Արթուր Օսիպյանը հացադուլի 11-րդ օրը կրկին Փաշինյանից ներողություն պահանջեց

Արդեն 11 օր հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանի ՔԿՀ-ից դիմել է հանրությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։

Կանխավ շնորհակալ եմ»։

Իրանը ողջունում է ապաշրջափակումը, բայց կասկածում է ԱՄՆ մտադրություններին

Իրանը ողջունում է տնտեսական կապերի ընդլայնումը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն մեծ անվստահությամբ է վերաբերվում ԱՄՆ չարամիտ մտադրություններին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, տեղեկացրել է հայտնում է «Իրան այսօր» թելեգրամ-ալիքը։

«ԱՄՆ-ը աշխարհի տարբեր տարածաշրջաններում հանցավոր գործողությունների և ագրեսիայի պատմություն ունի, և Թեհրանը միանշանակ հանդես է եկել նման ապակայունացնող ներկայության դեմ։

Իրանը կարծում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական առաջընթացը համապատասխանում են իր ազգային շահերին և միշտ ընդգծել է, որ տարածաշրջանային գործընթացներին արտատարածաշրջանային տերությունների կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի երկրների խաղաղության, կայունության և հավաքական շահերի համար և որևէ օգուտ չի բերի տարածաշրջանի ժողովուրդներին»,- հայտնել է նա։

Բիբլոս Բանկ Արմենիան փոխհատուցել է արցախցի 9 ուսանողի ուսման վարձը

Բիբլոս Բանկ Արմենիան տրամադրել է ֆինանսավորում՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԳՊՀ ընդունված ուսանողներին Բիբլոս Բանկ Արմենիայի ցուցաբերած աջակցությունը։ Նման նախաձեռնությունները քաջալերում են արցախցի երիտասարդներին, զորացնում մարդկանց և ապագայի հանդեպ լավատեսությամբ, մղում ամուր կամքով ամբարելու գիտելիքներ, դառնալու որակյալ մասնագետներ և իրագործելու բոլոր նվիրական երազանքները»,- նշում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։

ԵԱՏՄ-ն Հայաստանից պահանջում է անհապաղ հանրաքվե, Մհեր Գրիգորյանն էլ ամեն ինչ հասկանում է

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։

Մասնավորապես, տեքստում նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց ԵԱՏՄ պայմանագրի կասեցման Հայաստանի համար հնարավոր հետևանքների մասին։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաշվի են առնում «ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական ​​աշխատանքների հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին դրա հետ կապված վնասները կանխելու անհրաժեշտությունը»։

ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կարծիքով, Հայաստանում հանրաքվեն՝ երկրի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, պետք է անցկացվի հնարավորինս շուտ։

Ի՞նչ «ժամկետ» է նկատի առնվում, հաշվի առնելով, որ մինչև Հայաստանի ընտրությունները մնացել է ընդամենը մեկ շաբաթ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատեց Երևանի հանձնառությունը՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում։

«Հայաստանը մտադիր է շարունակել մասնակցել Միության աշխատանքներին բարի կամքով՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման վրա», – հայտարարեց փոխվարչապետը։

Գրիգորյանի խոսքով՝ Երևանը եվրասիական ինտեգրացիան դիտարկում է որպես կարևոր գործիք՝ ապահովելու տնտեսական կայունություն և կայուն զարգացում ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

ՀՀ փոխվարչապետը առաջարկեց մի շարք նախագծեր՝ եվրասիական համագործակցությունն ամրապնդելու համար։

«Զարգացման հիմնական գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիան է, որը զգալի խթան կհաղորդի առևտրաշրջանառության աճին», – նշեց նա։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, «դրական և նորմալ» տրամադրություն ունի։ «Նա նորմալ, խելացի մարդ է. նա ամեն ինչ հիանալի հասկանում է», – ասել է Ուշակովը։

«Մենք բոլորս հայտարարել ենք. մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտին, Ռուսաստանի նախագահ) իր ելույթում նշել է. մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը», – ասել է Լուկաշենկոն։

Չնայած նրան, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ նշան չի ցուցաբերում, կազմակերպությունն արդեն պատրաստ է «բաց թողնել Հայաստանին», և որքան շուտ, այնքան լավ։

“Բոնուսներ” վարորդներին՝ ընտրություններից առաջ

Վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով հետ վերադարձնել վճարովի ավտոկայանատեղիների համար 2025թ-ին գանձված գումարները։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը: Ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման թանկացմանը վերաբերող դրույթները, գրում է «Հետքը»։

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է այն վարորդների համար արտոնության նախագիծը, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են խախտումների պատճառով։

«Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում փոփոխության նախագիծը կներկայացվի խորհրդարան։
Մասնավորապես, այն վարորդները, որոնց վարորդական իրավունքները կասեցվել են մեկ տարով բազմաթիվ խախտումների պատճառով (և սպառել են իրենց տուգանային միավորների սահմանաչափը), կարող են վերականգնել իրենց վարորդական իրավունքները մեկ տարի անց՝ առանց վարորդական քննություն հանձնելու, մեկ տարվա փորձաշրջանով՝ ստանալով վեց տուգանային միավորի սահմանաչափ՝ 13-ի փոխարեն։

Ռուսաստանում բիզնեսներին թույլատրել են ՀՕՊ համակարգեր գնել

Ուկրաինային հաջողվել է պատերազմը Ռուսաստանի տարածք տեղափոխել, և Ռուսաստանի շրջաններում բիզնեսին և քաղաքացիական անձանց պաշտպանելու համար այժմ ձևավորվում է յուրատեսակ աշխարհազոր, որոնց այժմ թույլատրվում է ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հաստատվել է մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների կողմից խոշոր տրամաչափի զենքի, այդ թվում՝ զենիթային հրետանային համակարգերի, ռադարային համակարգերի, տրանսպորտային միջոցների և էլեկտրոնային պատերազմի համակարգերի ձեռքբերման մեխանիզմ, РБК-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, իսկ ռազմական գերատեսչության աղբյուրը հաստատել է դա։

Մեկ այլ աղբյուր հաստատում է դա՝ նշելով, որ այս որոշումները «հաստատում են մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների կողմից խոշոր տրամաչափի զենքի ձեռքբերման մեխանիզմը»։

Նրա խոսքով՝ ներկայումս եվրոպական Ռուսաստանի մեծ մասում ձևավորվում են նոր շարժական կրակային խմբեր։ «Դրանք համալրվում են ոչ միայն պահեստազորայիններով, այլև ԲԱՐՍ-ի տարածաշրջանային ստորաբաժանումների կամավորներով, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների և ընկերությունների աշխատակիցներով», – եզրափակել է պաշտոնյան։

Ռուսական անօդաչուն Ռումինիայում բարձրահարկ շենքի վրա է ընկել, ի՞նչ կանի ՆԱՏՕ-ն

Երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է բազմահարկ բնակելի շենքի՝ Ռումինիայի Գալացի քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանի մոտ։ Շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է «լուրջ և անպատասխանատու սրացում» և կանչել է Ռուսաստանի դեսպանին, մինչդեռ նախագահ Նիշոր Դանը մեղադրել է Մոսկվային։

Բուխարեստը խնդրել է ՆԱՏՕ-ին արագացնել Ռումինիա անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի սարքավորումների տեղափոխումը։

Գալացիում, ժամը 2:00-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքը բախվել է բնակարաններից մեկի տասներորդ հարկին՝ հրդեհ առաջացնելով բնակարաններից մեկում։ Ներսում գտնվող երկու անձինք տարհանվել են։

Զինվորականները բացատրել են, որ անօդաչու թռչող սարքը խոցելու փորձ չի արվել, քանի որ այն չափազանց մոտ է եղել քաղաքային տարածքներին և կարող էր մեծ վնաս պատճառել։

«Ռումինիայի պաշտպանության արձագանքը սահմանափակվել է մեր սարքավորումներով», – Ֆեյսբուքում գրել է վարչապետի պաշտոնակատար Իլիե Բոլոշանը։

Նա հավելեց, որ մի քանի ժամվա ընթացքում Բուխարեստը կստորագրի համաձայնագիր՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում երկրին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հնարավորություններ տրամադրելու վերաբերյալ: Ռումինիան սարքավորումները կստանա առաջիկա ամիսներին։

Հարցին, թե արդյոք միջադեպը կգործարկի Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը (որը թույլ է տալիս դաշինքի անդամներին հարցերը բարձրացնել Հյուսիսատլանտյան խորհրդի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական մարմնի առջև), արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն պատասխանեց, որ նախագահ Նիկուսոր Դանը կպարզաբանի այս հարցը օրվա ընթացքում։

Լեհաստանը 4-րդ հոդվածը գործարկել է 2025 թվականի սեպտեմբերին, երբ գրեթե 20 անօդաչու թռչող սարք խախտել է իր օդային տարածքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ միջադեպի վերաբերյալ, ըստ ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթի։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի անխոհեմությունը, և ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել իր պաշտպանությունը տարբեր սպառնալիքների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի դեմ», – հավելել է նա։

«Ես վստահեցրել եմ, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը», – գրել է Ռուտտեն իր նամակում՝ Ռումինիայի նախագահի հետ զրույցից հետո։ «Ռուսաստանի անխոհեմ վարքագիծը վտանգավոր է մեզ բոլորիս համար», – հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը միջադեպը անվանել է «Ռումինիայի ինքնիշխանության և եվրոպական օդային տարածքի կոպիտ և լուրջ խախտում»։

Ողբերգություն Լոս Անջելեսի հայկական ընտանիքում

news.am

Լոս Անջելեսի Նորթ Հիլս շրջանում տեղի է ունեցել ողբերգություն, որը ցնցել է ինչպես տեղի համայնքը, այնպես էլ հայկական սփյուռքը։ Մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների՝ ամուսինների և նրանց երկու փոքր երեխաների մարմինները։ Իշխանությունները կատարվածը քննում են որպես հնարավոր սպանություն-ինքնասպանություն, հայտնել է KTLA5tv-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Ոստիկանությունը ժամանել է Londelius Street-ում գտնվող տուն ժամը մոտ 20:00-ին՝ հարևանների հաղորդումներից հետո, որոնք հայտնել էին տնից հնչած կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների դիերը։

Դատաբժշկական փորձագետները պարզել են զոհվածների ինքնությունը՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյանը, և նորածին դուստրը՝ Էլլա Բասմաջյանը, որն ընդամենը վեց օրական էր։ Մոր՝ մոտ 30-ամյա կնոջ անունը պաշտոնապես չի հրապարակվում՝ մինչև հարազատներին տեղեկացնելը։

Քննության նախնական վարկածով՝ հենց մայրը կարող էր կրակած լինել՝ սպանելով երկու երեխաներին և ամուսնուն, ապա ինքնասպան լինել։ Միևնույն ժամանակ, պաշտոնական եզրակացություններ դեռ չեն արվել, քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը հաստատել է, որ գործով կասկածյալներ չեն որոնվում։

Ընտանիքի հարևանները խոստովանում են, որ տեղի ունեցածը նրանց համար իսկական ցնցում է եղել։ Տարածքի բնակիչներից մեկի խոսքով, որը ցանկացել է անանուն մնալ, ընտանիքը հանգիստ ու բարեկեցիկ տպավորություն էր թողնում։

«Ես երբեք վեճեր չեմ լսել և որևէ անհանգստացնող նշան չեմ նկատել։ Այդ երեկո՝ մոտ ժամը յոթին, ես տեսել եմ ամուսնուն, երբ նա աղբն էր դուրս տանում։ Ամեն ինչ լիովին նորմալ էր թվում», — պատմել է հարևանուհին։

Ողբերգությունից հետո տարածքի բնակիչները սկսել են տան մոտ ծաղիկներ ու մոմեր բերել՝ զոհվածների հիշատակին։ Շատերը խոստովանում են, որ չեն կարող հավատալ տեղի ունեցածին։

Տարածքի բնակչուհի Փաուլա Սմիթը, որը եկել էր տան մոտ, լրագրողներին պատմել է, որ թեև անձամբ չի ճանաչել զոհվածներին, բայց հատկապես ծանր է մտածել երեխաների մասին։

«Մենք այստեղից մի քանի թաղամաս այն կողմ ենք ապրում և գիշերը լսել էինք ուղղաթիռների ձայները, բայց չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ առավոտյան իմացանք այդ երեխաների մահվան մասին։ Սրտաճմլիկ է։ Պետք է արժևորել հարազատներին և չվախենալ օգնություն խնդրել, եթե մարդու համար ծանր է», — ասել է նա։

Որոշ հարևաններ ենթադրում են, որ կինը կարող էր տառապել հոգեկան խնդիրներից, այդ թվում՝ հետծննդյան դեպրեսիայից, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չկա։

Ողբերգությունը լայն արձագանք է առաջացրել սոցցանցերում և ԱՄՆ հայկական համայնքում։ Օգտատերերը ցավակցում են զոհվածների հարազատներին և կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել հոգեկան առողջության հարցերին ու երիտասարդ մայրերի աջակցությանը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Դատարանի որոշումները արցախիցների քաղաքացիության մասին լուրջ հետևանքներ կունենան

Այսօր Արցախի ներկայացուցչությունում կկայանա հանդիպում, որի ժամանակ արցախյան իրավաբանները կներկայացնեն այն կարգը, որով 070 կոդով ՀՀ անձնագիր և քաղաքացիություն ունեցող արցախցիները կարող են վերականգնել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը։

Այդ իրավունքն արդեն իսկ հաստատվել է դատարանի առնվազն 3 որոշումներով, որոնք 070 կոդով անձնագրի տեր անձը համարվում է ՀՀ քաղաքացի, և նշվում է, որ այդ անձի անունը պետք է ընդգրկվի ընտրական ցուցակներում։ Դատարանը հղում է անում ՀՀ “Քաղաքացիության մասին” օրենքին և միջազգային կոնվենցիաներին։

Դատական որոշումները ոչ միայն կասկածի տակ են դնում ՀՀ կառավարության քաղաքականությունը արցախցի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որը 2023 թ․ հոկտեմբերից սկսած առանց որևէ իրավական հիմքի արցախցիներին համարում է “ՀՀ ոչ քաղաքացի”։ Այդ որոշումները կարող են բերել շատ լուրջ մեղադրանքների՝ քաղաքացիությունից և իրավունքներիվ մասսայական զրկելու հատկանիշով։ Չէ որ 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացի /ինչպես դատարանն է ասում/ զրկված են ընտրելու հիմնարար իրավունքից։

Ներքին գործերի նախարարությունը, շատ լավ հասկանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու դատարանի որոշումները, ջղայն հայտարարություն է տարածել, որով փորձել է արցախցիներին “համոզել” չգնալ դատարաններ։ ՆԳՆ-ը խոստացել է բողոքարկել դատարանի որոշումները։

Սակայն պարզվել է, որ Քաղաքացիական դատարանի՝ ընտրացուցակների հետ կապված որոշումները վողոքարկման ենթակա չեն։

Բացի այդ, ՆԳՆ հայտարարության մեջ մի նոր իրախախտման մասին է “հռչակվում”։

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ վերոհիշյալ գործերի շրջանակում “դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը”։

Իսկ ի՞նչ է գրված դատարանի որոշման մեջ։

“Հիմք ընդունելով 18 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Երևանում …. հասցեում հաշվառված լինելու հանգամանքը, Դատարանը եզրակացնում է, որ առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները ….-ին ըստ իր հաշվառման վայրի, հասցեյի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու համար։

Ինչ վերաբերվում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 30․04․26 թ․ ․․․ գրությամբ տրված դիրքորոշմանը՝ ․․․․․-ին ընտրողների ցուցակում չընդգրկելու վերաբերյալ, ապա հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի 23 հոդվածի իրավակարգումները, Դատարանը արձանագրում է, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիությունը չի կարող դադարեցվել /դադարված համարվել/ Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով, հետևաբար, նման մոտեցումը ընդունելի կարող է համարվել քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ․․․-ի դեպքում։ Ավելին, հակառակ մեկնաբանության պարագայում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը չի ունենա հնարավորություն իրականացնելու իր քվեարկելու իրավունքը, ինչն էլ կհանգեցնի արդար ընտրությունների սկզբունքի խախտման, և Կոնվենցիայի պահանջի համաձայն, պետությունում կիրառվող ընտրական համակարգը չպետք է ազդի օրենքի իմաստով ընտրելու իրավուն ունեցող անձի ձայնի վրա, հետևաբար՝ ընտրական համակարգի մեկնաբանությունը ևս պետք չէ լինի այնպիսին, որ ձևական պատճառներով օրենքով այդպիսի իրավունք ունեցող անձը զրկվի այդ օրենքը իրացնելու օբյեկտիվ հնարավորությունից։

Անփոփելով վերոհիշյալը, դատարանը եզրակացնում է, որ ․․․․-ի պահանջը հիմնարար է, և ենթակա է բավարարման, այն է՝ պետք է ընդգրկել իր հաշվառման վայրի ․․․․ հասցեյի ընտրական տեղամասի 07․06․26 թ․ Ազգային ժողովի ընտրողների ընտրական ցուցակում”։

ՆԳՆ-ը նշում է, որ “Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար”։ 

Դատարանը փաստորեն համարում է նման պնդումը “ձևական պատճառ”, որով սահմանափակվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի կոնվենցիոնալ իրավունքները։

Այսօրվա հանդիպման ժամանակ պետք է քննարկվի ի սկզբանե ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիների ոչ միայն քվեարկելու իրավունքը, այլև ՀՀ-ից իրավական, սոցիալական և այլ օժանդակության բացակայումը, որը կարող էր լինել, եթե Կառավարությունը արցախցիներին ՀՀ քաղաքացի ճանաչեր 2023-ի հոկտեմբերին։

ՀՀ Կառավարությունը վերջին օրերին թվարկել է միլիարդների օգնությունը, որը ստացել են արցախցիները տեղահանումից հետո և առանց որի իրոք առաջին ամիսներին շատերը չէին գոյատևի։ Մատնանշվում է նաև բնակարանային ապահովման ծրագիրը, որի համար ՀՀ-ն վերջերս գրեթե 500 մլն․ դոլար վարկ է վերցրել։ Սակայն չի ասվում, որ տրամադրվող գումարների ոչ բավարար լիները, նաև “քաղաքացիություն ստանալու” պահանջը շատ ընտանիքների համար անընդունելի պայմաններ են։ Մարդիկ 30 տարի իրենց ՀՀ քաղաքացի են համարել, միայն մի տարբերությամբ, որ արցախցիները Արցախում էին իշխանություն ընտրում, իսկ Հայաստանի բնակիչները՝ Հայաստանում։ Եւ հանկարծ մի որոշմանբ, որը դատարանը փաստորեն չի ճանաչում իրավաչափ, մարդիկ հայտնվում են “քաղաքացիություն չունեցողների” կարգավիճակում։

Այդ որոշման պատասխանատվությունը դեռ երկար է վտանգ ներկայացնելու ՀՀ ներկայիս կառավարության համար։

Դժվար հարցեր Հայաստանի ՀՕՊ-ի վերաբերյալ

Այսօրվա շքերթը հպարտության զգացում առաջացրեց շատ հայ քաղաքացիների մոտ՝ հիշեցնելեվ ազգային արժանապատվության վերականգնման և դիմադրելու պատրաստակամության մասին: Հայհաստանի  քաղաքացիները գրեթե մոռացել են այն զգացողությունը, որ հայրենիքը պաշտպանելը պատիժ չէ, այլ պարտականություն: Շատերը մոռացել են 2016 թվականի ապրիլի 2-ը, երբ ագրեսիայի ենթարկված Արցախ տանող ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանում էր առաջացել, քանի որ ամբողջ Հայասանը ճանապարհվել էր դեպի Արցախ։

Վերջին տարիների «խաղաղության» քարոզչության ֆոնին, որը դիմադրության բացակայությունը ներկայացնում է որպես լավագույն պաշտպանություն, իսկ ազգային իրավունքների հիշատակումը՝ որպես պատերազմի հրահրում, ռազմական շքերթը և նոր զենքի ցուցադրությունը տարօրինակ են թվում: Ոչ, Աստված մի արասցե, սա պատերազմ չի հրահրում. Ալիևը, որը այդ որը Շուշիյում էր, նույնիսկ չի նկատել Հայաստանի նոր զենքը: Ալիևը խոսել է այն մասին, որ «ոչ ոք այլևս չի խլի մեր նվաճված տարածքները», “դավաճանաբար” ակնարկելով, որ դրանք իրենցը չեն, այլ պարզապես այն պատճառով են հայտնվել իրենց մոտ, որ Հայաստանի իշխանությունները ընտրել են «չդիմադրելու» ուղին:

Պաշտոնական Երևանը բանակի նոր զինամթերքը ներկայացնում է ոչ թե որպես դիմադրելու ռեսուրս, այլ որպես “դիվերսիֆիկացում” և Ռուսաստանից կախվածությունից դուրս գալու միջոց։ Դա է հաճո արտաքին խաղացողների ականջներին։ Եւ ոչ պակաս՝ Ռուսաստանին։

Նույնիսկ անտեղյակները գիտեն, որ բանակի զինամթերքը պետք է տեղավորվի մեկ, համապարփակ համակարգի մեջ՝ հակաօդային պաշտպանություն, միասնական կարգաբերման համակարգ, էլեկտրոնային պատերազմի համակարգ, էլեկտրոնային համակարգված կառավարում և այլ։

Ո՞ր համակարգում են տեղավորվում ֆրանսիական «Սեզարները», չինական անօդաչու թռչող սարքերը, իրանական զենիթային թնդանոթները, ռուսական «Սոլնցեպեկները», հնդկական բազմակի հրթիռային համակարգերը, հայկական արտադրության անօդաչուները և հրթիռային համակարգերը, ինչպես նաև ռոբոտ-շները։ Ո՞ր կենտրոնից է պաշտպանվում հայկական երկինքը։

Փաշինյանն ու Շոյգուն պատասխանել են այս հարցին։

Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Երևանը չի պլանավորում դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան երկրից։

Ռուսական ռազմաբազան Հայաստանում ապահովում է երկրի անվտանգությունը, և դրա բացակայության համար նախադրյալներ չկան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականի միջպետական ​​պայմանագրի։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարաձգեցին բազայի տեղակայման մասին պայմանագիրը մինչև 2044 թվականը։ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանի «Էրեբունի» ավիաբազան է։ Ավիաբազայի անձնակազմը մարտական ​​հերթապահություն է իրականացնում օդային պաշտպանության համար՝ ԱՊՀ երկրների միացյալ օդային պաշտպանության համակարգի շրջանակներում։ Բա։

Արդյո՞ք սա նշանակում է, որ օդային պաշտպանության կենտրոնը գտնվում է Մոսկվայի շտաբում և ԱՊՀ երկրների ՀՕՊ-ը ընդհանուր է։

Axios. Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել, Թրամփը դեռ չի ստորագրել, բայց նավթի գներն արդեն «ընկել են»

ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա հուշագրի շուրջ՝ հրադադարի և միջուկային բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական հաստատում չի տվել դրան, հաղորդում է Axios-ը։

ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ հուշագիրը նախատեսում է «անսահմանափակ» անցում Հորմուզի նեղուցով՝ առանց իրանական ուժերի կողմից մաքսատուրքերի և կալանավորումների։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրանական կողմը չի գանձի տարանցիկ վճարներ նավերից, սակայն նավատերերը ստիպված կլինեն վճարել անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և ծովային կառավարման ծախսերի համար։

Axios-ի տվյալներով՝ փաստաթուղթը կներառի Իրանի կողմից միջուկային զենք չմշակելու պարտավորություն։ Զրուցակիցները նշել են, որ Իրանի բարձր հարստացված ուրանի հեռացումը կլինի բանակցությունների առաջին թեմաներից մեկը։

Լոնդոնի ICE Futures բորսայում օգոստոսյան Brent նավթի ֆյուչերսների գինը նվազել է 1.6%-ով՝ հասնելով 90.79 դոլարի մեկ բարելի համար, որը հինգշաբթի՝ մայիսի 28-ին, իր ամենացածր գնին էր, ըստ Մոսկվայի ժամանակով ժամը 17:13-ի դրությամբ առևտրի տվյալների։ Ապրիլի 17-ից ի վեր նավթի գինը մեկ բարելի համար 91 դոլարից ցածր չի եղել։

Աշոտ Դանիելյանը՝ Արցախի ներկայացուցչության շենքը խլելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի’ հայրենակիցներ
Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,
• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,
• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության շարունակական քարոզչությամբ և Արցախի կորստի հետ չհաշտվող արցախցիների հալածանքներով,
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ ՀՀ վարչական դատարանի նախագահի որոշմամբ անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետությանը պատկանող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունն ու նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։
Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ,
Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով ի պաշտպանություն մեր անօտարելի իրավունքների վերականգնման: