
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայում բանակցություններ անցկացնելու տարբերակը։
«Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հենց [Սիրիայի նախագահ] Բաշար ալ-Ասադը քայլ կատարի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նույնը կանենք։ Որովհետև նախկինում մենք թշնամի չէինք Սիրիայի հետ, Ասադի հետ հանդիպել ենք որպես ընտանիքի անդամ։ Մենք ցանկացած պահի կարող ենք ուղարկել մեր հրավերները: Հուսով ենք, որ դրա շնորհիվ մենք կկարողանանք թուրք-սիրիական հարաբերությունները հասցնել նույն մակարդակի, ինչ նախկինում էր։ Պուտինը մտադրություն ունի Թուրքիայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս հարցում իր մոտեցումներն ունի նաև Իրաքի վարչապետը։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, բայց ինչո՞ւ մեր հարևանները չեն կարող միջնորդ լինել»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Ուրբաթ օրը թուրք առաջնորդն ասել էր, որ դիտարկում է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներին Թուրքիա հրավիրելու հարցը՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես սիրիական կարգավորումը քննարկելու նպատակով։ Ըստ նրա, «եթե պարոն Պուտինը կարողանա այցելել Թուրքիա, դա կարող է լինել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբը»։ Նա նաև նշել է, որ «անհրաժեշտ է մշտական կարգավորման մեխանիզմ ստեղծել»։
Հունիսի վերջին «Ալ Վաթան» թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Բաղդադը կդառնա Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր։ Պարբերականը չի նշել ենթադրյալ ամսաթիվը։
Նման հայտարարություն նա արել է Իրանում նախագահական ընտրությունների ավարտից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշկիանը «իրականում թուրք է»։ Այս մասին քաղաքական գործիչը լրագրողներին ասել է ինքնաթիռում Գերմանիայից վերադառնալիս, հայտնում է թուրքական TRT Harber հեռուստաալիքը։
«Մասուդ Փեզեշկիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թավրիզում նա խոսում է թուրքերեն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել»,- ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հավելել է, որ կապ կհաստատի Իրանի նոր նախագահի հետ և կշնորհավորի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի հարաբերությունները։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, և երկիրը կապված է նրա հետ պատմամշակութային կապերով։