
“Դասավանդիրի” նախընտրական փուլերի ժամանակ նախատեսված էր տարածաշրջանային այց․ ապագա ուսուցիչ-առաջնորդները այցելում էին որեւէ գյուղ, որտեղ արդեն տեղակայված ուսուցիչ-առաջնորդ կար։
Մեր այցը Լոռու մարզի Աթան գյուղ էր՝ դրախտից պոկված մի հատված։ Փոքրիկ դպրոցում քիչ աշակերտներ էին սովորում։ Մեր այցելության պահին մաթեմատիկայի դաս էր՝ 4 աշակերտների մասնակցությամբ։ Ուսուցչուհին սիրով ու եռանդով էր պատմում դասը, իսկ լսարանը՝ երեք աղջիկ ու մեկ տղա։
Գյուղում միշտ ուշադրություն եմ դարձնում երեխաների ձեռքերին։ Դրանք նման չեն քաղաքում ապրող երեխաների ձեռքերին․ նույն տարիքի, բայց տարբեր ձեռքեր ունեն՝ հատկապես տղաները։
Նույն թվաբանությունն էին սովորում, գուցե ունեին նույն երազանքները, բայց գյուղում ապրող երեխաների համար երազանքին ու նպատակին հասնելու ուղիները շատ տարբեր են։
Հիմա, երբ արդեն ես եմ ուսուցիչ-առաջնորդ, էլի նայում եմ երեխաների ձեռքերին, բայց նաեւ աչքերին, ժպիտին․․․
Երբ նոր էի ծանոթանում երեխաների հետ, ուշադիր լսում էի, թե ինչ երազանքներ ունեն՝ ֆուտբոլիստ, շինարար, երբեմն պարեկ, իրավաբան, հոգեբան․․․
Դասավանդիրի ամենակարեւոր սկզբունքներից մեկը կրթական արդարակշռությունն է՝ կրթությունը պետք է լինի հավասար ու հասանելի բոլորի համար։ Հայաստանում քիչ չեն այն դպրոցները, որտեղ մասնագետի խնդիր կա։ Քիչ չեն նաեւ այն դպրոցները, որտեղ դասերն անցկացվում են առցանց ձեւաչափով։ Բայց եթե լույսերը հանկարծ անջատվեն, աշակերտները կմնան սեւացած էկրանների առաջ՝ ուսուցչի փոխարեն։
Կոթիում առաջին շաբաթը երեխաներին ծանոթանալու շաբաթն էր։ Հովիկը՝ մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Հովսեփյանը, նաեւ դասղեկական դասարան ունի, եւ նախորդ կիրակի երեխաները նրան ֆուտբոլի էին հրավիրել։ Մեր ընկերները, ովքեր ապրում են հարեւան Ոսկեւան գյուղում եւ «Թեք ֆոր Արմենիայի» մասնակից են (ապրում են իրենց գյուղում եւ տեխնոլոգիական կրթություն տալիս այլ գյուղի աշակերտների, որոնց մասին մի օր անպայման կպատմեմ իմ օրագրում), նույնպես օրվա մասնակից դարձան։
Տղաներն ու աղջիկները խաղում էին, եւ հաճախ լսվում էր Պավելի անունը։
– Գիտես չէ՞, Պավելը բացառիկ երեխա է, բայց քանի որ գյուղում է, իր պոտենցիալն համապատասխան ճանաճում չունի,- ցավով ասաց Արտակը։
«Բայց քանի որ գյուղում է․․․»։ Այս նախադասությունը երկար պտտվում էր իմ մտքում։ Գյուղ գալու մեր առաքելություններից մեկն էլ հենց սա է․ կարեւոր չէ, թե որտեղ ես երազում․ ամուր ու գիտակից քայլերով նպատակին հասնելն է կարեւոր, եւ կապ չունի՝ մեկնարկը տվել ես սահմանից, թե մայրաքաղաքի կենտրոնից։
Ֆուտբոլն ավարտվեց, եւ անձրեւ սկսվեց։ Մեր նոր տան խմելու ջուրն էլ ավարտվել էր։ Մեքենայով գնում էինք վերեւի աղբյուրը ջուր բերելու։ Անձրեւը վարարում էր, իսկ գյուղի սկզբում նախիրը շատ դանդաղ էր առաջ շարժվում՝ չենթարկվելով ամառային հագուստով, թրջված դպրոցական տղային։ Աչքերս լցվեցին, այնինչ նա պարզապես կովերին տուն էր տանում․ իմ ամենախելոք աշակերտներից մեկն էր․․․
Քաղաքում եւ գյուղում ապրող տղաների ձեռքերը շա՜տ տարբեր են, նպատակին հսնելու ճանապարհները՝ եւս․․․
Մարիամ Սարգսյան