Չինաստանը առաջարկում է բարելավել, բայց ոչ փոխել համաշխարհային կառավարման համակարգը

Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում Սի Ցզինպինը առաջարկեց համաշխարհային կառավարման նոր համակարգ, որը ենթադրում ոչ թե փոփոխություն, այլ բարելավում այսօր գոյություն ունեցող աշխարհակարգի՝ հիմնված անկախ պետությունների գոյության և ՄԱԿ-ի վրա։ Որքանո՞վ է սա առնչվում Միացյալ Նահանգների կողմից առաջ մղվող նոր աշխարհակարգի հետ։ Կլինե՞ն արդյոք ինքնիշխան պետություններ, և ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ճակատագիրը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը Պեկինում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հան Չժենը նշեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ՝ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսը իրականացնելու, տարբեր ոլորտներում համապարփակ համագործակցությունը խթանելու և երկկողմ հարաբերությունները շարունակաբար նոր բարձունքների հասցնելու համար։

Ինչպիսի կոնսենսուսի մասին է խոսքը, անհայտ է, բայց Փաշինյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում և աջակցում է Գլոբալ կառավարման նախաձեռնությանը և «պատրաստ է օգտվել Չինաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատումից՝ որպես գործնական համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն»։

«ՇՀԿ Պլյուս»-ի ընդլայնված նիստում Սի Ցզինպինը առաջ քաշեց գլոբալ կառավարման նախաձեռնություն, որը բաղկացած է հինգ կետից և ընդգծում է միջազգային իրավունքին բարելավելու և բազմակողմանիության սկզբունքը պահպանելու, կրկնակի ստանդարտները մերժելու և համաշխարհային կառավարմանը բոլոր երկրների հավասար մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ անկախ չափից և հզորությունից։

ՉԺՀ առաջնորդի ելույթը վերլուծելուց հետո մեկնաբանները եկան այն եզրակացության, որ «գլոբալ կառավարումը» հիմնված է հինգ սկզբունքների վրա՝ բոլոր երկրների ինքնիշխան հավասարություն, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի հեղինակության պահպանում, մարդակենտրոն մոտեցման ներդրում, ինչպես նաև համապարփակ պլանավորման համակարգերի ամրապնդում և տարբեր երկրների ռեսուրսների մոբիլիզացում՝ ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար։

Այս համակարգը չի ենթադրում մեկ երկրի կամ ուժի առաջնորդություն։ Չինաստանը կարծում է, որ ներկայիս աշխարհակարգը արևմտակենտրոն է։