Պապիկյանն անորոշ պատասխանեց ՌԴ-ից եկողներին ռազմական վարժանքների ուղարկելու մասին հարցին

  • 16:20 04.06.2026

Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները սահմանային անցման կետերում 25-օրյա վարժական հավաքների ծանուցագեր են բաժանում այս օրերին Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց։ Լրագրողներն այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել են՝ արդյոք ճի՞շտ են այդ տեղեկությունները, իրո՞ք սահմանային անցման կետերում վարժական հավաքների ծանուցագրեր են բաժանվում։ Ի պատասխան Պապիկյանը նշել է, որ ծանուցման համար կա կարգ, ծանուցումը լինում է ըստ այդ կարգի։ «Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ ոքի չեն կարող ծանուցագիր տալ»,- ասել է նա։

Հարցին՝ այս օրերին ի՞նչ աշխատանք են իրականացնում ՌՈ աշխատակիցները սահմանային անցման կետերում, նախարարը պատասխանել է․ «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որոնք իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»։

Այդուհանդերձ Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ՌԴ-ից Հայաստան ժամանող տղամարդկանց կարող են վարժական հավաքներ ծանուցագրեր ուղարկվել։ «Ո՞նց կարող եմ բացառել դա, այսինքն՝ Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացին, որը զինապարտ է, հայրենիքի առջեւ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել»։