Արենին անցնելուց հետո մեքենաները սակավանում են, ճանապարհի շուկաներում գրեթե առեւտուր չկա: Վաճառական կանայք ձեռքերը ծալած նստած են մրգերի ու չրերի հետեւում: Ֆուդ կորտերում ղարաբաղցիներ չկան:
Որքան Գորիսին ենք մոտենում, այս ամենն ավելի նկատելի է դառնում: Տաքսու վարորդն «արխային» շրջանցում է իրանական համարանիշերով բեռնատարները, դրոշակակիր ԵՄ դիտորդական առաքելության Տոյոտան սլանում է մեր կողքով, դիմացից բացի գրեթե մեքենա չկա: Մեկի համար, ով Ղարաբաղ է ապրել, M2 միջպետական նշանակության ճանապարհն ուրիշ բան անել չի կարող, բացի տպավորություն ստեղծելուց, իբր քեզ տուն է տանում: Սարավանի ցուրտ օդը նույնն է անում:
Որքա՞ն է փոխվել այս ճանապարհը, տխուր ու խորհրդավոր դարձել: Մեր վարորդն ասում է, որ 2020 ու 2023-ից հետո առաջինը Գորիսն է իր վրա զգացել ամեն ինչ, նկատի ունենալով այս դատարկությունը: Բազմաթիվ բիզնեսներ են եղել, որոնք հիմնականում ղարաբաղցիների հաշվին են զարգացել, ղարաբաղցիներն են կենսական պահել այս ճանապարհը, ասում է նա: Միթե՞ Երեւան գնալիս, երբ կանգնել՝ մի բաժակ սուրճ ենք խմել, հարստացրել ենք գորիսեցիներին, «սադրում» եմ ես: Գազալցակայաններ, սննդի կետեր, շինանյութի խանութներ, հիշեցնում է վարորոդը… Այսպես հասկանալի բարբառով զրուցելով գնում ենք Գորիս:
Հիմա ամբողջ Հայաստանը սահմանամերձ մի տարածք է դարձել, ասում է մեր ուղեւորներից մի սյունեցի: Ղարաբաղի հարցը «լուծեցին» ռուսները, հիմա անցել են մեզ: Խեղճ մարդիկ (արցախցիներ): Ինչո՞ւ 2020թ. հավատացին` հետ գնացին, եթե վերջը սա էր լինելու, քի՞չ են արյուն թափել: Հիմա գերեզմանները թողած այնտեղ… Միջանցք… Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Ղարաբաղի միջանցքը «բացել են» ու անցնում են Սյունիքին: Տեսնում ենք, թե ինչպես են ռուսները սատար կանգնած Ալիեւի մեջքին: Ռուսներն ուզում են վերցնել իրենց վերահսկողության տակ («միջանցքը»), հետո էլ նվիրել ադրբեջանցիներին, ինչպես դա արեցին Ղարաբաղում, ասում է սյունեցին:
Մեկ օրում ես Նոյեմբերյանից մինչեւ Գորիս ճամփորդել եմ: Կողբ, Կիրանց, Բաղանիս… Մի կանգառ Երեւանում, որտեղ չի զգացվում, որ շուրջը նման բնակավայրեր կան: Հասնելով Գորիս, Ստեփանակերտի տրաֆարետ, էլ չես կարողանում շարունակել ճանապարհը: Իրոք որ երկիրը սահմանամերձ մի տարածք է:
Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, X-ում ինձ մեկնաբանություն է գրել մի ադրբեջանցի․ կողքն Ադրբեջանն է, պարզ է, որ սահման պետք է լինի, պարզ է, որ երկրները բաժանող գծեր պետք է ունենան: Սկզբունքորեն սխալ բան չի ասում մարդը, բայց գիտենք, թե դա ինչ սահման է: Գիտենք, որ դա Բելգիայի ու Նիդերլանդների սահման չէ, այլ հայ-ադրբեջանական:
Բոլորս Կիրանցի պատի բազմաթիվ կադրեր ենք տեսել, բայց կողքով անցնելիս, մոտ գտնվելիս, ասես Սթիվեն Քինգի ինչ-որ ֆիլմում լինես, ասես՝ ինչ-որ մեկը հետեւում կանգնած է: Ոչ թե վախի, այլ հետապնդման ինչ-որ մի զգացում կա: Փշալարերը մարդկանց բոստանի միջով են անցնում, ասում էր կողբեցի վարորդը, բայց մենք գնանք Գորիս:
Ստեփանակերտ քյում եք կյա՞մ (Ստեփանակերտ գնում-գալի՞ս եք), այսօր Գորիսում հարցրել էր ինձ տեղացի մի կին: Սկզբում նա ինձ շփոթել էր Գարիկի եղբոր հետ, հետո, երբ ես ասացի, որ Ստեփանակերտից եմ, նա էլ ինձ տվեց այդ հարցը: Գորիսում նման հարց չէի սպասում եւ շատ զարմանալի էր լսել, մեր մեջ ասած: Ինչեւէ, կնոջ ասածն ի կատար, Տեր Աստված:
Գորիսն ինձ համար Հայաստանի ամենասիրուն քաղաքն է: Տեսքը, ճարտարապետությունը մի կողմ, այստեղ կատարյալ մաքրություն է: Կենտրոնից մինչեւ ծայրամաս: Մաքուր ու բարեկարգ: Անվերջ կարելի է քայլել փողոցներով, ճանապարհներն անարգել հատել, լուսացույցի տակ մի ժամ չսպասել, վարորդների ջղաձիգ սիգնալներ չլսել, շոգից չտառապել, աղբարկղերի գարշահոտը չշնչել, սուպերմարկետի շտրիխ կոդերի ծվծվոց չլսել, նեոնային լուսերի չնայել, մեռնող ծառեր չտեսնել (դուք ասեք՝ էլ ինչ կա-չկա Երեւանում) եւ առհասարակ, alt shift անել պետք չէ, անկաշկանդ խոսեք Ղարաբաղի բարբառով:
Ես դեռ պաշտոնական տվյալներ չունեմ, թե որքան արցախցիներ են մնացել Գորիսում եւ թե ինչպես է անցած մեկ տարում դասավորվել նրանց կյանքն այստեղ, սակայն տեղացիներն ու այստեղ ապրող ղարաբաղցիներն ասում են, որ շատ են հեռացել: Ոմանք Երեւան ու հարակից քաղաքներ ու գյուղեր, մյուսները Ռուսաստան են գնացել:
Գորիսում տներ չկան: Շատ քիչ է: Ես մեր բարեկամների համար մի կերպ վաճառքի տուն եմ գտել, որ 15 միլիոն դրամ են գնահատել, բայց չգիտեմ, կկարողանա՞ն գնել: Ավելի շուտ, ոչ, ասում է մի գորիսեցի, ում բարեկամները ղարաբաղցի են:
Ռուսաստան շատ են գնացել: Ես դա սոցցանցերում եմ տեսնում, իրենց օդանավակայանի լուսանկարներից հասկանում: Արդեն այնքան սովորական երեւույթ է դարձել, որ ոչ թե «վայ» եմ անում, այլ տակը մեկնաբանություն թողնում. «դու էլ գնացիր…», ասում է Գորիսում ապրող մի ղարաբաղցի:
Ինչ խոսք, այստեղ Գորիսում ես ինձ լավ եմ զգում, մեր հոգեկերտվածքով մենք շատ մոտ ենք միմյանց, բայց աշխատանք չկա, դրա համար էլ շատերը հեռանում են: Այստեղ մեզ լավ են հասկանում, «թողել, փախել եք» զրույցներ չկան, որովհետեւ նրանք էլ են տեսել այն, ինչ մենք, նրանք էլ են շնչել բարութի հոտը, ավելացնում է իմ բախտակիցն ու թեման շրջում սոցիալական խնդիրներին. «Յանդեքս եմ քշում, բայց սա իմ գործը չէ, այնքան, որ պարապ չմնամ, ո՛չ հայրս է կարողացել աշխատանք գտնել, ո՛չ մայրս, իսկ տան վարձի համար վճարել է պետք»:
Գորիսը շատ է Ստեփանակերտը հիշեցնում: Զինվորական համազգեստով կանայք, սպաներ, բանակի համարանիշերով ու Կարմիր խաչի մեքենաներ, ուղիղ իննին բացվող խանութներ, փոքրիկ մի շուկա, թարմ հացի ու գեղեցկության սրահների հոտ, հաճախորդի սպասող տաքսիստներ, այգում նստած տարեցներ, դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաներ, հասանելի բնություն եւ մաքրություն իհարկե: Հանգիստ ու բնականոն առավոտներ ու առօրյա, մի խոսքով:
Հաճախ եմ ղարաբաղցիներից լսել այն մտավախության մասին, իբր Ղարաբաղին մոտենալը կարող է ցավալի լինել: Լինել Գորիսում, տեսնել Ստեփանակերտի տրաֆարետը, գիտակցել, որ ժամ ու կես ճանապարհ է մնացել, բայց չկարողանա՞լ շարունակել այն: Ինչպե՞ս: Անձամբ ինձ համար դա այդպես չէր, հակառակը, մոտ լինելու մեջ ինչ-որ մի սփոփիչ զգացում կա:
Արցախցիներին Սյունիքում բնակեցնելու գաղափարն ի սկզբանե ինձ դուր էր եկել, հիմա էլ այդպես է: Ի՞նչն է արցախցիների՝ Սյունիքից հեռանալու պատճառը, սահմանամերձ լինե՞լը, թե՞ սոցիալական դժվարություններ կան:
Մարութ Վանյան