«Առաքելություն Հայաստան»․ օգնություն արցախցի տարեցներին, նաև կանանց հզորացում

  • 13:39 04.06.2026

Հայաստանում սոցիալական և հոգեբանական աջակցության ոլորտում կարևոր դերակատարում ունեցող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։

Կազմակերպության գործունեությունը ներառում է սոցիալական, հոգեբանական, կրթական և տնտեսական աջակցության ծառայություններ, որոնցից օգտվում են Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում բնակվող քաղաքացիները, փախստականները, ապաստան հայցողները, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Կազմակերպության հովանու ներքո Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում գործում են ցերեկային խնամքի ծառայություններ, որոնք նախատեսված են տարեց և հաշմանդամություն ունեցող  մարդկանց համար։ Շահառուները հնարավորություն ունեն ստանալ սոցիալական և հոգեբանական աջակցություն, մասնակցել տարբեր կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև պահպանել ակտիվ սոցիալական կյանք։

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը Step1. am-ի հետ զրույցում ասել է, որ կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում Արցախից տեղահանված անձանց խնդիրներին և նրանց ինտեգրմանը նոր սոցիալական միջավայրում։

««Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունն մատուցում է տարբեր սոցիալական և հոգեբանական ծառայություններ։ Տվյալ գործունեության շրջանակում մենք սպասարկում ենք նաև արցախցիներին։ Մոտ 25 գրասենյակներից իրականացվում է սպասարկման ծառայությունը։ Իրականացնում ենք նաև կանանց տնտեսական հզորացման ծրագիր, որի հիմնական թիրախը արցախցի կանայք են։ Ծրագրի շրջանակում 450 հոգու հնարավորություն կտրվի վերամասնագիտանալ կամ մասնագիտանալ, իսկ 160 հոգի հնարավորություն կունենան փոքր ֆինանսական աջակցությամբ սկսել կամ զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը», — նշել է Ալլա Հարությունյանը։

«Կանանց տնտեսական հզորացման ծրագիրը կազմակերպության կարևորագույն նախաձեռնություններից է։ Այն ուղղված է ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, այլև տնտեսական անկախության ապահովմանը։ Ծրագրի մասնակիցները կկարողանան ձեռք բերել նոր մասնագիտություններ, վերապատրաստվել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ոլորտներում և ստանալ գործնական հմտություններ, որոնք կնպաստեն նրանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում 160 կին հնարավորություն կունենա ստանալ ֆինանսական աջակցություն՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու կամ արդեն գործող փոքր ձեռնարկությունները զարգացնելու նպատակով։ Սա կարևոր քայլ է հատկապես Արցախից տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական կայունության ապահովման և ինքնուրույն եկամտի աղբյուրների ստեղծման գործում։

Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը ոչ միայն լուծում են ընթացիկ սոցիալական խնդիրներ, այլև նպաստում են շահառուների երկարաժամկետ ինքնուրույնությանը, համայնքային ներգրավվածությանը և տնտեսական կայունությանը՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում», ասել է Ալլա Արզումանյանը։

Արսեն Աղաջանյան