
2026թ. ապրիլի 20-ին և 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝
Մեջբերմամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանել է, որ ինքն ընտրություն է կատարել Արցախի Հանրապետության և խաղաղության միջև, արդյունքում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ակնկալելով, որ փոխարենը կստանա խաղաղություն: Սակայն, հարկ է նշել, որ Արցախն Ադրբեջանի մասի ճանաչելով, հաստատվել է ոչ թե իրական, այլ՝ թվացյալ խաղաղություն: Բանն այն է, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «արևմտյան Ադրբեջան», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» և «Զանգեզուրի միջանցք» խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրեր: Իսկ նման ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել հումանիտար հարցերից: Կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 108 տարի:
Խորհրդային Միության 15 հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Մեջբերումից պարզվում է, որ խոսքը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, «գոյություն ունեցող սահմանների անխախտելիությանը»:
Հարց է առաջանում. ի՞նչ սահմաններ է ունեցել Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:
Իսկ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունն ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան, իր 4-րդ և 5-րդ կոմիտեների միջոցով քննելով Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումը, 1920թ. դեկտեմբերի 1-ին տվել է բացասական պատասխան:
Ադրբեջանի Հանրապետության գոյության 23 ամիսների ընթացքում, այն է՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը, Արցախը չի հանդիսացել միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի մաս ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ առավել ևս դե յուրե: Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ նշված ժամանակահատվածում Արցախը գտնվել է միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում:
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:
Համոզիչ չէ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության նկատմամբ թե՛ 2021 թվականի մայիսի, թե՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր:
2024թ. հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն այս մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ: Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը պետք է հաստատվի»:
Հետևաբար, սին հույսերով չպետք է փորձել մոլորեցնել հանրությանը, թե սահմանագծման ու սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանը կազատի Հայաստանի օկուպացրած տարածքները: Առավել ևս, որ փորձը ցույց է տվել, որ սահմանազատումն ու սահմանագծումը չափազանց երկար ձգվող գործընթաց է: Օրինակ՝ միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի և դեռ ավարտված չէ: Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի:
Թե որքա՞ն կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, կարելի է միայն ենթադրել: Սակայն թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ: Այսինքն՝ առնվազն մի քանի տասնամյակ Ադրբեջանը կարող է օկուպացրած պահել Հայաստանի տարածքները:
Վերոնշյալից զատ, մեկ բան հստակ է. Ադրբեջանը երբեք խաղաղ ճանապարհով չի ազատելու ո՛չ Արցախի Հանրապետության օկուպացրած տարածքը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքները:
Արցախից բռնագաղթած, ինչպես նաև Արցախում ծնված, մեծացած, սակայն հանգամանքների բերումով Արցախից դուրս ապրող հայությունն Արցախում թողել է իր նախնիների գերեզմանները, իր սրբավայրերը, իր հոգևոր ու նյութական անչափելի արժեքները, որոնք մոռանալը ոչ միայն աստվածահաճո ու մարդկային չեն, այլև՝ սրբապղծություն է:
Իմ տոհմը՝ Արցախի ամենահին Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական գերդաստանն ավելի քան 700 տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահության ճակատագրի կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում:
Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության, ինչպես նաև արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:
Արցախի տարածքի գրեթե յուրաքանչյուր անկյուն կրում է իմ նախնիների ազգաշահ ու ազգանվեր գործունեության հետքերը: Իմ մեծ նախապապը՝ Հասան-Ջալալյանների տոհմի անվանադիրը՝ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան, 1216-1238թթ. կառուցել է Արցախի թագն ու պսակը հանդիսացող Գանձասարի հռչակավոր եկեղեցին, որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը: Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ ճարտարապետության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարել է հայ ճարտարապետության մարգարիտն ու հանրագիտարանը:
Ես երբեք չեմ մոռանա Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցին, որը հանդիսանում է նաև Հասան-Ջալալյանների տոհմական տապանատունը. եկեղեցում ու նրա շուրջն ամփոփված են իմ նախնիների աճյունները:
Մոռանալ այս ամենը, մոռանալ Արցախը կնշանակի մոռանալ նախնիներիդ, ինքդ քեզ ու ապագադ:
ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:
Փաստերը վկայում եմ, որ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի օկուպացիան Ադրբեջանի վարչակազմը նպատակահարմար չի համարել խոսել «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին: Այդ մասին վկայել է Իլհամ Ալիևը 2022թ. դեկտեմբերի 24-ին, ի մասնավորի, հայտարարելով. «Մեզ անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ: Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո: Իհարկե, նախքան ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը, այս մասին խոսելը գուցե վաղ էր: Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել: Պետք է պատրաստել վերադարձի հայեցակարգ…»:
Իսկ 2023թ. հունվարի 12-ին տեղական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ նա, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, խոսել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին, երբ կար ղարաբաղյան ցավը, խնդիրը, հավանաբար, նման կլիներ ժամանակից շուտ կրակոցի»:
Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին խոսույթով սկսել է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելուց, գրեթե, անմիջապես հետո:
Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունն իր գոյությամբ պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը՝ թույլ չտալով Ադրբեջանին ապօրինի հավակնություններ դրսևորել Հայաստանի նկատմամբ:
Հետևաբար, ոչ միայն, բայց հատկապես «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին Ադրբեջանի վարչակազմի խոսույթները չեզոքացնելու նպատակով Արցախի Հանրապետության դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրամայական անհրաժեշտություն է:
Արցախի հայության, որպես բռնի տեղահանվածների, վերադարձի իրավունքը սահմանված է միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝
Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է նաև՝
Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը:
Հետևաբար, Արցախի հայությունը պետք է առանց որևէ նախապայմանի վերադառնա իր բնօրրան, որտեղ իր նախնիներն ապրել են վերջին մոտավորապես երեք հազար տարիներն անընդմեջ:
Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայ քաղաքացիների համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվելուց կամ հեռանալուց հետո անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:
Նիկոլ Փաշինյանին Հայաստանի քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և դրա շարունականականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ