Երևանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի որոշմամբ անշարժ գույքի հարկի մասով արտոնություններ են ստանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամները, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները՝ տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն:
Month: Սեպտեմբեր 2025
Երևանում կկայանա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպումը
2025 թվականին Երևանում կկայանա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպում՝ Հյուսիս-Հարավ միջպետական երկաթուղու իրականացման և Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ը։
Նշվում է, որ սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Իրանի, Հնդկաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների երրորդ հանդիպումը։
Կողմերը շեշտել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում, Հայաստանի քառակողմ խաղաղության նախաձեռնությունում և այս առումով Չաբահար նավահանգստի ռազմավարական դիրքի օգտագործման գործում։
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում սեպտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Մեղավոր կլինեն ընտրողները, ովքեր Փաշինյանին մուրճ և «պողպատե մանդատ» են տվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի իր էջում աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել։
Ինչպես երևում է լուսանկարից, համակարգչի դիմաց մուրճ է՝ պողպատե մանդատ գրությամբ։
Թուրքական պատվիրակության Հայաստան ժամանման նախօրեին Փաշինյանը ապագա քայլերի պատասխանատվությունը՝ երկիրը «խաչմերուկի» վերածելը, հայ-իրանական սահմանից հրաժարվելը և ռազմատենչ ընտրարշավը՝ տեղափոխում է այն ընտրողների վրա, ովքեր նրան մուրճ և «պողպատե մանդատ» են տվել։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում
Երազանքի ճանապարհները գյուղում եւ քաղաքում. Մարիամ Սարգսյանի օրագիրը
“Դասավանդիրի” նախընտրական փուլերի ժամանակ նախատեսված էր տարածաշրջանային այց․ ապագա ուսուցիչ-առաջնորդները այցելում էին որեւէ գյուղ, որտեղ արդեն տեղակայված ուսուցիչ-առաջնորդ կար։
Մեր այցը Լոռու մարզի Աթան գյուղ էր՝ դրախտից պոկված մի հատված։ Փոքրիկ դպրոցում քիչ աշակերտներ էին սովորում։ Մեր այցելության պահին մաթեմատիկայի դաս էր՝ 4 աշակերտների մասնակցությամբ։ Ուսուցչուհին սիրով ու եռանդով էր պատմում դասը, իսկ լսարանը՝ երեք աղջիկ ու մեկ տղա։
Գյուղում միշտ ուշադրություն եմ դարձնում երեխաների ձեռքերին։ Դրանք նման չեն քաղաքում ապրող երեխաների ձեռքերին․ նույն տարիքի, բայց տարբեր ձեռքեր ունեն՝ հատկապես տղաները։
Նույն թվաբանությունն էին սովորում, գուցե ունեին նույն երազանքները, բայց գյուղում ապրող երեխաների համար երազանքին ու նպատակին հասնելու ուղիները շատ տարբեր են։
Հիմա, երբ արդեն ես եմ ուսուցիչ-առաջնորդ, էլի նայում եմ երեխաների ձեռքերին, բայց նաեւ աչքերին, ժպիտին․․․
Երբ նոր էի ծանոթանում երեխաների հետ, ուշադիր լսում էի, թե ինչ երազանքներ ունեն՝ ֆուտբոլիստ, շինարար, երբեմն պարեկ, իրավաբան, հոգեբան․․․
Դասավանդիրի ամենակարեւոր սկզբունքներից մեկը կրթական արդարակշռությունն է՝ կրթությունը պետք է լինի հավասար ու հասանելի բոլորի համար։ Հայաստանում քիչ չեն այն դպրոցները, որտեղ մասնագետի խնդիր կա։ Քիչ չեն նաեւ այն դպրոցները, որտեղ դասերն անցկացվում են առցանց ձեւաչափով։ Բայց եթե լույսերը հանկարծ անջատվեն, աշակերտները կմնան սեւացած էկրանների առաջ՝ ուսուցչի փոխարեն։
Կոթիում առաջին շաբաթը երեխաներին ծանոթանալու շաբաթն էր։ Հովիկը՝ մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Հովսեփյանը, նաեւ դասղեկական դասարան ունի, եւ նախորդ կիրակի երեխաները նրան ֆուտբոլի էին հրավիրել։ Մեր ընկերները, ովքեր ապրում են հարեւան Ոսկեւան գյուղում եւ «Թեք ֆոր Արմենիայի» մասնակից են (ապրում են իրենց գյուղում եւ տեխնոլոգիական կրթություն տալիս այլ գյուղի աշակերտների, որոնց մասին մի օր անպայման կպատմեմ իմ օրագրում), նույնպես օրվա մասնակից դարձան։
Տղաներն ու աղջիկները խաղում էին, եւ հաճախ լսվում էր Պավելի անունը։
– Գիտես չէ՞, Պավելը բացառիկ երեխա է, բայց քանի որ գյուղում է, իր պոտենցիալն համապատասխան ճանաճում չունի,- ցավով ասաց Արտակը։
«Բայց քանի որ գյուղում է․․․»։ Այս նախադասությունը երկար պտտվում էր իմ մտքում։ Գյուղ գալու մեր առաքելություններից մեկն էլ հենց սա է․ կարեւոր չէ, թե որտեղ ես երազում․ ամուր ու գիտակից քայլերով նպատակին հասնելն է կարեւոր, եւ կապ չունի՝ մեկնարկը տվել ես սահմանից, թե մայրաքաղաքի կենտրոնից։
Ֆուտբոլն ավարտվեց, եւ անձրեւ սկսվեց։ Մեր նոր տան խմելու ջուրն էլ ավարտվել էր։ Մեքենայով գնում էինք վերեւի աղբյուրը ջուր բերելու։ Անձրեւը վարարում էր, իսկ գյուղի սկզբում նախիրը շատ դանդաղ էր առաջ շարժվում՝ չենթարկվելով ամառային հագուստով, թրջված դպրոցական տղային։ Աչքերս լցվեցին, այնինչ նա պարզապես կովերին տուն էր տանում․ իմ ամենախելոք աշակերտներից մեկն էր․․․
Քաղաքում եւ գյուղում ապրող տղաների ձեռքերը շա՜տ տարբեր են, նպատակին հսնելու ճանապարհները՝ եւս․․․
Մարիամ Սարգսյան
ՀՀ կառավարությունը արցախցիների հարցերից վախենում է ինչպես կրակից. նոր ալիք
Ստեփանակերտ, 2023թ.
Սոցիալական հարցերի և աշխատանքի նոր նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցի մի հատված, որտեղ ներկայացրել է արցախցիներին հայաստանյան հասարակությանը ինտեգրելու ծրագրերը։
Թորոսյանը նշել է, որ իշխող ուժը չի ցանկանում մոլորեցնել մեր «եղբայրներին և քույրերին», ի տարբերություն ընդդիմության, որը խոսում է «Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու» մասին։ «Ինչպե՞ս եք դա անելու, ենթադրենք՝ իշխանության եք գալու 2026 թվականին», – հարցնում է Արսեն Թորոսյանը։
Նա ասում է, որ ներկայիս կառավարության մոտեցումն է արցախցիներին հնարավորինս ինտեգրել հայ հասարակությանը։ Թորոսյանը հիշեցրել է, որ բնակարանային ծրագրի շրջանակներում արդեն իրացվվել է 800 վկայական, և ներկայացվել է 2000 դիմում։
Նախարարը նշել է, որ կմշակվեն նոր ծրագրեր, մասնավորապես՝ զբաղվածության և երեխաների կրթության հետ կապված։ Նա կոչ է արել փակել Ղարաբաղի հարցը, որը «ինքնիստիկյան փակվել է, հենց նույն ընդդիմության մեղքով»։
Արսեն Թորոսյանը, ըստ էության, պատասխանում է ոչ թե արցախցիներին, այլ ընդդիմությանը, որը իրոք դատարկ թեզեր է առաջ քաշում՝ առանց կոնկրետ լուծումներ առաջարկելու։ Չնայած կարևոր չէ, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը։
Նախարար Թորոսյանը ճիշտ քայլ կաներ, եթե լսեր հենց արցախցիներին։ Տեղահանությունից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը այդպես էլ համարձակություն չի ունեցել ուղղակիորեն պատասխանել արցախցիների պարզ հարցերին։ Հանդիպումներ չեն եղել, արցախցիների կարիքների իրական գնահատում չի եղել, նրանց կոլեկտիվ իրավունքներն ու շահերը ձևակերպելու փորձ չի արվել։ Նույնիսկ եթե դրանք ներկայումս անիրագործելի են, այդ իրավունքները գոյություն ունեն, և միայն նրանք, ովքեր դիտավորյալ ոտնահարում են այդ իրավունքները, կարող են չտեսնելու տալ դրանք։
Արցախցիների կողմից ինքնակազմակերպվելու, բողոքի ակցիաներ անցկացնելու և իրենց պահանջները ձևակերպելու փորձերը գնահատվում են որպես «ահաբեկչություն» և «իշխանությունը զավթելու» փորձ։ Արցախցիների՝ որպես Հայաստանի քաղաքացիների իրավունքները չեն ճանաչվում՝ չնայած կապույտ անձնագրերի առկայությանը։ Ոչ ոք չի խոսում նրանց գույքային իրավունքների, կորցրած մասնավոր և կոլեկտիվ սեփականության մասին։ Չի ասվում, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրավունք ուներ ստորագրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 2022 թվականի Պրահայի հայտարարությունը։
Հայաստանի կառավարությունը վախենում է այս պարզ հարցերից, ինչպիսին կրակից, քանի որ դրանց պատասխանները կլինեն կառավարության քաղաքականության ձախողման խոստովանություն: Պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է, այդ իսկ պատճառով կառավարությունը ծածկում է իր սեփական պարտավորությունների չկատարումը՝ “պայքարելով” գոյություն չունեցող ընդդիմության դեմ, արցախցիներին անվանելով ռուսամետ «ահաբեկիչներ», որոնք չգիտես ինչի համար ուզում են խլել ներկայիս կառավարիչների կերակրատաշտը։
Ամառային արձակուրդներից և սեպտեմբերի 2-ին արցախցիների «լուռ» հանրահավաքից հետո Հայաստանում փաստացի սկսվել է արցախցիների իրավունքների ոտնահարման նոր ալիք՝ որպես Սյունիքի «արտահանձման» նախապատրաստություն։
Երեկ Աննա Հակոբյանի եղբայրը նույնպես իր կարծիքն է հայտնել՝ կրկին մեղադրելով արցախցիներին «մեզ» չլսելու, Ղարաբաղում չմնալու մեջ․ Հայաստանին մեղադրում էին միջանցքը չբացելու մեջ, հիմա եկել են Հայաստան և խնդրում են վերադառնալ, ասել է նա։
Աննա Հակոբյանի եղբայրը, ըստ էության, բացահայտում է մեծ «գաղտնիք»՝ հաստատելով, որ Բերձորի միջանցքի բացումը կախված էր հենց Հայաստանի կառավարությունից։ Թեկուզ դեռևս 2023 թվականին Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իրենք չեն պահանջում Բերձորի փակված միջանցքի բացումը, որպեսզի Բաքուն չպահանջի «Զանգեզուրի միջանցքը»։ Այժմ, երբ Վաշինգտոնում ստորագրվել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիրը, Աննա Հակոբյանի եղբայրը մեղադրում է Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկվելուն չհամաձայնվելու և Ղարաբաղը լքելու մեջ, “և նրանք դեռ հարցեր են տալիս, յաա”։
Արցախի ժողովուրդը չի խնդրում վերադառնալ «Ադրբեջան», ինչպես ասում են Հայաստանի կառավարության և ընդդիմության անդամները։ Արցախցիները պարզ և հստակ հարցեր են տալիս իրենց իրավունքների մասին, որոնք հիստերիա են առաջացնում Հայաստանի կառավարության մոտ, իսկ ընդդիմությունը ամոթալիորեն աչքերը իջեցնում է։
«Մի դրամի ուժը» դրամահավաքի սեպտեմբերյան հասույթը՝ «Մունք»-ին
2023թ․-ից Արցախից տեղափոխված «Մունք» տեխնոդպրոցը տեղակայվեց Լոռու մարզի Տաշիր քաղաքի մշակույթի տանը։
Ծրագրի առաջին՝ «Բացահայտում» փուլից հետո «Մունք»-ը նպատակ ունի մասնագիտական կրթության շարունակականությունը ապահովել՝ համապատասխան ենթակառուցվածքներով հագեցած տեխնոդպրոցի շենքում։
Այդ նպատակով հայտաարվել է դրամահավաք, որին կարող եք միանալ այս հղումով։
«Մունք»-ի հիմնադիր Աշոտ Ավանեսյանը օրերս լավ նորությամբ կիսվեց՝ «ԱՅԴԻ բանկի» «Մի դրամի ուժը» նախագծի ողջ հասույթը կուղղի Տաշիրում լիարժեք տեխնոդպրոց ունենալու Աշոտի մեծ նպատակին։
«Մունք»-ի գործունեության մասին կարդացեք այստեղ։
Մարիամ Սարգսյան
Ք. Քոքսի վերականգնողական կենտրոն. օգնություն հազարավոր մարդկանց
Այսօր ֆիզիոթերապիայի միջազգային օրն է, այն մարդկանց օրը, ովքեր առանձնահատուկ դեր ունեն բուժման գործընթացում, քանի որ զբաղվում են հիվանդների վերականգնմամբ: Վերականգնումը ոչ միայն քաղաքացիների բուժումն ու առողջության բարելավումն է, այլև գործընթաց, որն ուղղված է առավելագույն անկախության և հասարակության մեջ անկախ և հավասար կյանքի համար պատրաստվածության հասնելուն։
Այս ոլորտի արդիականությունը հատկապես զգացվում է հետպատերազմյան շրջանում: Այսպիսով, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ստեղծման պատմությունը անբաժանելիորեն կապված է առաջին արցախյան պատերազմի ավարտի հետ։
Կենտրոնը ստեղծվել է 1998 թվականին՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, ով մասնագիտությամբ բուժքույր էր և հասկանում էր վերականգնողական բուժման կարևորությունը հետպատերազմյան շրջանում:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Վարդան Թադևոսյանը, լինելով մեծ փորձ ունեցող ֆիզիոթերապևտ և դասախոս, կազմակերպեց մասնագետների պատրաստման մեկամյա դասընթաց: Որից հետո, 2000 թվականին, կենտրոնը սկսեց գործել։
Չնայած այն հանգամանքին, որ կենտրոնի շենքը ի սկզբանե հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար, աշխատակիցների քրտնաջան աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ժամանակի ընթացքում կենտրոնը դարձավ եզակի իր ֆունկցիոնալությամբ ոչ միայն Արցախում, այլև մեր ամբողջ տարածաշրջանում։
25 տարվա գործունեության ընթացքում Արցախում Ք. Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը դարձել է երկրորդ տուն բոլոր շահառուների համար, քանի որ կենտրոնի աշխատակիցները միշտ շրջապատել են նրանց ջերմությամբ և հոգատարությամբ: Ամեն տարի այստեղ վերականգնողական ծառայություններ են ստացել տարբեր ախտորոշումներով հազարից ավելի մարդիկ: Այդ թվում՝ Արցախյան պատերազմի մասնակիցներ, վիրավորված մարտական գործողությունների ժամանակ, երեխաներ և տարեցներ։
Շահառուներին բուժել են մասնագետների լայն շրջանակ՝ ֆիզիոթերապևտներ, վերականգնողական բժիշկ, թերապևտ, լոգոպեդներ, հոգեբաններ, արտթերապևտներ, սոցիալական աշխատողներ և այլն։
Վերականգնողական կենտրոնն ուներ աուտիզմով երեխաների համար նախատեսված ցերեկային խնամքի կենտրոն, ինչպես նաև մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում էին ինչպես առողջ, այնպես էլ տարբեր ախտորոշումներ ունեցող երեխաներ: Այսպիսով, կազմակերպվեց շահառու երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու գործընթացը։
Գործում էին տարբեր խմբակներ՝ նկարչություն, կավագործություն, ձեռագործություն և այլն: Իրականացվում էին թերապիայի տարբեր մեթոդներ, մասնավորապես՝ Բոբաթ մեթոդը, ջրաթերապիա և շատ ավելին։
Հիմնադրումից ի վեր կենտրոնի մասնագետները բժշկական օգնություն էին ցուցաբերում նաև տանը: Դրա շնորհիվ հարյուրավոր ծանր ախտորոշումներով հիվանդներ կարողացան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։
Վերականգնողական թիմը չդադարեց աշխատել նույնիսկ շրջափակման դժվարին ժամանակահատվածում և դադարեցրեց գործունեությունը միայն Արցախից արտագաղթի օրերին: Արցախից արտաքսվելուց որոշ ժամանակ անց կենտրոնի մասնագետները, տնօրենի և հիմնադիր՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի ղեկավարությամբ, բացեցին հասարակական կազմակերպություն: Այս կազմակերպության շրջանակներում կենտրոնի աշխատակիցները շարունակում են կատարել չափազանց կարևոր առաքելություն:
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Կենտրոնի մասնագետներն աշխատում են Երևանի այրվածքաբանության կենտրոնում՝ օգնելով կենտրոնի բժշկական անձնակազմին Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորվածների վերականգնման գործում, որի շնորհիվ մեր տասնյակ հայրենակիցներ անցել են վերականգնողական բուժում և վերադարձել լիարժեք կյանքի։
Հուսանք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի միջոցներ գտնել այս նախագիծը վերսկսելու համար, քանի որ տուժածներից շատերը կարիք ունեն հետագա վերականգնման։
Շարունակվում է «Զարգացում և ինտեգրում» նախագիծը։ Նախագծի շրջանակներում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ տարբեր ախտորոշումներով, այդ թվում՝ աուտիզմով, Դաունի համախտանիշով, ուղեղային կաթվածով և այլն, երեխաների համար ժամանցի կազմակերպման համար։ Արձակուրդներ և էքսկուրսիաներ են անցկացվում դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր՝ Արցախից և Հայաստանից ժամանած 100 երեխաների և դեռահասների մասնակցությամբ։
Բարոնուհի Քերոլայն Քոկսի և այլ բարերարների աջակցությամբ 2024 թվականին Եղվարդում գնվեց շենք: Շենքը ամուր է, բայց հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ պատճառով ներկայումս ընթանում է վերակառուցում: Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին կբացի իր դռները բոլոր նրանց համար, ովքեր վերականգնման կարիք ունեն։
Արսեն Աղաջանյան
Երկար սպասված նպատակին հասնելու համար կարևոր է աջակցել կազմակերպությանը: Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հաշիվները ACBA բանկում.
AMD-220313350666000
USD-220313350419001
EUR-220313350328002
GBP-220313350021003
“Այն ժամանակ ասում էինք՝ դուրս մի եկեք Ղարաբաղից, հիմա էլ ուզում են գնան”․ Աննա Հակոբյանի եղբայր
Սեպտեմբերի 8–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով արցախցիների հնարավոր վերադարձին, ասաց. «Այն ժամանակ իրենց ասում էինք՝ դուրս մի՛ եկեք Ղարաբաղից, ասում էին՝ մեզ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում վերադառնանք Արցախ»։ Այդ մասին հայտնում է news.am-ը։
Դիտարկմանը, թե ոնց կարող են արցախցիներն ապրել ադրբեջանցիների հետ, Հակոբյանն ասաց. «Բա հիմա ինչու եք ուզում վերադառնալ Արցախ։ Մենք էլ էինք ուզում, որ իրենք ապրեն անվտանգ, դրա համար ասում էինք՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցնել այն փուլին, որ Եվլախում ստորագրեն Արցախի լուծարման փաստաթուղթ։
Իրենք իրենց որոշել են՝ ինչ պետք է ստորագրվի, ստորագրել են։ Նիկոլ Փաշինյանի ոչ մի դրույթ չի առաջարկել»։
Հարցին՝ չի կարծո՞ւմ, որ եթե Հայաստանի վարչապետը Պրահայում չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, գուցե իրավիճակն այդքան չվատանար, նա պատասխանեց. «Չէ, չեմ կարծում»։
Հանցագործության ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի իշխանությունն է եւ ինքն է նախաձեռնում այս ամենը
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է Հայաստանի Հանրապետության տարածքը մեկ մարդու կողմից ճանաչվում 29,8 քառակուսի կմ։ Ի՞նչ իրավական ուժ ունի այս առումով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիրը։
Լարիսա Ալավերդյանն առաջի հերթին հիշեցնում է,ո ր Ադրբեջանը հրաժարվել է սովետական Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Եվ երբ Հայաստանը խոսում է ինչ-որ քառակուսի կիլոմետրերի մասին, հաշվի չի առնում ոչ Ադրբեջանի սահմանադրությունը, ոչ էլ այն հայտարարությունը, որն արվել է նախքան Ալմա Աթայի՝ այդ չարաբաստիկ եւ ամբողջովին ապօրինի հռչկագրի ընդունումը։
Նրա խոսքով՝ ցանկացած անձ, որը ստորագրում է որեւէ փաստաթուղթ՝ հայտարարելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքը Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագիրն է, հանցագործություն է գործում միջազգային իրավունքի դեմ։ Ոչ թե աղավաղվում է իրավիճակը, այլ ուղղակի հակառակն է ասվում, ինչ գրված է այդ հռչակագրում։
«Բոլոր այն քաղաքագետներ ու փորձագետներ կոչվածները, որոնք ջատագով են վաշինգտոնյան կամ այլ փաստաթղթերի, նրանք կարդացե՞լ են այդ հռչակագիրը։ Հռչակագրի մեջ հստակ գրված է՝ նախկին սովետական հանրապետությունները, որոնք անկախություն են հայտարարել, ճանաչում են իրար գոյություն ունեցող սահմանները։ Այսինքն՝ այն սահմանները, որոնք կայացել են մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 21-ը։ Այդ տեքստը գրված է ռուսերեն, եւ եթե Ռուսաստանի լինի նախագահը կամ արտգործնախարարը հայտարարում են, որ այդ սահմանները, որոնք պետք է ճանաչվեն, ձեւավորվել են 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, նրանք բոլորը չարամտորեն, կանխամտածված աղավաղում են այն միջազգային պայմանագիրը, որն իրենք կնքել են։ Եվ այս առումով ՀՀ կողմից հայտարարել 29,8 հազար եւ չգտեմ ինչ կիլոմետրեր, նշանակում է, որ նրանք կամավոր ձեւով ուղղակի հանձնում են այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել են եւ որոնք միջազգային իրավունքի իմաստով երբեւիցե չեն հանդիսացել ժամանակակից ադրբեջանական հանրապետության անքակտելի մասը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը կանխամտածված ու աղավաղված դրվել է եւ նոյեմբերի 9-ի, եւ 2022 հոկտեմբերի 6-ի, եւ վաշինգտոնյան նախաստորգրված փաստաթղթի հիմքում։ Նա նշեց՝ այս գործընթացի ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի իշխանությունն է եւ ինքն է նախաձեռնում այս ամենը, եւ ստացվում է, որ միջազգային հանրությունը կանխամտածված Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի իրավունքներն ուղղակի զրոյացնում են։ Եվ դա անում են ոչ թե Ադրբեջանի օգտին, այլ իրենց կարճատեւ աշխարհաքաղաքական նպատակների համար։ «Զանգեզուրյան կոչված ճանապարհի պատճառով Հայաստանն ամբողջովին կտրվում է արտաքին աշխարհից, քանի որ արտաքին աշխարհի հետ առնչվելու իր միակ ճանապարհներն Իրանն ու Վրաստանն են։ Քանի որ մենք տեսնում ենք, որ նաեւ Վրաստանն է շնորհավորում Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար, նշանակում է, որ նա եւս անուղակի ձեւով ոտնահարում ու իջեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը»,- հավելեց Ալավերդյանը։
Ռոզա Հովհաննիսյան
Լավրով. Պարզվեց, որ Բաքուն և Երևանը Վաշինգտոնում ամեն ինչ չեն համաձայնեցրել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի տեսնել, թե ինչպես է իրականում գործելու ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը։
Նա ասել է, որ համաձայնությունների հասնելը «մեր հարևանների» ինքնիշխան իրավունքն է, միաժամանակ նշելով, որ սկզբնական ոգևորված արձագանքները փոխարինվել են կասկածամիտ գնահատականներով։
«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես է այն (Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը – խմբ.) գործելու, քանի որ Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված արձագանքները, ապա, երբ փաստաթուղթը հրապարակվեց, փոխարինվել են կասկածամիտ գնահատականներով։ Եվ, ինչպես պարզվեց, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է», – ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի կողմից կնքված համաձայնագիրը ծագել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020-2022 թվականների համաձայնագրերից։











