
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Կազմակերպության հիմնադիրը հայազգի ամերիկացի Շանթ Չարչաֆճեանն է։
Շանթի նախնիները Արևմտյան Հայաստանից են՝ հին Տիգրանակերտից։
«Ես Արցախ ժամանեցի 44-օրյա պատերազմից 2 շաբաթ առաջ։ Հետագայում, հայտնվելով ռազմական գործողությունների կիզակետում, դիմեցի սփյուռքում իմ ընկերներին՝ կոչ անելով օգնել մեր հայրենի Արցախին։ Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ կոչին, և այդպես սկսեցի իմ բարեգործական գործունեությունը։ Նախևառաջ, 44-օրյա պատերազմի ժամանակ մենք աջակցություն ցուցաբերեցինք Արցախի պաշտպանության բանակին՝ անհրաժեշտ զենքի և ռազմական հանդերձանքի ձեռքբերման հարցում։
Չարաբաստիկ համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, որոշվեց ստեղծել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը՝ աջակցելու Արցախի բնակչությանը, մասնավորապես՝ զոհված զինծառայողների ընտանիքներին և այլ քաղաքացիների, ովքեր աջակցության կարիք ունեին։
«Լորիկ» հիմնադրամի գործունեությունը հետպատերազմյան շրջանում բավականին բազմազան էր։ Մենք սկսեցինք Աղավնո գյուղից։ Հնարավորինս աջակցեցինք գյուղացիներին՝ փորձելով ապահովել, որ նրանք մնան իրենց հայրենի գյուղում և, չնայած դժվար պայմաններին, շարունակեն ապրել ու արարել այստեղ։ Հետագայում մենք շրջագայեցինք հետպատերազմյան Արցախի գյուղերում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր, այդ թվում՝ ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր։ Մենք բեմադրում էին տիկնիկային ներկայացումներ երեխաների համար, կառուցում ջերմոցներ, տրամադրում հավեր, անցկացնում միջոցառումներ Արցախում սպորտի զարգացման համար և այլն։
Ավելին, Արցախում ես հանդիպեցի իմ սիրեցյալ Մարինեին։ Ամուսնությունից հետո մենք հաստատվեցինք Մարտունիում։
Հիմնադրամի ծրագրերի հիմնական մասը կենտրոնացած էր Մարտունու շրջանի գյուղերում, քանի որ, ապրելով Մարտունիում և լավ ուսումնասիրելով այս շրջանը, ես կարող էի անձամբ վերահսկել ծրագրերի իրականացման գործընթացը։ Այսպիսով, մենք շարունակեցինք աշխատել մինչև մեկօրյա պատերազմը և բռնի տեղահանությունը։
Արցախից արտագաղթից որոշ ժամանակ անց, հաշվի առնելով, որ արցախցիները, այդ թվում՝ Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսների ընտանիքները, հայտնվել էին ծանր վիճակում՝ առանց տանիքի և ապրուստի միջոցների, որոշեցինք շարունակել հիմնադրամի աշխատանքը։
Մասնավորապես, այս փուլում հիմնադրամի միջոցներն ուղղվում են մեր զոհված հայրենակիցների և այլ կարիքավորների ընտանիքների համար բնակարանների գնմանը և վերանորոգմանը։ Առաջին հերթին, մեր շահառուներն այն ընտանիքներն են, որոնք կորցրել են իրենց հարազատներին և սիրելիներին Արցախյան պատերազմների ժամանակ, քանի որ նրանց կորուստը անհամեմատելի է ոչնչի հետ։
Ակնհայտ է, որ բոլոր արցախցիները բնակարանի կարիք ունեն, բայց, ցավոք, հիմնադրամի միջոցները անսահմանափակ չեն, ուստի մենք անում ենք այնքան, որքան թույլ են տալիս մեր հնարավորությունները», – ասում է Շանթը։
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամի շնորհիվ տասնյակ արցախցի ընտանիքներ արդեն ունեն իրենց սեփական բնակարանները։ Միակ պայմանն այն է, որ բնակարանները 10 տարի կպատկանեն հիմնադրամին, և միայն այդ ժամանակահատվածից հետո ընտանիքները կստանան սեփականության իրավունք։
Մարզերում հիմնադրամը պայմաններ է ստեղծում արցախցիների համայնքային կյանքի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց կենսակերպը, ավանդույթները և մշակույթը։ Մեծ աշխատանք է կատարվում Արցախի ոչ նյութական մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու համար։ Այսպիսով, մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել արցախյան գյուղերի հանրագիտարան, որտեղ բոլորը կկարողանան տեսնել իրենց հայրենի գյուղը և նույնիսկ առցանց շրջագայել իրենց հայրենի օջախում։
«Իմ ամենանվիրական երազանքն է տեսնել ուժեղ Հայաստան, որը կվերադարձնի ոչ միայն Արցախը, այլև մեր բոլոր պատմական հողերը, այդ թվում՝ Կարսը, Էրզրումը, Վանը, Մուշը», – Step1.am-ի հետ զրույցի վերջում հավելեց Շանթը։
Արսեն Աղաջանյան