Արցախն առանց քարտեզի

  • 18:36 13.05.2025

2020-ի պատերազմից և 2023-ի ամբողջական տեղահանումից հետո Արցախի թեման արհեստականորեն փակված է համարվում, սակայն այն շարունակում է մեր հանրային օրակարգում մնալ, պարզապես վերաիմաստավորված և զգայական ու գաղափարական նոր տիրույթում։ Պատերազմի ցավալի արդյունքները՝ հազարավոր զոհերի, բռնի տեղահանության, գերիների ու մշակութային ժառանգության կորստով ուղեկցված, չեն վերջացրել քննարկումը, այլ ընդհակառակը՝ բևեռացրել են ներհասարակական ընկալումները։ Հնարավոր է կասեցնել պետական մասնակցությունը թեմային (որը և ինտենսիվորեն արվում է 2020-ի պարտությունից ի վեր), սակայն անհնար է վերացնել դրա հոգեբանական, բարոյական և ինքնության շերտերում թողած հետքը։ Ինչպես անհնար է ոչնչացնել ի վերուստ տրված Իրավունքը։

Իրավականից մինչև բարոյական հիմքեր

Անցած երեք տասնամյակների ընթացքում Արցախի գաղափարն աստիճանաբար վերածվել էր հայոց ինքնության հիմնասյուներից մեկը։ Արցախյան շարժման սկզբում տիրող ազատության և արդարության տեսլականը փոխարինվեց ռազմաքաղաքական նպատակներով, սակայն այժմ՝ պարտությունից հետո, հանրային գիտակցության մեջ վերադառնում է հարցի սկզբնական՝ բարոյաիրավական հենքը։ Թեև Հայաստանն այսօր հրաժարվել է ինչպես Արցախի Հանրապետությունից, այնպես էլ տարածքային և կարգավիճակային պահանջներից, այնուամենայնիվ հասարակական մակարդակում գաղափարական հիմքով պայքարը շարունակվում է՝ եթե ոչ տարածքի, ապա վերադարձի իրավունքի հիմքով՝ որպես համընդհանուր հասկանալի և համադրելի սկզբունք։

Հայրենիքի կորսված հատվածը՝ որպես արժեքային ու զգայական տրավմա

Արցախյան հարցը մեզանում երբեք չի եղել զուտ աշխարհաքաղաքական խնդիր։ Այն համադրություն է պատմական նարատիվների, ազգային հիշողության, արժեքային կողմնորոշման։ Երբ նախկին ԼՂԻՄ քարտեզից դուրս տարածքները հանձնելու հարցն օրակարգային դարձավ, շատերի համար դա ոչ միայն ռազմավարական, այլ էթիկական տրավմա էր։ Հիշում եմ՝ Արցախում մի առիթով նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին հարցրի՝ ինչպե՞ս ստացվեց, որ, այսպես կոչված, բուֆերային տարածքը, որը պիտի հանձնվեր Ադրբեջանին կարգավիճակի դիմաց, վերածվեց կարմիր գծի, նա պատասխանեց, որ ինքն էլ հստակ չի կարող հիշել, թե որ պահից սկսած իրավիճակ փոխվեց: Այդուհանդերձ որոշակի պահից սկսած կամաց-կամանց գլուխ բարձրացրեց ոչմիթիզականությունն ու դրան հաջորդող «հող հանձնողին հողին կհանձնենք»-ը:

Ժամանակի հետ Քաշաթաղն ու Քարվաճառը՝ որպես վերաբնակեցված տարածքներ, կարծես թե բոլորի ու հատկապես այնտեղ մեծացած սերնդի համար վերածվել էին հիշողության, մանկության, հայրենիք ասոցիացիաների։ Դրանք արդեն վաղուց անցել էին ֆորմալ քարտեզների սահմաններից ու դարձել իրական կյանքի մաս։ Ու հենց այդ կապի խզումն է, որ շատերի մեջ խոր ցասում, չհաղթահարված վիշտ և որոշակի անուղղելիության զգացում է ձևավորել։

Մոռանալը քաղաքական որոշում է, հիշելը՝ մարդկային

Այսօր, երբ քաղաքական վերնախավը փորձ է անում վերջնականապես «փակել Արցախի էջը», պարզվում է՝ դա չի գործում այնքան հեշտ ու այնքան մեխանիկորեն, ինչպես պատկերացնում են օրվա իշխանությունները։ Հարցը վերածվել է հոգեբանական ճգնաժամի, որը չի կարելի մարել զուտ իրավական հայտարարություններով։ Հասարակության որոշ շերտերում՝ հատկապես ու առավելապես արցախցիների շրջանում, ձևավորվել է վերաիմաստավորման նոր փուլ, որտեղ Արցախը արդեն դիտարկվում է ոչ այնքան որպես ֆիզիկական տարածք, որքան չլուծված բարոյական հանելուկ։ Հաղթելու ցանկությունը վերափոխվել է արդարության ձգտման, իսկ ազգային նկարագրի կորուստը՝ վերականգնման պահանջի։

Արցախցիների վիճակը՝ նոր հանրային լարումների աղբյուր

Արցախցիների ներկայիս վիճակը Հայաստանում հաճախ արժանանում է միաժամանակ կարեկցանքի, անվստահության ու երբեմն նույնիսկ մեղադրանքի։ Սոցիալ-հոգեբանական մեկուսացվածությունն ավելի է խորանում քաղաքական խոսույթում հնչող պրիմիտիվացված կամ սուր գնահատականների ֆոնին։ Արցախցիներն այսօր հայտնվել են մի իրավիճակում, երբ չեն կարող լիովին ադապտացվել նոր իրողություններին, բայց նաև զրկված են սեփական խնդիրներն ինքնուրույն լուծելու հնարավորությունից։ Իսկ հանրության մեջ առկա կարծրատիպերի սնուցումը իշխանությունների և նրանց հետ աֆիլացվող մեդիաների կողմից հանգեցնում է նրան, որ հաճախ հանրության մեջ բացակայում է բռնի տեղահանվածների խոցելի վիճակի լիարժեք ըմբռնումն ու համապատասխան վերաբերմունքի դրսևորումը։

Ճանաչել կորուստը, ձևավորել ուղենիշներ

Երբ խոսում ենք անցյալի հնարավոր սխալների մասին, պետք է ընդունենք հայտնի ճշմարտությունը՝ պատմությունը նախ չի ընթանում իդեալական սցենարներով և հետո՝ ենթակա չէ անցյալ ժամանակով խմբագրման։ Սակայն հնարավոր է գոնե ճանաչել սխալների տրամաբանությունը, հասկանալ դրանց պատճառները և նախապատրաստվել ավելի գիտակցված ապագայի։

Մի բան հստակ է՝ Արցախի հարցը հնարավոր չէ փակել կառավարության հրահանգով կամ մեդիա մանիպուլյացիաներով, թեև, պիտի խոստովանենք, որ այդ փորձերն այս փուլում որոշակիորեն աշխատում են՝ ազդելով հանրության որոշակի շրջանակների ընկալումների վրա։ Բայցևայնպես մինչ իշխանությունները փորձում են լռեցնել հիշողությունը, հասարակությունն իր ներսում փորձում է հասկանալ, ներել ու վերագտնել ուղին՝ դեպի ճշմարտության գիտակցում և արժանապատիվ գոյություն, և հենց պահը հասունանա, մենք ականատեսն ու մասնակիցը կլինենք այդ նոր՝ վերաիմաստավորված ընկալումներին ու դրանց իրացմանը։

Տաթևիկ Խաչատրյան