Ապրիլի 25-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը քննարկում էր կազմակերպել «Ղարաբաղյան կարգավորումը, Արցախի և արցախցիների ապագան» թեմայով։ Հոդվածում տեղ են գտել նաև քննարկման ժամանակ հնչած տեսակետները և առաջարկությունները:
Պարտվողը ողբում է, հաղթողը՝ կործանվում
Լատ․ առած
Կրոնից ընդօրինակված ամենաքստմնելի գաղափարը անմեղի զոհաբերությունն է։ Եթե քաղաքական միտքը սովետահայ կասկածելի որակի գրողներից է, տարակուսելու բան չկա, երբ Ղարաբաղը «կոչվում» է զավակ, իսկ Հայաստանը՝ «մայր»։ Տարօրինակ դասակարգումների շարքը պսակում է Ղարաբաղը հանուն Հայաստանի փրկության զոհելու միտքը։ Նույն ժանրից է հակառակ պնդումը, որ Հայաստանը չափազանց շատ է զոհել Ղարաբաղի համար։ Արդյո՞ք մեր հասարակությունը բավարար հարմար միջավայր է «զոհ» հասկացությունն այդքան շահագործելու համար։
Կարծես թե ամեն ինչ պարզ է. Արցախը կորցրել ենք, որովհետև պարտվել ենք պատերազմում։ Պարտվել ենք տնտեսապես ավելի ուժեղ պետության, որը լավ զինված բանակ ունի։ Հիմա էլ քաղում ենք այդ պարտության պտուղները՝ հազարավոր սպանվածներ, բռնի տեղահանվածներ, գերիներ, ավար մնացած գյուղեր, քաղաքներ, ենթակառուցվածքներ, զինամթերք, մշակութային հուշարձաններ, վեճի փաստացի լուծում Ադրբեջանի օգտին։ Հայաստանը պաշտոնապես ընդունում է իր պարտությունը, ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, համարում է Արցախի Հանրապետությունը լուծարված, սակայն ինքը շարունակում է մնալ վտանգված։ Պարզվում է, որ եթե պատրաստ ենք մոռանալ (առնվազն պաշտոնական մակարդակում), օտարվել Ղարաբաղի հարցից, անգամ ապաշխարել դրա համար, միևնույն է՝ հարցը չի փակվում։
Ադրբեջանի քաղաքականությունը կարելի է հասկանալ (ուժի դիրքից իր պայմաններն է թելադրում), մինչդեռ Հայաստանի ներսում տեղի ունեցող հետտրավմատիկ սրացումը երբեմն ծայրահեղությունների է հասնում։ «Ղարաբաղ-պարտություն» սիլլոգիզմը հանգեցրել է մեր հանրային նպատակների և կեցության հիմնավոր վերաիմաստավորման փորձերի, որտեղ դեռևս չի հաջողվում հուսալի խարիսխ գցել։
Լավագույն ուղեղները վաղուց ի վեր խորհուրդ են տալիս պատասխանները փնտրել մեր ներսում։ Քաղաքական խոսույթում փոխադարձ թիրախավորումներից այն կողմ որևէ արժեքավոր բան չկա։ Սակայն հոգևոր-ինտելեկտուալ մակարդակում Ղարաբաղի հարցը ներհայեցման առատ նյութ է ապահովում՝ ի ցույց դնելով հերթական զարմանալի տրանսֆորմացիան։
- Վերադարձի իրավունք-վերադարձ իրավունքին
Ղարաբաղի հարցի վերաբերյալ հանրային ընկալումները (ներքին) և գոյություն ունեցած բանակցային գործընթացը (արտաքինը) տարբեր ճանապարհներով են գնացել։ Ներքինը խմորվել է բուն կոնֆլիկտից առաջ և դեռ կշարունակվի շատ երկար․ այն անկախության շրջանի մեր ինքնության գլխավոր բաղադրիչներից է, ազգային առասպելաբանության ազդեցիկ և արդիական պատումներից։ Արտաքինը, հակառակը, ավելի շատ ֆոնային է եղել, անհրաժեշտ, բայց ոչ վճռական։ Երկուսի տարամիտվածությունը բնական է, քանի որ բխում է տարբեր հիմքերից։ Այդ իրականություններն ընդհանուր հայտարարի բերելու փորձերը ժամանակի ընթացքում ավելի շատ լարվածություն են առաջացրել։ Ներկայումս շատ դարձերես մարգարեներ են ի հայտ եկել, որոնք անխնա գանակոծում են մեր զանգվածային կուրությունը, բանական խոսքի նկատմամբ խլությունը և վերահաս աղետի պաթոլոգիական անտեսումը։ Երբեմն էլ ուղղակի չարախնդում՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», մոռանալով, որ ժամանակին նույնն էին ասում, ինչ բոլորը։ Դժվար է գտնել պատմական նախադեպ, երբ հաղթանակած հասարակությունները կարողացել են խույս տալ անպարտելիության խայծից, առավել ևս զոհի քրոնիկ բարդույթ ունեցող հայերս։
Տարածքների հարցն էր անկյունաքարայինը (7 շրջան), որ բանակցային գործընթացում միանշանակ մեկնաբանություն ուներ որպես վերադարձվելիք Ադրբեջանին, իսկ ներսում հայրենիքի որակավորում ուներ։ Ընդ որում, վերաբնակեցված Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները հայրենիքի առաջնակարգ համարում ստացան․ այնտեղ հասցրել է սերունդ մեծանալ։ Ժամանակին ո՞վ է գիտակցել, թե ինչ հիմնարար արժեքների հետ են խաղում։ Հնարավոր է, մեզ համակած բարոյական փլուզումը ոչ այնքան պարտությունից է, որքան այդ տարածքների հանձնումից։ Տարածքների հարցը վաղուց ավելին էր, քան տրիբունային պոպուլիզմը։ Քարվաճառը նույնքան Ղարաբաղ էր, որքան Մարտակերտը, Դադիվանքը Գանձասարից պակաս սիմվոլ չէր։ Ամենի կորուստից հետո հեշտ է ասել՝ «ժամանակին մեկը պետք է տայինք, որ մյուսը պահենք»։
Ամբողջի և մասնավորի ոլորտում եղած անորոշությունն այն խոցելիություններից է, որ 1994-ից ի վեր զրկում է մեզ շոշափելի արդյունք ակնկալող նպատակ ձևավորելու հնարավորությունից։ Ադրբեջանը կարողացել է այս հարցում մեծապես հաջողել՝ դնելով պարզ, հասկանալի, հստակ ձևակերպվող խնդիր՝ վերադարձնել Ղարաբաղը։
Այժմ, երբ չկա տարածքների և կարգավիճակի, Արցախի Հանրապետության ճանաչման խնդիր, Ղարաբաղի հարցը վերադարձել է իր «ծննդյան մաքրությանը»՝ արդարությանը և իրավունքին։ Մարդու կամ ժողովրդի սեփական տուն վերադարձի իրավունքը բոլորի համար հասկանալի և ընդունելի է, առավել քան ազգերի ինքնորոշման իրավունքը։ Վերջապես, ստացել ենք մեր ձգտած անպարտելի ճշմարտությունը, որը տրամագծորեն տարբերվում է 2020-ից առաջ տիրապետող համոզմունքին, որ առկա իրողությունն անշրջելի է։ Ստատիկ (կարծրատիպային) վիճակից տեղափոխվել ենք անկշռելիություն։
- Հայաստանի իրական հնարավորությունները և ղարաբաղցիների «պաշարված» հանրությունը
Որպես ազգային առասպելաբանություն Ղարաբաղի հարցը իրավունքի և արդարության մասին է, հասկացություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն, երբ նոր պետություն ես հիմնում։ Դրանք անչափելի մեծություններ են: Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Հայաստանն առանց Ղարաբաղյան շարժման, բայց ակհայտ փաստ է, որ շարժումն այդ վաղուց ավարտվել է։ Շարժման խումարը մեր հասարակությունը դեռևս 90-ականներին է ապրել, և Փաշինյանի պայքարը անցյալի ստվերների դեմ զավեշտալի է։ Շարժման ճշմարտությունները առաջին ղարաբաղյան պատերազմում ձևախեղվել են, և արդյունքում առաջացել է նոր պատում՝ ուժի իրավունքը։ Ուժի պաթոսը եղել է մեր սերնդի սննունդն ու պատիժը։ Այժմ չի ներվում ղարաբաղցիներին այն, ինչը ղարաբաղցիներն իրենք իրենց չեն ներում՝ ուժեղի հոգեբանության կոլապսը։
Ներկայումս, երբ Հայաստանում բարձր ամբիոններից գրոհում են երբեմնի անբեկանելի ճշմարտությունները, արցախյան հանրությունը գտնվում է սահմանային վիճակում, որպես մարմնավորում փոշիացած հույսերի և հեղինակազրկված հայկական ազգայնականության ակամա ատավիզմ։ Խոսքերը, որոնցում զգուշավորության և տակտի հետևող չկա, բլոկադայի նոր շղթայով են կապում Հայաստանի իրական կարողություններից այն կողմ հայտնված հայրենակիցներին։ Արցախցիները ներփակված են պաշտպանողական կեցվածքի մեջ և զրկված են անգամ սեփական տապալումը վերապրելու հնարավորությունից։ Մինչդեռ շատերը տարակուսում են, թե ինչու այս մարդիկ չեն ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ․․․
Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե ուժային առավելություն ունենալու ժամանակ տարածքային զիջումներով կարգավորման եզր գտնվեր։ Պատմությունը մի անգամ է կատարվում։ Միայն պետք է արձանագրել, որ տեղի ունեցածը ընթացել է ամենատրամաբանական և բանալ սցենարով։ Եկեք ազգովի ձեռք ձեռքի տանք և վերապրենք մեր բաց թողնված հնարավորություններն ու սխալները, վերստին կարդանք հայոց ռեֆլեքսիայի «ավետարանը»՝ 24-ամյա բոլշևիկի ձեռամբ գրված «Երկիր Նաիրին»․․․ Խաղաղությո՜ւն ամենեցուն։
Արամ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
Լուսանկարում՝ Քարին տակը