Արցախում Ադրբեջանը զարգացման անվան տակ գերեզմանոցներ է ոչնչացնում

  • 22:59 13.04.2026

Հետք-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ի՞նչ է կատարվում Արցախում ներկայում, ի՞նչ մշակութային ժառանգություն է ոչնչացվում, ինչպե՞ս է ջնջվում հայկական հետքը, ի՞նչ մշակութային ժառանգություն ունենք Արցախում, եւ դրա հանդեպ ի՞նչ մշակութային քաղաքականություն է վարում Ադրբեջանը. այս եւ այլ հարցերի պատասխաններ են հետազոտում «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագրի անդամները:

Համլետ Պետրոսյանը նշում է, որ Ադրբեջանի համար ամենամեծ խոչընդոտը 18-19-րդ դարերի արցախյան բնակավայրերն են, որոնք կազմում են բնակավայրային համալիրների ավելի քան 95 տոկոսը։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ արցախյան բոլոր բնակավայրերն ունեն որոշակի ճարտարապետական կերպար, դրանցում կան գերեզմանոցներ, եւ եղած հնությունների մի մասը թվագրվում է 9-10-րդ դարերով, շատ են 13-14-րդ դարերի հուշարձանները, իսկ 18-19-րդ դարերինը՝ ավելի շատ:

Ներկայում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների, գերեզմանոցների ոչնչացման պատրվակներից մեկը ճանապարհաշինությունն է: Օրինակ՝ Սղնախի, Շուշիի, Եղցահողի եւ այլ բնակավայրերի գերեզմանոցները քանդել են իբր զարգացում բերելու պատճառաբանությամբ:

«Ադրբեջանն այսօր տենդագին ծրագրեր է մշակում՝ զարգացման անվան տակ բնաջնջելու 18-19-րդ դարերի հայկական հետքերը»,- ասում է գիտնականը: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմը, Հայաստանի իշխանությունը կարող է գոնե խաղաղության պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: «Գերեզմանոցը հո Ադրբեջանի թշնամին չէ, որ տանեն դատեն: Մշակույթը, իմ կարծիքով, հատուկ վերաբերմունքի դեպքում ամենաչեզոք մի բան է։ Կարճ ասած՝ չկա հուշարձան, չկա պատմություն, չկա հիշողություն»,- եզրափակում է գիտնականը:

Նյութը ամբողջությամբ այստեղ