
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ընթացավ 2020 թվականի աշնանը՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։ Սակայն ինձ և իմ ընկերների համար այն ավարտվեց ոչ թե նոյեմբերին, այլ դեկտեմբեր ամսվա վերջում։ Ահա պատմությունն այն մասին, թե ինչպես դա տեղի ունեցավ»,– այսպես է սկսվում գիրքը, որը կոչվում է «Որտեղ», հեղինակը Կոլյա Ստեփանյանն է։
44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ. դեկտեմբերին, Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներից հրաշքի պես էր 6 զինվորների փրկությունը։ Կոլյան նրանցից մեկն է։
ԳԱԱ Պատմության ինստիտուտը և «Հայոց տուն» նախաձեռնությունը «Կենդանի պատմություն» միջոցառում-քննարկման ընթացքում հյուրընկալեցին Կոլյային ու 5 ընկերներին՝ որպես իրական պատմության կրողներ։
70 օր ադրբեջանական շրջափակման մեջ, անհետ կորած Կոլյա Ստեփանյանը 44-օրյա պատերազմից 5 տարի անց իր «Որտե՞ղ» գրքում պատմում է՝ ինչպես փրկվեցին ինքն ու հինգ ընկերները։
Մոսկվայում ծնված Կոլյան 2020թ.-ի պատերազմից ամիսներ առաջ վերադառնում է Հայաստան՝ կամավոր զինվորական ծառայության անցնելու։ Պատերազմում 21 ընկերների հետ անհետ կորելուց ու մղձավանջի ճանապարհին ցրտահարվում են Կոլյայի ոտքերը, իսկ հետո՝ անդամահատվում։
Միջոցառման ընթացքում պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը կարեւորեց այսպիսի հանդիպումներն ու տղաների՝ պատմության իրական ներկայացումը։
«Երբ ազգը հաղթանակ է կրում՝ բոլորը վերագրում են իրենց, երբ պարտություն է կրում՝ վերագրում են ուրիշին։ Տղաները կարող էին հաղթել, բայց ինչպես գրքում է նկարագրվում՝ Հադրութի գյուղերից մեկում նոյեմբերի 9-10 գիշերը հրավառություն եղավ, հասկացան, որ պատերազմն ավարտվել է եւ պարտվողը մենք ենք։ Նրանք գերի ընկնելու, զոհվելու մասին չեն մտածել։ Մեզ թվում է՝ նախորդ դարերում պատերազմները մեզ հետ կապ չունեն, բայց պարզվեց՝ մեկը մյուսի շարունակությունն է, եւ մենք պարտավոր ենք ճիշտ դասեր քաղել»,– նշել է նա։
Արմանը, Արսենը, Նիկոլայը, Արթուրը, Դավիթը, Ռուսլանը՝ 70 օր շրջափակման մեջ մնացածներն են «Որտեղ» գեղարվեստականորեն գրված գրքի իրական հերոսները, տղաներ, որ ամեն օր պայքարել են ապրելու համար։
«Հայոց տուն» նախաձեռնության հեղինակ Արմեն Չարչյանը մասնագիտությամբ վիրաբույժ է։ «Սահմռկեցուցիչ է, բայց փաստ, որ վիրաբույժները պատերազմի ու աղետի ժամանակ են լավ վիրաբույժ դառնում։ Դուք հաղթել եք մահվանը, բայց պիտի հաղթեք նաեւ կյանքում։ Տեղյակ եմ, որ տղաներից մեկը զավակ է ունեցել, դու հաղթել ես եւ մահվանը, եւ կյանքին»,– նշել է նա։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել այս պատմության հանդեպ։ Ինձ համար շատ էմոցիոնալ վիճակ է, որովհետեւ մենք տարբեր երազանքներով ու նպատակներով էինք կիսվում։ Կոլյան ասում էր, որ գիրք է գրելու։ Մենք կարծում էինք, որ եթե փրկվենք, հազիվ մի լրատվական գրի մեր մասին, չէինք պատկերացնում, որ այսքան ուշադրություն կլինի։ Ու հիմա նաեւ գիտեմ, թե որքան մարդ է հետաքրքրված գրքով»,– նշում է փրկված տղաներից Արմանը, ով կարելի է ասել՝ նրանց առաջնորդն էր եւ միշտ հուսադրում էր ու վստահ էր, որ փրկվելու են։
Միջոցառմանը ներկա էին տղաների ծնողները, ովքեր ամեն անգամ հուզվում են այս մասին խոսելիս, որոնց համար իրենց երեխաները վերածնվել են։
«Միշտ ասում են, որ երեխաները իրենց կյանքի համար պարտական են ծնողներին, մեր պատմության մեջ հիմա հակառակը՝ մենք ենք պարտական նրանց փրկվելու, այսօր մեր կողքին լինելու համար»,– նշել է Ռուսլանի մայրը։
Մարիամ Սարգսյան
