
«Չենք ուզում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մոտ վարքագիծ ստեղծվի, որ պետությունն անընդհատ գումարով պիտի օգնի իրենց։ Մենք պետք է խթանենք, որպեսզի այս ընտանիքները գնան եւ աշխատեն, աշխատանքի հնավորությունը մեծացնենք եւ ոչ թե անընդհատ կախվածության մեջ դնենք։ Եվ չպետք է ունենանք զուգահեռ աջակցության ծրագրեր, որոնք կխոչընդոտեն իրենց երկարաժամկետ ներառմանը»,- այսօր Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե երկու ամիսը լրանա, ի՞նչ է լինելու՝ 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը շարունակվելու, թե՞ ոչ։
«Մեր տեսլականն է ի վերջո, որպեսզի իրենք հնարավորինս մեծ ծավալով ներգրավվեն մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Դրա համար մենք նախ եւ առաջ նրանց պետք է հնարավորություն ընձեռենք աշխատելու եւ բնակարան ձեռք բերելու»,- հավելեց նախարարը։
Նա նշեց, որ բնակապահովման ծրագրին արդեն դիմել եւ հավաստագիր է ստացել 1400 արցախցի ընտանիք, իրացվել է 300 հավաստագիր։ Նախարարության տվյալներով՝ օրական կտրվածքով մոտ 12 հավաստագիր է իրացվում։