկավարների` Արցախի մշակութային ժառանգության պահպանման բնագավառի կազմակերպությունների հետ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տուրիզմի եւ մշակույթի զարգացման գործակալությունը։
Europa Nostra-ի փոխնախագահ Քրիստինա Լոգլիոյին, Խորհրդի անդամ Գայանե Կազնատիին եւ European Heritage Hub-ի համակարգող Մանոն Ռիչարդին ներկայացվեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանության հետ կապված առանցքային հիմնախնդիրները։
Քննարկման համակազմակերպիչներ էին “Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կենտրոն” հասարակական կազմակերպությունը եւ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը։