
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
Արտաքին քաղաքականության ոլորտում 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանավոր պայքարի է բռնվել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ։ Թեման Արցախն էր, և փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների ու բացահայտումների խառնարանում «բյուրեղացավ» իշխանությունների և ընդդիմության իրական նպատակը, արդի հայ քաղաքական մտքի կվինթենսենցիան։
Դու մի ասա, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար առավելագույն նշաձողը Արցախի «ինքնավարությունն» է, որն արցախցիներին երկուսն էլ առաջարկում են որպես մեծ լավություն։ Տարբերությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունն ասում է, որ դա հնարավոր էր եղել մինչև Արցախում օգոստոսյան «հեղաշրջումը» և սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Իսկ ընդդիմությունը պնդում է, որ այժմ էլ լավ հնարավորություն կա նման կարգավիճակի հասնելու համար։
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության երևակայությունների այս «պլինտուսը» գալիս է նրանց վախերից, կողմնակալությունից, ծախվածությունից և յուրաքանչյուրի մասին կոմպրոմատների քաշից։ Այս պլինտուսը ներկայացվում է որպես «պրագմատիկ» մոտեցում, բայց իրականում այն նպատակ ունի ոչնչացնել Արցախի, Նախիջևանի և Հայաստանից պոկված այլ տարածքների հայկական պատկանելիության իրավական հիմքերը։
Խորհրդարանում քննարկումների ժամանակ ոչ մի խոսք չասվեց, թե ինչ է ուզում արցախցին, ինչու նա չհամաձայնեց Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի “պրագմատիկ” առաջարկներին, որոնք այն ժամանակ «ճանաչված» էին Փաշինյանի կառավարության կողմից։ Նրանք առաջարկում էին զիջումների գնալ, «ինտեգրվել» և այլն։ Արցախցիները չընդունեցին նաև Վարդան Օսկանյանի նախաձեռնությունը, ով Արցախի ժողովրդի համար «ինքնավարություն» էր մուրում Ադրբեջանի կազմում։ Արցախցիները, հասկանալով, որ բոլորը ցանկանում են հուղարկավորվել իրենց Արցախի հետ մեկտեղ, պարզապես լքել են իրենց տները։
«Ինքնավարությունն» այնքան անընդունելի է, որ Օսկանյանի հետ Երևանում հանդիպած Արցախի քաղաքական գործիչները, եւ նրանք, ովքեր մեկ տարի առաջ համագործակցում էին Փաշինյանի կառավարության հետ, խնամքով թաքցնում են բանակցությունների թեման՝ հասկանալով, որ Ադրբեջանի կազմում «ինքնավարության» ցանկացած հիշատակում կզրկի իրենց առանց այն էլ մաշված լեգիտիմությունից։
Ավելին, Հայաստանում հանրային քննարկումների ժամանակ ոչ մի խոսք չի հնչում Արցախի կարգավիճակի իրական իրավական հիմքի մասին։ Բաքուն իր ձեռքում չունի գոնե մեկ իրավական ակտ, որը կմատնանշի, որ Արցախը և Նախիջևանը պատկանում են այս սուբյեկտին։ Եթե նման փաստաթղթի մի կտոր անգամ լիներ, այն բոլորի աչքը կմտցնեին: Բայց չկա նման բան։
Ի՞նչ կարող է ներկայացնել Բաքուն որպես այդպիսի հիմք՝ Ստալինի կուսակցական որոշո՞ւմը, թե՞ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա բոլորը քրքջում են։
Հայ քաղաքական գործիչները ոչ միայն խուսափում են այս հարցերից, այլեւ փորձում է դրանք ամբողջությամբ թաղել ի սկզբանե անընդունելի «ինքնավարության» կամ «համակենտրոնացման ճամբար վերադարձի» դատարկ «քննարկումների» տակ։
Հայ քաղաքական գործիչները միտումնավոր մերժում են հիմնական խնդիրները.
Արդյո՞ք 1994 թվականի անժամկետ զինադադարի պայմանագիրը դեռ ուժի մեջ է և ո՞վ է եղել դրա երաշխավորը։
Եթե վավեր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչո՞ւ արցախցին Արցախում չէ և ինչո՞ւ է փակ Բերձորի միջանցքը։ Եթե վավեր չէ, ինչո՞ւ Քարվաճառը եւ Քաշաթաղը հայկական չեն։
Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ուժի մեջ է, և ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում բանակցություններ այս ձևաչափով։
Արդյո՞ք ուժի մեջ է 1921 թ․ Կարսի պայմանագիրը։
Մինչեւ ե՞րբ են Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը անտեսելու 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատգամավորների որոշումը միացումի վերաբերյալ։ Մինչև Սահմանադրությունը չփոխվի՞։
Մեր թշնամիներն ամեն օր հաստատում են, որ այս բոլոր որոշումներն ուժի մեջ են, հակառակ դեպքում չէին պահանջի վերացնել Արցախի հայկական կամ առնվազն վիճելի տարածք լինելու անվիճելի հիմքերը։ Բայց Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը խորապես թաղում են այդ փաստարկները՝ չեզոքացնելով միջազգային իրավական դաշտը։
Այս պայմաններում արցախցիներին մնում է միայն Ստեփանակերտում, Վանքում, Մարտունիում իրենց բնակարանների բանալիները հանձնել հայ քաղաքական գործիչներին և ԱՄՆ դեսպանին և մաղթել նրանց ընտանեկան երջանկություն Ղարաբաղի ինքնավարությունում՝ Ալիևի դրոշների ներքո։
Նաիրա Հայրումյան