2021-ին դուք զավթել եք իշխանությունը, քանի որ սուտ խոստումներ եք տվել՝ Շուշի, ցեղասպանություն, բան․․․

  • 14:27 07.07.2025

«Այո, սա քաղաքական հետապնդման ձեւերից մեկն է, սա քաղաքական պրոցես է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ըստ ՔՊ-ի՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելը նշանակում է քննադատել ժողովրդին։ Սա ի՞նչ է, եթե ոչ մեկ անձի բացարձակ բռնապետություն, անձի պաշտամունք։

«Իսկ երբ ասում եք՝ ժողովուրդը մեզ է ընտրել, իրականում դուք ժողովրդին խաբել եք։ 2021 թվականին եղել է իշխանազավթում։ Հիշեցնեմ՝ ինչ էիք խոստանում՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց։ Խաբեցիք ժողովրդին, հիմա ի՞նչ եք ասում՝ Շուշին ո՞ւմն է, Հադրութը ո՞ւմն է։ Բա դա ի՞նչ է, եթե ոչ խաբեությամբ իշխանության զավթում։ Դուք մի բան եք խոստացել, խաբելով իշխանությունը զավթել եք։ Այնպես որ, ուրիշներին մի փորձեք իշխանազավթման մեջ մեղադրել՝ հեղաշրջում, չգիտեմ՝ մարդկանց սպանել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ են այս գործընթացները տեղի ունենում հենց այսօր, ինչո՞ւ է սա տեղի ունենում հայ-թուրքական «ճկունության» ֆոնի վրա, ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Հայաստանը «ռեւանշիստական ու ֆաշիստական» պետություն կոչելու ֆոնին։

«Որովհետեւ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանում կան ֆաշիստական ուժեր, դրանց պետք է կործանել։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի շահերը 100 տոկոսով համընկնում են։ Ալիեւն էլ չի ուզում, որ Հայաստանում լինեն ուժեր, ովքեր կասեն՝ հոպ, ձեզանից որեւէ մեկին տրված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից զրկելու իրավունքը։ Նիկոլ Փաշինւյանին էլ ձեռնտու չէ ներքին ընդդիմություն ունենալու»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։