Արցախցիների բողոքի ակցիա․ վերջ դնել պառակտմանը

  • 12:53 14.04.2026

Արցախցիները բողոքի ակցիա են անում Գլխխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով վերջ դնել պառակտման գործընթացին։ Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրերս սոցիալական ցանցերում մեկը վիրավորական խոսույթ էր տարածել արցախցի կանանց մասին։

«Մենք հասել ենք էն աստիճանի պառակտման եզրին, որ նմանատիպ պահվածքը, եթե արմատախիլ չանենք, խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայ ազգի պահպանման հարցում։ Այսօր ինչի՞ համար ենք եկել դատախազության շենքի մոտ ու դիմում կոնկրետ Գլխավոր դատախազին։ Իրենց գործն է, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ պառակտում մտցնող նման սրիկա անձնավորությունները գործեն։ Ես գիտեմ, որ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռքին են օրենքները եւ այդ օրենքներով ամեն ձեւով այդ մարդկանց պատժի ենթարկոլու հարցն ենք բարձրացնում»,- ասաց նա։

Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ սա առաջին անգամը չէ, երբ ինչ-որ ուժերի ու անձանց կողմից ուղղորդվող ատելության խոսք է տարածվում արցախցիների մասին։ Երբ այս դեպքերն անպատիժ են մնում, ըստ Իսրայելյանի, ուրեմն սրա հետեւում կան ուժեր։ «Եվ չեմ էլ բացառում, որ սա պետական մակարդակով է արվում։ Եթե պետության ղեկավարությունը շահագրգռված է համերաշխություն ձեռք բերելու հարցով, իրենք ունեն բոլոր հնարավորությունները արմատախիլ անելու այս երեւույթները։ Եթե իրենք թույլ են տալիս, եթե իրենց կողմից այդ բացթողումները կան, ուրեմն, իրենց ձեռագիրն էլ կա այստեղ։ Այսօր դատախազության առաջ կանգնած ենք, դիմումը ձեւակերպված է իրավաբանների կողմից, մենք պահանջում ենք բացահայտել, այդ սրիկային պատասխանատվության ենթարկել։ Եվ դրանից հետո ամեն մեկը բերանը բացելով ու վիրավորական խոսույթով խոսելով արցախցիների մասին, մասնավորապես, մեր մայրերի մասին, որոնցից ծնվել են հերոսներ, պետք է պատժվի։ Ես ասում եմ՝ եթե շարունակեն վիրավորել, նման մարդկանց նկատմամբ հաշվեհարդար են տեսնելու տարբեր տեղերում, հորդորում եմ բոլոր մարդկանց՝ հազար անգամ մտածեք ձեր ձեւակերպումներն անելուց առաջ։ Այս մարդիկ վշտի ու ցավի մեջ են գտնվում, կրկնապատկում եք մեր ցավը, ձեր գլխին ուրիշ դաժան ձեւով է լինելու։ Սա մեր արժանապատվության հարցն է»,- հավելեց նա։

Անաստաս Իսրայելյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի հետեւանքով 18-ամյա երիտասարդին կալանավորեցին, բայց արցախցիներին վիրավորողների նկատմամբ որեւէ գործ չի հարուցվում։ «Ինձ մոտ կասկած է առաջանում, որ կան ուժեր ու անձինք, որոնք նմանատիպ խոսույթով ու ձեւակերպումներով հանրության մեջ պառակտում մտցնելու, ժողովրդին իրար դեմ հանելու աշխատանք են իրականացնում։ Օրենք էլ է իրենց ձեռքը, հնարավորություններն էլ, ամեն ինչ իրենց ձեռքն է՝ հարցին լուծում տալու համար։ Սա ակցիա չէ, մենք պահնաջատեր ենք։ Եթե դուք ձեր ղեկավարման ընթացքում չեք կարողացել ղեկավար ու առաջնորդ լինել, ոտնահարել եք մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը, մենք՝ որպես հայ ազգի ներկայացուցիչներ, դա թույլ չենք տալիս, չենք հարմարվելու։ Էսօրվա իշխանության բոլոր ղեկավարներն Արցախի ու արցախցիների անունը տալով են եկել զբաղեցրել էդ աթոռը։ Այսօր արցախցիները գտնվում են այս իրավիճակում, մենք գիտենք բոլոր մեղավորներին, ժողովրդին խի՞ եք հանում իրար դեմ»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։

Ակցիայի մասնակցիները դիմում ներկայացրեցին Գլխավոր դատախազին։