Արցախի հարցը մնում է համահայկական օրակարգում․ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ

  • 17:39 22.04.2026

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով։ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդաժողովի նպատակներին ու արդյունքներին։

Նրա խոսքով՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակից 26 երկրներից՝ մտավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակական և համայնքային ներկայացուցիչներ։

«Հանդիպման հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ Արցախի հարցը շարունակում է մնալ համահայկական օրակարգում՝ առանց որևէ երկիմաստության։ Հստակ սահմանվել են մի շարք առաջնահերթություններ՝ շարունակել ջանքերը Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապե, միջազգային մակարդակով առաջ տանելով հավաքական վերադարձի իրավունքը, ապահովել բռնակցված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, աջակցել Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը, աջակցել տեղահանված արցախահայերի քաղաքացիական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Այս ուղղություններից բացի, Գեւորգյանի խոսքով, վերահաստատվեց մի հիմնարար սկզբունք՝ Արցախը համարվում է հայ ազգի անբաժանելի մաս։ Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, չի վերաբերում որևէ «ծայրամասի», այլ առնչվում է ազգային ինքնության առանցքին։ «Եթե Արցախը երեկ և այսօր թիրախավորվել է, ապա հենց այն պատճառով, որ այն հայկական ինքնությամբ տարածք է փորձել մնալ։ Այդ իսկ պատճառով Սփյուռքի զորաշարժը լիովին ներառում է Արցախը․ պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք հայկական ինքնությունը՝ իր պատմական, մշակութային և քաղաքական ամբողջությամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Սփյուռքում փոփոխություններ կա՞ն Արցախի հարցում, Հովհաննես Գեւորգյանը նշեց․ «Սփյուռքի հիմնական կառույցների մակարդակով, որոնք ունեն իրական քաղաքական, տնտեսական և կազմակերպական ազդեցություն, Արցախի հարցում սկզբունքային փոփոխություն չկա։ Հայկական Արցախի պաշտպանության ուղղությամբ համախմբումը մնում է հաստատուն և անսասան։ Անշուշտ, ինչպես ցանկացած բազմակարծիք միջավայրում, Սփյուրքում ևս կան առանձին անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կարող են արտահայտել տարբեր կարծիքներ։ Սակայն այդ տարաձայնությունները հիմնականում վերաբերում են մարտավարությանը՝ այսինքն՝ թե ինչպես պաշտպանել Արցախը, և ոչ թե արդյոք պե՞տք է պաշտպանել այն։

Իրականում հարցը պարզ է․ պաշտպանելով Արցախը՝ Սփյուռքի հայը պաշտպանում է իր ինքնությունը ընտրելու հիմնարար իրավունքը։ Արցախահայը ընտրել է մնալ հայ՝ դիմակայելով Ադրբեջանի կողմից տարվող բնջնջման քաղաքականությանը։ Նույն կերպ, 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, Սփյուռքի հայերը վերակառուցվել են՝ իրենց ինքնությունը պահպանելու համար։ Ավելի լայն իմաստով, խնդիրը վերաբերում է ամբողջ հայ ազգին․ ինչպե՞ս համադրել Սփյուռքի հայի ինքնության պահպանման ձգտումը, արցախահայի դիմադրությունը և հայաստանաբնակ հայի արժանապատիվ կյանքի անհրաժեշտությունը՝ ոչ թե դրանք հակադրելով, այլ միավորելով»։

Նրա խոսքով՝ հենց այս միասնության և փոխլրացման գաղափարի շուրջ էր, որ տեղի ունեցավ համահայկական զորաշարժը։