Արցախցի Արմենի և Գոհարի 10-րդ զավակը՝ Հայկը, Արցախից տեղահանվելուց հետո է ծնվել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում։ Կարապետյանների ընտանիքում բոլորն ուրախ ու երջանիկ են Հայկի ծննդով։ Նորածնի անունը եղբայրներն ու քույրերն են ընտրել՝ կոչելով Հայկ Նահապետի անունով։
Արմենն ու Գոհարը բարերար Լևոն Հայրապետյանի մեծ հարսանիքում ձևավորված ընտանիքներից են և հարսանիքին համահունչ նրանց ընտանիքը ևս մեծ է ու համերաշխ։
Տեղահանությունից հետո, Վայք քաղաքից Կարապետյաններին ուղղորդել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, որտեղ և ապրում են մինչև այսօր։ Ինչպես տիկին Գոհարն է ասում՝ 3 սենյականոց բնակարանը, որը վերափոխված է 4-ի, չի նեղում իրենց․ կարևորը երեխաները առողջ լինեն, իսկ իրենց սեփական տունը, համոզված է, կունենան մի օր։
-Առաջնեկս՝ Ալբերտը, ծնվել է 2009 թվականին։ Հետո ծնվել են Անգելինան, Մհերը, Նվերը, Կարինեն, Արթուրը, Ռոբերտը, Լարիսան, Դավիթը։ Ռոբերտը ծնվել է 2016 թվականի քառօրյա, իսկ Դավիթը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմներից հետո։ Չնայած հետպատերազմյան դժվարություններին՝ մեր ընտանիքում նոր ծնունդները մեծ ուրախություն էին պարգևում և վերստին ապրելու հավատ ներշնչում։ Արցախի տեղահանությունից հետո Հայկիս ծնունդը մեր բազմանդամ ընտանիքին վերածնվելու մեծ հույս հաղորդեց։ Այս երկու տարիների ընթացքում առաջին անգամ իմ երեխաները լիաթոք ուրախացան։ Կրտսեր եղբոր կողքից չեն հեռանում ավագները։ Դավիթին համոզելով ենք մանկապարտեզ ուղարկում։ Ասում է՝ ուզում եմ Հայկի մոտ մնալ,- պատմում է երջանիկ մայրը և մեր զրույցի ընթացքում երեխաներին ուղարկում տարբեր խմբակներ՝ չմոռանալով ամեն մեկին մի քաղցր խոսք ասել և նորից շտկել նրանց կոկիկ ու մաքուր հագուստը։
Չնայած տիկին Գոհարը չի տրտնջում ու աշխատում է չխոսել բազմաթիվ խնդիրների մասին, բայց մենք լավ գիտենք, որ շատ դժվար է խնամք տանել 10 երեխաների համար, լուծել նրանց ամենօրյա սննդի ու կենցաղային հարցերը։
-Երկու երեխաներս ուսանող են, մեկը հաճախում է մանկապարտեզ, իսկ մյուսները՝ դպրոց։ Բացի Ռոբերտից, մնացածները գրեթե հարմարվել են նոր միջավայրին։ Հաճախում են տարբեր խմբակներ, մասնակցում են միջոցառումների, ունեն լավ ընկերներ։ Ռոբերտը ամեն օր ասում է՝ ե՞րբ ենք տուն գնալու, ու դա մեծ ցավ է պատճառում ինձ, որովհետև չգիտեմ հարցի պատասխանը։
Մեր ընտանիքի եկամուտները պետության կողմից տրվող աջակցություններն են ու ամուսնուս աշխատավարձը․ նա օրավարձով շինարարական աշխատանքներ է կատարում։ Հաճախակի են ինձ հարցնում՝ ինչպե՞ս եք ապրում, դժվա՞ր չէ արդյոք 10 երեխաների հետ։ Միշտ պատասխանում եմ, որ ամենակարևորը երկրի խաղաղությունն է ու բոլորիս առողջությունը։ 10 անգամ մայրացել եմ ու ամեն անգամ մայրության նորովի զգացումներ եմ ապրել։ Դրանից առավել երջանկություն լինել չի կարող։ Ճիշտ է, առաջին հայացքից 10 երեխաներին տրվող աջակցությունը որոշակի թիվ է կազմում, սակայն մեր ընտանեկան ծախսերը շատ ավելին են, քանի որ երեխաների հետ օրեցօր մեծանում են նաև նրանց պահանջները։ Ես ու ամուսինս չենք ցանկանում, որ մեր զավակներն ընկճվեն ու անում ենք հնարավորը նրանց պատշաճ կեցություն ապահովելու համար։ Իմ 10 երեխաներից ոչ մեկը հովանավոր չունի։
Լսել եմ, որ 10 երեխա ունեցողների համար առաջներում օրենք էր գործում ՝ տրամադրվում էր տուն, ավտոմեքենա, դայակի ծառայություններ։ Այժմ նման արտոնություններ չկան, ինչը, սակայն, շատ անհրաժեշտ է։ Կխնդրեի ՀՀ կառավարությանը հնարավորինս ուշադրություն դարձնի մեր կարգավիճակում գտնվող ընտանիքներին, որպեսզի որոշ չափով հեշտացվեր մեր վիճակը։
Գոհ ու շնորհակալ եմ Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի վերաբերմունքից, ով ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մեր ընտանիքին, հնարավորինս աջակցում։ Վանաձորի <<Ադա>> վերականգնողական կենտրոնը ևս ուշադիր է արցախցի ընտանիքների հանդեպ, առանձնապես մեր ընտանիքի, քանի որ որդիս՝ Ռոբերտը, ունի որոշակի առողջական խնդիրներ, -ասում է տիկին Գոհարը։
2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի բոլոր բնակավայրերը հրետակոծվում էին, Գոհարի մայրը Մարտակերտ քաղաքում դժբախտ պատահարի զոհ է դառնում։ Այդ մասին դուստրը մեծ ցավով է խոսում, ապա ավելացնում՝ Արցախի կորուստն անտանելի մի մեծ ցավ է բոլորի համար, իսկ մարդկային կորուստներն ավելի են բազմապատկում այդ ցավը։
Գոհար Կարապետյանը հույս ունի, որ մի օր արցախցին կվերադառնա իր տունը, քանի որ Արցախը միշտ եղել է ու պիտի լինի հայկական, իսկ իր 10 զավակները կլինեն հայրենի հողի շենացնողն ու պաշտպանները․․․
Հ․Գ․
Արցախցի բազմազավակ ընտանիքն աջակցության կարիք ունի։ Ցանկացողները կարող են զանգահարել 077197322 և 077578763 հեռախոսահամարներին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ













