ՀՀ խորհրդարանի խոսնակը արդարացնում է Ալիևի ցեղասպանական գործողությունները

  • 10:28 12.09.2025

Ադրբեջանցիներն ունեն իրենց վերքերը, Ադրբեջանում հավատում են, չեմ ասում՝ սա ճիշտ է, թե ոչ, բայց նրանք կարծում են, որ Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել իրենց երկրի տարածքի 20%-ը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Մեկ շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը այցելել է Ղրղզստանում գտնվող Չինգիզ Այթմատովի թանգարան և հիշել, որ նա է շրջանառության մեջ դրել «մանկուրտ» բառը։ Սիմոնյանը անտարբեր չէ այս բառի նկատմամբ. երկու ամիս առաջ նա լրագրողներին է անվանել մանկուրտներ։ Ըստ երևույթին, այս բառը նրա համար ցավոտ ախտորոշում է, որը նա անհաջող փորձում է թաքցնել ցինիզմով։

Մանկուրտ Սիմոնյանը, ով լավ հիշում է, որ «ադրբեջանցիները վերքեր ունեն», չի հիշում, որ 100 տարի շարունակ հայ ժողովուրդը կոտորվել է թուրքերի կողմից և վտարվել իր հայրենիքի 9/10-ից, որ Նախիջևանը հայաթափվել է դեռևս Հայաստանի անկախության հռչակումից առաջ, և որ 30 տարի Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ դիմադրած հայկական Արցախը ենթարկվել է ցեղասպանության և օկուպացվել ընդամենը 2 տարի առաջ։ Իսկ Ալեն Սիմոնյանը անձամբ մեղադրել է արցախցիներին իրենց հողը լքելու և այնտեղ չմնալու ու չմեռնելու մեջ։

Այժմ Ալեն Սիմոնյանը բացահայտորեն արդարացնում է Ալիևի ցեղասպանական գործողությունները այն փաստով, որ «հայերը 30 տարի օկուպացրել են ադրբեջանական հողերը»։ Ճիշտ այնպես, ինչպես թուրքերը հայերի ցեղասպանությունն արդարացնում են այն փաստով, որ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ հայերը «անցել են թշնամու կողմը», չնայած հայերը պարզապես ցանկանում էին ապրել իրենց հազարամյա հողում։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարևոր է կանխել ցանկացած ապագա սպառնալիք և թույլ չտալ, ասենք, 50 կամ 100 տարի հետո… Ամեն ինչ կարող է պատահել», – նշել է Ալեն Սիմոնյանը։

Իսկ մի՞թե Հայաստանի համար կարևոր չէ կանխել սպառնալիքը։ Թե՞ հայերը դատապարտված են հավերժական ցեղասպանության՝ մինչև վերջին հային։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Ալեն Սիմոնյանը և նրա թիմը, որպեսզի Հայաստանը կարողանա դիմադրել սպառնալիքի դեպքում։ Չնայած այս կառավարության «դիմադրությունը»՝ բանակի, սահմանների, ադրբեջանցիներ «սպանողների» վերացումն է։

«Լարվածություն կա, վերքերը թարմ են։ Ւ՞նչ է, մենք մարդկանց չե՞նք սպանել։ Մարդիկ չե՞ն մահացել ադրբեջանական կողմից», – վրդովվել է Սիմոնյանը։

Մնում է միայն գտնել «մարդասպաններին» և արտահանձնել Հունգարիա։ Այնտեղ մարդասպաններին լավ են դատում, արդար, հետո ուղարկում Բաքու։