Չորս երեխաների մայրը իր մեջ ուժ է գտել զբաղվել սիրած աշխատանքով․ Քարին տակն այլևս մերը չէր

  • 11:08 19.05.2026

Ամալյա Գասպարյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքում է ծնվել։ Նա նկարչուհի է։ Նկարել սովորել է իր մայրիկից։ Պատանեկության տարիներին հաճախում էր նկարչության խմբակներ։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի դիզայնի բաժինը։ Մեկ տարի սովորելուց հետո որոշել է փոխել մասնագիտությունը և 2-րդ կուրսից ուսումը շարունակել է հագուստի մոդելավորման բաժնում։

Ամալյան 4 որդիների մայր է։ Նրանց ընտանիքն ապրում է Հրազդան քաղաքում։

-Դեռևս առաջին կուրսի ուսանող էի, երբ իմ հեղինակային աշխատանքով մասնակցեցի ՀՀ համահայկական մրցույթին ու գրավեցի 4-րդ տեղը։ Միգուցե դա հաղթանակ չէր, սակայն ինձ համար դա նշանակալից քայլ էր, որովհետև մրցույթին մասնակցում էր ավելի քան 100 մասնակից և 4-րդ տեղ գրավելը մեծ հաջողության սկիզբ էր։ 4-րդ կուրսում մասնակցում էի Շուշիում կազմակերպվող մի շարք մրցույթների։ Հիշում եմ՝ մի անգամ մրցութի կարևոր պահանջը հագուստի մոդելավորման հետ կապված գաղափարների ներկայացումն էր։ Բնականաբար, ես չցանկացա այդ հնարավորությունը բաց թողնել ու ներկայացա իմ հեղինակային գործերով։ Այդ մրցույթում զբաղեցրի առաջին մրցանակային տեղը և ստացա նվեր, որն այդ տարիների համար մեծ արժեք ունեցող թվային տեսախցիկ էր։ Դիպլոմային աշխատանքս գերազանց եմ հանձնել։ Ներկայացրել եմ հայկական տարազը ժամանակակից հագուստի հետ համադրելով։ Ցավոք սրտի, նկարներս չեն պահպանվել․ բոլորը մնացել է Արցախում, համակարգչիս մեջ։

Ամալյան ամուսնացել է և Ստեփանակերտից տեղափոխվել Շուշիի Քարին տակ գյուղը։ Նրա ամուսինը՝ Շիրինը, Արցախյան առաջին պատերազմում զոհված Աշոտ Գասպարյանի որդին է։

-Ամուսինս մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Այդ ժամանակ մենք արդեն նշանված էինք․ ամուսնացել ենք պատերազմից հետո։ Երբ 2020 թվականի սեպտեմբերին Արցախում կրկին պատերազմ սկսվեց, ամուսինս, որպես կամավոր, գյուղի տղաների հետ անմիջապես մեկնեց դիրքեր։ Այդ ժամանակ իմ երրորդ որդին դեռ մի քանի օրական էր։ Երեք զավակներիս գիրկս առած տարբեր տեղեր էինք պատսպարվում՝ նկուղից նկուղ գնալով։ Որոշ ժամանակ հետո ամուսինս մի կերպ կապվում է ինձ հետ և հրահանգում դուրս գալ գյուղից։ Բայց ասում է՝ մի քանի օրով եք հեռանում։ Այդ պատճառով տանից միայն մեր անձնագրերն ու երեխաների ծննդյան վկայականներն եմ վերցրել ու մեկնել Երևան։ Անգամ դիպլոմս չեմ վերցրել, քանի որ մտածում էի՝ շատ շուտով հետ ենք դառնալու։

Պատերազմի ավարտից հետո ամուսինս եկել է մեզ մոտ՝ Երևան։ Քարին տակն այլևս մերը չէր․ մենք կորցրել էինք մեր տունուտեղը, մեր հարազատ գյուղը։ Երևանում մի քիչ հունի մեջ էինք ընկել։ Որոշեցինք չվերադառնալ Արցախ, փորձել ապրել Երևանում։ Մեր բոլոր հարազատները մեկնեցին Արցախ։ Այդ ընթացքում մենք դժվար օրեր ապրեցինք։ Ես փոքր երեխաներին էի խնամում, ամուսինս չէր կարողանում կայուն աշխատանք գտնել։ Հենց այդ ժամանակ որոշեցի օգնել նրան ու սկսեցի պատվերով դիմանկարներ անել, քանի որ ձեռքիս տակ միայն մատիտ ու թուղթ կար։

Երևանում մնացինք ընդամենը 4 ամիս։ Չկարողացանք հարմարվել։  Ոչ թե նրա համար, որ դժվար էր կենցաղային հարցերը լուծել, այլ Արցախը ձգում էր, այլևս չէինք դիմանում կարոտին։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ, որտեղ, սակայն, չկարողացանք տուն գտնել․ ազատ տուն չկար։ Ծանոթների միջոցով տեղեկացանք, որ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը պատրաստ է ընդունել տեղահանված ընտանիքների։ Մենք տեղափոխվեցինք մեզ համար անծանոթ գյուղն ու մինչև 2023 թվականի սեպտեմբերն ապրում էինք այնտեղ։ Տանը մեկ-մեկ նկարում էի։ Երբեմն պատվերով, բայց հիմնականում նվիրում էի։ Այդ ժամանակ չէի մտածում, որ նկարչությունը հետագայում կդառնա իմ եկամտի աղբյուրը։

Ամուսինս ծառայում էր ԱՀ ՊԲ շարքերում։ Ինձ համար դժվար էր համակերպվել նրա բացակայություններին, սակայն փորձում էի հաղթահարել այդ դժվարությունը ևս։ Ժամանակի ընթացքում հարմարվեցի։ Անգամ նկարչություն էի պարապում գյուղի երեխաների հետ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ամալյայի ամուսինը մարտական դիրքերում էր։

-Երբ սկսվեց պատերազմը, երեխաներիս հետ տանը մենակ էի։ Չորրորդ բալիկիս էի սպասում։ Հեռախոսակապերը չէին գործում․ բոլորս իրարից անտեղյակ էինք։ Սեպտեմբերի 20-ին սկսվեցին ծննդաբերության ցավերս։ Ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Երեխաներս մնացին տանը։ Անգամ չեմ հիշում, թե ինչպես եմ գյուղից հասել քաղաք։ Մի կողմից մտահոգված էի, որ իմ հայրական տունը կարող է արդեն չլինել, քանի որ գտնվում էր զորամասի մոտ, մի կողմից մտածում էի երեխաներիս մասին, որ թողել եմ տանը, մյուս կողմից ամուսնուս մասին էի անհանգստանում։ Այդ ծանր ճանապարհն ու անորոշությունը երբեք չեմ մոռանա։

Երբ հասա Ստեփանակերտ, ցավերս սաստկացել էին, բայց վարորդին խնդրեցի նախ տանել ծնողներիս մոտ։ Հենց մեր դարպասի մոտ իմ առջև կանգնած էին հայրս ու մայրս։ Նրանց ողջ ու առողջ տեսնելով՝ ուրախությունից չգիտեի ինչ անել։ Մայրիկիս հետ գնացինք հիվանդանոց։ Հրետակոծությունների սարսափելի ձայների տակ ծնվեց իմ 4-րդ որդին։ Հաջորդ օրը վերջապես ամուսինս զանգեց, տեղեկացավ մեր մասին, հետո գնաց երեխաներին գյուղից բերելու։ Վերջապես մեր ընտանիքը հավաքվեց իրար կողքի։ Մի քանի օր բարեկամի տան մնալուց հետո, սեպտեմբերի 25-ին բռնեցինք տեղահանության ճանապարհը՝ երկրորդ անգամ այդ ցավը զգալով մեր մեջ։ Հայաստանում կրկին տուն ենք վարձել։ Ամուսինս անմիջապես աշխատանք է գտել, ու սկսել ենք ամեն ինչ կրկին զրոյից ստեղծել։

Չորս մանկահասակ երեխաների մայրը, անկախ ամեն ինչից, իր մեջ ուժ է գտել զբաղվել սիրած աշխատանքով

-Սոցիալական ցանցերում հայտարարություն տեսա, որ «Վըսկե ծերքեր» խորագրով տոնավաճառ-փառատոն է լինելու՝ «Արցախցի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Երկմտում էի՝ մասնակցել, թե ոչ։ Մի կողմից ցանկությունս շատ մեծ էր, մյուս կողմից՝ բոլորովին պատրաստ չէի։ Բայց հայտ ներկայացրի։ Հարազատներս, ընկերներս հորդորում էին փորձել, և ես սկսեցի աշխատել։ Ինքս եմ ստեղծել իմ լոգոն, որը կապել եմ Արցախի հետ։ Ցանկացել եմ հայրենիքի հանդեպ իմ սերը ցույց տալ աշխատանքներիս մեջ ու տարածել։ Դիմել եմ մասնագետի ու ստեղծել իմ «Մի կուճիր Արցախ» բրենդը, միաժամանակ հիմնադրել ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացնում եմ իմ գործերը։ Թեկուզ միշտ երկմտանք ունեի, բայց աշխատանքս սկսեց առաջ գնալ։ Արցախյան վերջին իրադարձություններից հետո առաջին անգամ մասնակցել եմ փառատոնի։ Այն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև այնտեղ հանդիպել եմ շատ ու շատ ծանոթների, որոնց երկար ժամանակ չէի տեսնում։ Նաև նոր ծանոթություններ եմ ձեռք բերել։

Փառատոնից հետո սկսել եմ իմ սիրած աշխատանքն օգտագործել որպես եկամտի աղբյուր։ Իհարկե, ընդառաջում եմ հաճախորդներին, այնպես անում, որ գները նրանց համար մատչելի լինեն, քանի որ ինքս եմ անցել նյութական դժվարությունների միջով։ Երբեմն նկատում էի, որ իմ հեղինակային գործերը մարդիկ կրկնօրինակում են, սակայն, ինչքան էլ ցավալի էր, ես անտեսել եմ դա, աչք փակել։ Մարդկային փոխհարաբերություններն ինձ համար առավել կարևոր են եղել միշտ։ Ինքս ինձ հանգստացնում եմ, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի, քանի որ բիզնեսում ամեն ինչ կարող է լինել։

Շատ հաճախ ինձ առաջարկում են ուրիշի հեղինակային գործերի վրա աշխատել, բայց ես հրաժարվում եմ։ Միայն մի անգամ սխալվեցի՝ այն էլ չիմանալով։ Մի պատվեր եմ վերցրել հաճախորդներիցս մեկից, չիմանալով, որ դա հեղինակային գործ է։ Վստահելով նրան՝ նկարել եմ այդ նկարը շապիկի վրա։ Օրեր հետո զանգ եմ ստացել՝ ինձ նախատել են ուրիշի հեղինակային գործը յուրացնելու մեջ։ Իհարկե, թյուրիմացությունը շտկվել է, բայց միևնույն է՝ պետք է ամեն ինչ ազնիվ լինի։

Երբեմն հուսահատվում եմ, փորձում դադարեցնել աշխատանքս, որովհետև հեշտ չէ տարբեր բնավորությունների տեր մարդկանց հետ աշխատել, սակայն ինքս ինձ կրկին հավաքում եմ ու հանուն իմ երեխաների շարունակում իմ գործը։ Ձեռագործ աշխատանքներս ներկայացնում եմ օնլայն հարթակում, ունեմ բավականաչափ պատվիրատուներ։ Շատ եմ ցանկանում մասնակցել դասընթացների, վերապատրաստվել, սակայն երեխաներս փոքր են, դեռևս չեմ հասցնում։ Առաջ եմ գնում ուսանողությանս տարիներին սովորած իմ գիտելիքներով։

Հայաստանում իմ առաջին գործը նվիրեցի որդուս։ Դա «Փոքրիկ արցախցի» հեղինակային աշխատանքս է՝ 7 ամսականի կապակցությամբ։  Երեխայիս նկարը տեղադրեցի էջում։ Դրանից հետո սկսեցի ստանալ պատվերներ ու բիզնեսս կամաց-կամաց առաջ գնաց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ