
Այսպես կոչված Կովկասի մուսուլմանական վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել է նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը «կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ»։ Մայր Աթոռի հայտարարությունն էլ որակել են որպես «հարցը քաղաքականացնելու փորձ»։
Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների «ապամոնտաժումն» իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։
Փաստորեն, Ստեփանակերտում չգիտես որ տեղից բերված և վերաբնակեցրած ադրբեջանցիները չեն ցանկանում ամեն օր անցնել հայկական եկեղեցու կողքով, սակայն հանգիստ ապրում են հայերի տներում, սովորում Արցախի համալսարանում և օգտվում հայերի կողմից ստեղծված բարիքներից։
Մինչև Բաքվի մուսուլմանական վարչության հայտարարությունը Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ հայ-իրանական սահմանով ճանապարհորդող Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայի դեմք տեսնեն»։ Եվ ամենատարօրինակն այն է, որ այս «պայմանը» ընդունվել է Հայաստանի կողմից․ ՀՀ կառավարությունը վազելով համաձայնվել է էլեկտրոնային հեռահար մաքսային ապառատներ տեղադրել՝ Ալիևի՝ հայերին չտեսնելու ցանկությանը բավարարելու համար։ Էլ ավելի տարօրանակն այն է, որ այս պայմանը ընդունվում է Հայաստանի արևմտյան գործընկերների կողմից, որոնք Ալիևին չեն ասում՝ դու չես որոշում, թե ով կստուգի ձեր փաստաթղթերը օտար երկրի մաքստանը։
Այս «ըմբռնումը» հանգեցրել է նրան, որ հիմա «ադրբեջանցիները խնդրում են հեռացնել» Ստեփանակերտում ամեն ինչ, ինչը նրանց հիշեցնում է հայերի մասին։