Լիբանանը ուղում են ներառել Աբրահամի համաձայնագրերի մեջ

  • 10:44 15.04.2026

ԱՄՆ-ում ավարտվեցին Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցել են երկու երկրների դեսպանները Վաշինգտոնում և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերի խոսքով՝ երկժամյա հանդիպման գլխավոր արդյունքը երկու կողմերի միջև Լիբանանը «Հեզբոլլահից» ազատագրելու անհրաժեշտության վերաբերյալ համաձայնությունն էր։

«Այսօր մենք պարզեցինք, որ հավասարման նույն կողմում ենք, և սա ամենադրական արդյունքն է, որին կարող էինք հասնել», – ասաց Եչիել Լեյթերը։ «Մենք միավորված ենք Լիբանանը «Հեզբոլլահ» կոչվող Իրանի կողմից վերահսկվող օկուպացիոն ուժից ազատագրելու մեր ցանկության մեջ»։

Իսրայելցի դիվանագետը գովաբանեց Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահի» բանակցություններից դուրս գալու կոչերն անտեսելու համար։ Մեկ օր առաջ խումբը պահանջել էր, որ Լիբանանի իշխանությունները չեղարկեն հանդիպումը՝ այն անվանելով անիմաստ։

«Լիբանանի կառավարությունը հստակեցրել է, որ այլևս թույլ չի տա «Հեզբոլլահին» օկուպացնել այն», – հավելեց Լեյթերը։

Երբ լրագրողները հարցրին, թե արդյոք Իսրայելը կհետևի Լիբանանի հրադադարի կոչերին, Լեյթերը խուսափողականորեն պատասխանեց՝ ընդգծելով, որ Իսրայելը կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր քաղաքացիներին պաշտպանելու համար։

Իսրայելի դեսպանը նշեց, որ մշակվող համաձայնագիրը կներառի ինչպես անվտանգության, այնպես էլ քաղաքացիական հարցեր, որպեսզի «մենք կարողանանք կնքել խաղաղության պայմանագիր և կառուցել ներդաշնակ հարաբերություններ, որոնք նման կլինեն Աբրահամի համաձայնագրերի երկրների հետ ունեցած հարաբերություններին»։

Այնուամենայնիվ, արաբական երկրների հետ Աբրահամի համաձայնագրերը մեծապես խաթարվել են Իսրայելի կողմից Գազայում իրականացված գործողության և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։ Չնայած պաշտոնապես չեն միջամտում հակամարտությանը, արաբական երկրները չեն աջակցում Համասին, ԻՀՊԿ-ին և Հեզբոլլահին զինաթափելու քայլերին։