ՀՀ իշխանությունն առանց իրավունք ունենալու ստորագրեց փաստաթուղթ՝ Արցախի տարածքների հանձնման մասին

  • 11:28 09.09.2024

«Մենք, ցավոք սրտի, ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի այս ամբիոնից եւս մեկ անգամ ականատես ենք լինում հերթական ուրացման դեպքին։ Օրվա իշխանությունն իսկապես վարում է հակաարցախյան քաղաքականություն»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց․ «Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, ոչ միայն կոտորած բերեց, որը, առանց դրա իրավունքն ունենալու, ստորագրում էր փաստաթուղթ եւ հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի ու փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավունքները բարձրաձայնելուց»։

«Ավելին, անգամ այս մարդիկ չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանվեց ու ենթարկվեց ցեղասպանության, իր իրավունքը պաշտպանելու պարտականությունն իրացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով։ Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խուսափում, Հայաստանի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի համաձայն՝ Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձինք, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան եւ նրանք պետք է իրացնեն իրենց իրավունքը։ Դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն»,- հայտարարեց Մինասյանը։

Ռոզա Հովհաննիսյան