418-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը. ինչ է կատարվել Տավուշում

  • 23:29 09.09.2024

«Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որով սահմանվում են բոլոր այն հանցատեսակները, որոնք ուղղված են սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ։ Այդ հանցագործությունների մեջ 418-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը։ Պետական դավաճանությունը սահմանվում է որպես թշնամու կողմն անցնելը ՀՀ քաղաքացիների կողմից՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ անվտանգությանը։ Մենք ունենք մի հանցակազմ, որի հատկանիշը Փաշինյանն ու իր կառավարությունը լիուլի բավարարել են, երբ Տավուշից սկսած սկսել է հանձնել այն տարածքները, որոնք Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքներ են։ Եվ դա արել է Հայաստանի Սահմանադրության ու համապատասխան օրենքների կոպիտ ոտնահարմամբ»,- այսօր Սրբազան շարժման հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որն ուղեկցվում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, նույնպես ենթակա է քրեական պատժի։ Նման հանցագործություն կատարողների համար Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը նախատեսում է ազատազարկում 10-15 տարի ժամանակով։ «Հիմա եկեք մենք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Տավուշում, երբ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շղարշի ներքո ՀՀ տարածքները հանձնվեցին Ադրբեջանին»

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, երբ դարձել է անկախ պետություն, երբեւէ չի ասել, որ իր սահմանները պետք է անպայման լինեն Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության սահմանները։ Եվ Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ խոսք չի ասվում այն մասին, թե որոնք են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Փաշինյանը, այդքան առաջ վազելով, թմբկահարում Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ակնհայտ է, որ այդ հռչակագրին հղում կատարելն արվել է ադրբեջանական պահանջով։ Ընդ որում, այդ ժամանակ Ադրբեջանի խնդիրն էր ֆիքելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ հասնել իբր այն իրավական դրույթին, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Բայց հետագայում Ադրբեջանը կլանեց Արցախը՝ Փաշինյանի ձեռամբ, եւ հիմա Ադրբեջանը նաեւ փորձում է ցույց տալ, որ 1991 թվականի սահմաններն էլ կարեւոր չեն։ Սահմանազատման կանոնակարգի նախաբանում փակագծերում նշվում է, որ եթե կողմերը այսպես կոչված խաղաղության եւ պետական հարաբերությունների հաստատման մասին ապագա պայմանագրում համաձայնության գան այլ կարգավորումների վերաբերյալ, ապա այդ կարգավորումները պետք է ամրագրվեն եւ հիմք դառնան սահմանազատման համար։ Բոլորիս համար ակնհատ է, որ այդ դրույթը հնարավորություն է տալու Ադրբեջանին, եւ Ադրբեջանը ստիպելու է, որպեսզի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն էլ չլինի հիմք եւ գնան ավելի հին ժամանակներին՝ Ադրբեջանի երազանքներով 1918 թվականին, երբ Ադրբեջանն ուներ հավակնություններ ՀՀ տարածքի գերագույն մասի նկատմամբ։ Մեր իշխանությունները ոչ միչայն դավաճան են, այլ նաեւ ապիկար են ու տգետ են»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Ռոզա Հովհաննիսյան