
Գևորգյանների ընտանիքը բախվում է խնդիրների, փորձում հարցերը լուծել սեփական ուժերով
Էլոնա Գևորգյանը 2023-ի սեպտեմբերի 19-ին զորամասի ճանապարհին էր, երբ սկսվեց պատերազմը։ Ճանապարհից հետ չդարձավ․ հասավ զորամաս ու սպասեց հետագա հրահանգներին։ ԱՀ ՊԲ–ում ծառայում էր 2018 թվականից։
Ծանր ապրումների մասին է պատմում Էլոնան
-Սեպտեմբերի 17-ին զորամասից զանգեցին, թե տագնապ է հայտարարված։ Շտապ մեկնեցի զորամաս։ Հաջորդ օրը վերադարձա տուն։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան նորից զանգեցին, որ շուտ հասնեմ ծառայությանս վայրը։ Ճանապարհին էի, երբ սկսվեց պատերազմը և խլացնող հրետակոծություններն այլևս չդադարեցին։ Հետևում թողնելով մինուճար երեխայիս, ծնողներիս ու հաշմանդամ եղբորս՝ հասա զորամաս։ Չէի կարող հետ դառնալ, ծառայակից ընկերներիս մենակ թողնել, բայց մինչև զինադադարը տեղս չէի գտնում․ ուշքս ու միտքս հարազատներիս մոտ էին։
Սեպտեմբերի 22-ին հրահանգվեց զինաթափվել։ Մտածում էինք, թե ապահովության համար է արվում, սակայն պարզվեց՝ ոչ։ Մեր սուրբ հայրենիք Արցախը տալիս են թշնամուն։ Զորամասի շտապ օգնության մեքենայով ծառայակից մի ուրիշ կնոջ՝ Անահիտի հետ եկանք Ասկերան։ Մերոնցից ոչ մի լուր չունեի, կապերը չէին գործում, չգիտեի նրանց տեղը։
Համարյա վազելով հասա տուն (Ղլիժբաղի ֆիննական թաղամաս), տեսա տանը մարդ չկա։ Մի կերպ կապ հաստատեցի հորս հետ ու իմացա, որ նրանք մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի օդանավակայանում են։ Տանից մի քանի շոր, հաշմանդամ եղբորս համար տակդիրներ վերցնելով դուրս եկա, որ ոտքով ճանապարհ ընկնեմ դեպի Իվանյան։
Մի քիչ հետո տեսա, որ մեր հարևանը՝ բոլորին հարեհաս Վիտալին, իր մեքենայով կանգնած է։ Սկսեցի վազել։ Հուզմունքից չէի լսում, որ նա կանչում էր՝ մի վազի, հանգիստ արի, սպասում եմ։ Մեքենայում 10-ից ավել մարդ կար․ բոլորի դեմքերը հոգնատանջ, տխուր։ Հասանք օդանավակայան, վերջապես գտա հարազատներիս։
Թե ինչ էր տիրում այնտեղ, երբեք չեմ կարող մոռանալ։ Տարբեր շրջաններից թշնամուց մի կերպ փրկված մարդիկ այդտեղ էին ապաստան գտել, քանի որ մտածում էին, որ ռուս խաղաղապահների մոտ է միայն ապահով։
Սեպտեմբերի 26-ին մեր ընտանիքը դեռ օդանավակայանում էր։ Այդ օրն արդեն հրահանգ կար ազատել օդանավակայանը․ սկսվել էր բռնագաղթը։ Մեկ օր առաջ տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունն ավելացրել էր մարդկանց խուճապը։
Հասկանալով, որ հետդարձ չի լինելու, ցանկանում էի տուն գնալ, որ մի քանի իրեր ևս վերցնեմ, սակայն ռուսներն ասացին, որ իրենք ոչնչի համար պատասխանատու չեն։ Ով մեքենա չուներ, տարհանվում էր ավտոբուսներով։ Սեպտեմբերի 27-ին, մեր թաղամասի բնակիչներով ավտոբուս նստեցինք ու ճանապարհ ընկանք դեպի անհայտություն (այդ պահին այդպես էինք մտածում)։ Մինչ մարդիկ կնստեին ավտոբուսը, մեր հարևանուհի Մարիաննան հայտատարեց, որ առաջինը պետք է Հարութին նստեցնենք՝ հաշմանդամ եղբորս։ Իսկ ինքը ամենավերջում նստեց՝ բոլորին տեղավորելուց հետո։
Սեպտեմբերի 25-ին Մարիաննայի հետ հասցրել էինք գնալ տուն, անգամ տան գործեր ենք արել։ Դուրս գալուց առաջ մեր տան դարբասին գրել եմ՝ մի օր գալու ենք:
Հակարիից հետո միանգամայն ուրիշ կյանք էր սպասվում Գևորգյաններին
-Գորիսում ջերմ ընդունելության ենք հանդիպել։ Մայրս 2-րդ կարգի, եղբայրս մանկուց հաշմանդամ ու անվասայլակին գամված, երեխաս փոքր՝ շատ դժվար էր ինձ ու հորս համար։ Բոլորը օգնում էին մեզ՝ տրամադրելով սնունդ, հագուստ։ Մեզ ասացին, որ պետք է գնանք Թալին, քանի որ Սյունիքի մարզում այլևս տեղ չկար։ Շատ էի ուզում մնալ Գորիսում, որ մոտ լինեի իմ տանը, սակայն չհաջողվեց։
Երեկոյան ճանապարհվում ենք և առավոտյան ժամը 4-ին հասնում Թալին, որտեղից մեզ տանում են Դավթաշեն գյուղը և տեղավորում գուղապետի տանը։ 6 օր մնում ենք այդ հյուրընկալ օջախում, ապա բարի մարդկանց շնորհիվ մեզ տուն է հատկացվում, որտեղ ապրում ենք մինչ օրս։
Այս գյուղում լավ մարդիկ շատ կան։ Մեզ օգնել են ինչով կարողացել են։ Ուղղակի խնդիրն այն է, որ այստեղ աշխատատեղ չկա։ Մի քանի անգամ դիմել եմ Թալինի հիվանդանոցում աշխատանքի ընդունվելու համար, սակայն չեն ընդունել՝ պատճառ բերելով տարիքս։ Ստացվում է այնպես, որ 38 տարեկան մարդը չի կարող անգամ մաքրուհի աշխատել։ Իսկ կրկին ծառայության անցնելու համար պահանջվում է ՀՀ քաղաքացիությունը, ինչը ես ունեմ։ Դա իմ կապույտ անձնագիրն է՝ 070 կոդով, որը ես ստացել եմ Արցախում։
Այստեղ հաստատվելուց հետո ձեռքերս ծալած չեմ նստել։ Իմ ուժերով ձեռք եմ բերել 50-ից ավելի հավեր, որպեսզի գոնե ձու, թարմ թռչնամիս ունենանք։ Հայրս աշխատանք է գտել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունում։ Այդ գործն էլ շուտով կավարտվի, ու նա նորից գործազուրկ կդառնա։
Գևորգյանների ընտանիքը բախվում է խնդիրների, փորձում հարցերը լուծել սեփական ուժերով
-Անցնելով մի շարք փորձություններով՝ մեր ընտանիքը շարունակում է մնալ դժվարությունների մեջ։ Մայրիկիս առողջականն օրեցօր վատանում է։ Տեղահանությունից հետո նա մեծ սթրես է ապրել։ Անընդհատ դեղորայք ենք գնում, քիմիոթերապիայի կուրսեր անցնում։ Ամիսը երկու անգամ պարտադիր հիվանդանոց ենք գնում՝ Երևան։ Ինձ համար շատ դժվար է, քանի որ միշտ չի ստացվում հանրային տրանսպորտով գնալ։ Մորս վիճակից ելնելով հաճախակի տաքսու ծառայությունների ենք դիմում։ Ուստի չենք կարող Երևանից հեռու բնակարան ձեռք բերել։ Շատերն են ասում՝ 5 հոգի եք, ձեր հավաստագրի գումարով կարող եք տուն գնել մարզերում, բայց չեն հասկանում, թե ինչքան դժվար է, երբ ընտանիքում երկու հաշմանդամ կա։ Իսկ այդ գումարով Երևանին կից բնակավայրերում չենք կարող տուն գնել, քանի որ շատ բարձր են տների գները։
Արցախցիների բնակարանային հարցը պետք է միայն մի ձևով լուծվի՝ կառուցվեն բնակելի շենքեր ու տրամադրվեն բոլորին, իսկ մինչ այդ բնակվարձերի աջակցություն պետք է ստանան բոլոր արցախցիները։
Այսքան ժամանակ ապրում ենք այստեղ, դեռ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից ոչ ոք մեր տուն չի այցելել, իմանալու, թե ինչ պայմաններում են ապրում հաշմանդամ եղբայրս ու մայրս։ Սպասում ենք, որ անվասայլակ ստանանք։ Արժեքը 140000 դրամ է, ինչը մեր ուժերով չենք կարող գնել։
Բոլոր արցախցիներն անցել են ծանր ճանապարհով ու հայտնվել համարյա նույն կարգավիճակում։ Դիմում եմ ողջ հայությանը։ Մեզ՝ արցախցիներիս, մենակ մի թողեք մեր ցավի ու խնդիրների հետ։
Մասնկացել եմ Արցախյան երկու պատերազմներին։ 2020-ի 44-օրյա պատերազմում իմ 3-ամյա աղջիկը 7 օր ինձ հետ մնացել է զորամասում (Ալաշան)։ Մեծ ցավ եմ ապրում զոհված տղաների համար և չեմ ներում, որ նրանց արյամբ պատված հողը մնացել է թշնամուն։ Բայց չեմ ուզում կորցնել հույսս, որ կվերադառնանք մեր սուրբ հողը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ