
Այն արցախցիները, որոնք ունեն 070 կոդով անձնագրեր եւ որոնց ՀՀ կառավարությունը Հայաստանի քաղաքացի չի համարում, կարող են դիմել դատարաններ եւ վերականգնել իրենց ընտրելու իրավունքը։
Այս տարի արդեն կան մի քանի վճիռներ, որոնցով դատարանները վերականգնել են 070 կոդով անձնագիր ունեցող արցախցիների ընտրելու իրավունքը։ Սա նշանակում է, որ այդ անձինք 070 կոդով անձնագրով կարող են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Նշենք, որ 2021 թվականին եւս նման նախադեպ կար, դատարանները բավարարել էին 100-ից ավելի հայցեր եւ արցախցներին հնարավորություն տվել մասնակցել քվեարկությանը։ Դատարաններն այս որոշումներով փաստացի ճանաչում են արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելու փաստը։
Այս տարի կայացված վճիռներից մեկում նշվում է․ «Դատարանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի իրավակարգավորումները, արձանագրում է, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիությունը չի կարող դադարեցվել /դադարեցված համարվել/՝ կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով»։
Այն արցախցիները, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց ընտրելու իրավունքը, իրավական աջակցություն ստանալու համար կարղ են դիմել արցախցի Մարատ Եգանյանին։
Նշենք, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը եւս հայտարարել է, որ արցախցիների անունից հայց կներկայացնի դատարան՝ վերականգնելու նրանց ընտրելու իրավունքը։