
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել՝ ներկայացնելու միությունը Թուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովում, որը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշիում։
«Վիկտոր Օրբանը ԵՄ Խորհրդից մանդատ չի ստացել՝ ներկայացնելու նրան Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում»,- գրել է Բորելը սոցցանցում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն մերժում է Հյուսիսային Կիպրոսի օրինականացման փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը։
Շաբաթ օրը կայացած գագաթնաժողովի ժամանակ Հունգարիայի վարչապետը Թյուրքական պետությունների կազմակերպությունն անվանել է Արևելքի և Արևմուտքի գլոբալ համագործակցության կարևոր հենասյուն՝ աշխարհը կրկին բլոկների տրոհվելու վտանգի ֆոնին:
«Հունգարիայի շահերից է բխում աշխարհի երկրների հետ բաց, խաղաղ և դինամիկ տնտեսական հարաբերությունների պահպանումը։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները լավ գործընկերներ են մեր ջանքերում»,- գրել է Օրբանը սոցցանցում։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Հունգարիայի վարչապետը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Շուշիում տեղի ունեցած այս հեղինակավոր միջոցառմանը հրավերի համար, գրում են Բաքվի լրատվամիջոցները։
«Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նախագահ Ալիևին՝ մեզ այստեղ՝ Շուշիում, այս քաղաքում հյուրընկալելու և ձեզ այստեղ տեսնելու հնարավորություն ստեղծելու համար։ Մենք մեր խորին հարգանքն ենք հայտնում նախագահ Ալիևին՝ տարածաշրջանի հարյուր հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մենք ցանկանում ենք, որ այս հնարավորությունը հնարավորինս շուտ հայտնվի Եվրոպայում»,- ասել է Օրբանը։