
Օրբանն ու Ուզբեկստանի նախագահը Շուշիում երկկողմ համաձայնագրեր են ստորագրում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ստանձնեց Եվրամիությունում նախագահությունը, անմիջապես կատարեց խելահեղ շրջագայություն, որը ցույց է տալիս նրա դիվանագիտության էությունն ու ակունքները:
Այցելելով Կիև, այնուհետև Մոսկվա՝ Օրբանը, ով ավելի ուշ հայտարարեց, որ կողմերի դիրքորոշումների միջև իսկական անջրպետ կա, ժամանեց օկուպացված հայկական Շուշի՝ թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Եվ մինչ Էրդողանը, ով հրաժարվեց Շուշի ուղևորությունից, մխիթարում էր Գերմանիայում Նիդեռլանդներին պարտված թուրքական ֆուտբոլային թիմին, Օրբանը Շուշիում ստորագրեց Թյուրքական պետությունների Ղարաբաղի հռչակագիրը։ Իսկ միջազգային հռետորաբանության մեջ կրկին թարմացվեց «ուկրաինական հակամարտության» լուծման «ստամբուլյան տարբերակը»։
ԵՄ ներկայիս ղեկավարները՝ Շառլ Միշելը, Բորելը, Ֆոն դեր Լեյենը Օրբանի Մոսկվա կատարած այցից հետո հայտարարեցին, որ նա չի ներկայացնում ԵՄ-ն, այլ միայն Հունգարիան։ Ավելին, Գերմանիայի արտգործնախարար Բարբոքը պահանջել է այցելել Բուդապեշտ՝ պարզելու, թե ում է ներկայացնում Օրբանը, սակայն Հունգարիան մերժել է նրա այցը։ Հավանաբար, Բարբոքին խորհուրդ են տվել այդ մասին հարցնել Գերմանիայում գտնվող Էրդողանին։
Օրբանի Կիև-Մոսկվա-Շուշի երթուղին ցույց է տալիս, որ նա ներկայացնում էր ոչ թե ԵՄ-ն կամ Հունգարիան, այլ թյուրքական աշխարհը, որին հավասարապես քծնում են Ուկրաինան և Ռուսաստանը: Իսկ Էրդողանի բացակայությունը Շուշիում Թյուրքական կազմակերպության գագաթնաժողովին պետք է թաքցներ այն իրողությունը, որ Օրբանը զեկուցում է Կիև և Մոսկվա կատարած իր այցի արդյունքների մասին ոչ թե Եվրամիությանն, այլ թյուրքական աշխարհին։
Այն, ինչ արվել է Արցախում և ընդհանրապես Հայաստանում, ռուս-թուրքական տանդեմը կրկնում է Ուկրաինայում՝ «իրականությունների ճանաչում», ուժով նոր սահմանների հաստատում, բնիկ բնակչության վտարում օկուպացված հողերից և բոլոր պատմական հետքերի ոչնչացում։
Շուշին, որը Ալիևն անհաջող փորձում է թուրքացնել, կդառնա Խարկովի և Արևելյան Եվրոպայի մյուս քաղաքների ապագայի մոդելը, որը ռուս-թուրքական դաշինքը կկարողանա գրավել։ Իսկ Օրբանը ամեն ինչ կանի, որ նրանք գրավեն։