ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվեցին հարվածներով հրադադարի ֆոնին

ԱՄՆ զինված ուժերը ինքնապաշտպանության նպատակով հարվածել են Իրանի Գորուկ շրջանում և Քեշմ կղզում գտնվող ռադարներին և անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սոցիալական ցանցերում։

«Այս խելացի և միտումնավոր հարվածները հասցվել են շաբաթ և կիրակի օրերին՝ ի պատասխան Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերի օդում գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման», – ասվում է հայտարարության մեջ։ Իրանի հակաօդային պաշտպանությունը մայիսի 30-ի գիշերը Քեշմ կղզում խոցել է անօդաչու թռչող սարք։ Իրանը ավելի վաղ հայտնել էր Ջամ շրջանում (Բուշեհր նահանգ) ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ Սիրիկում (Հորմոզգան նահանգ) հեռահաղորդակցության աշտարակի վրա ԱՄՆ ռազմական վերջերս հասցված հարվածին ի պատասխան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերը հարվածել են այն ավիաբազային, որտեղից սկսվել էր հարձակումը և «ոչնչացրել են նախատեսված թիրախները»։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե հարձակումը կրկնվի, «պատասխանը կլինի բոլորովին այլ»։

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված հրադադարը ուժի մեջ է մտել։

Ասում են, “Ղարաբաղի բարբառով” Փաշինյանի սպառնացողներից մեկին ճանաչել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։

Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տեսաուղերձը հրապարակելով՝ խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը:

Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ», – ասված է ուղերձում։

Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ու երկրների միջև հարաբերությունները «ավանդաբար բարեկամական բնույթ են կրում»։

«Մենք շահագրգռված ենք դրանց հետագա հետևողական զարգացմամբ», – հավելել է Ռուսաստանի նախագահիը։

Թող բոլոր երեխաները մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը տասնամյակներ շարունակ Արցախում նշվում էր ամենահետաքրքիր ու աշխույժ միջոցառումներով, որտեղ երեխաներն իրենց լիակատար երջանիկ և ուրախ էին զգում։ Անգամ շրջափակման ժամանակ Արցախում փորձում էին երեխաներին ժպիտներ պարգևել, նրանց օրը դարձնել իսկական տոն։

2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Տիգրան Մնացականյանի երեխաներն արդեն երրորդ տարին է, ինչ սպասված տոն օրը դիմավորում են հայրենի հողից հեռու։

-Ես հիշում եմ, թե ինչպես էր ամեն տարի հունիսի 1-ին հայրիկը մեզ տանում Ստեփանակերտ, որտեղ ամեն ինչ իսկական հեքիաթ էր հիշեցնում։ Մենք գնում էինք քաղաքային պուրակը, և հայրս մեզ հետ մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Մեքենա էինք նստում, պաղպաղակ ուտում, մուլտֆիլմ նայում,- ասում է Դենիսը:

Արցախի շրջափակման ժամանակ նա 14 տարեկան էր։ Արցախում կենաց ու մահվան կռիվ էր: Հացի խնդիրը, այն ձեռք բերելն ամենաառաջնահերթն էր, իսկ երբեմն էլ՝ ոչ բոլորին հասանելի: Արցախը թեև ծանր ժամանակաշրջան էր ապրում, բայց ամուր էր արցախցու հայրենի հողում ապրելու ոգին: Այդ օրերին Ասկերանում երկու հացի փուռ էր գործում, հացթուխներին օգնում էին նաև կամավոր պատանիները, որոնց թվում էր նաև Դենիսը։ Հաճախակի կարելի էր տեսնել, թե ինչպես էր դասերից հետո, փռի մոտ հավաքված մարդկանց սիրալիորեն ժպտում և թարմ ու տաք հաց մատակարարում դպրոցում սովորող աշակերտը, միաժամանակ հաց հասցնում իր ընտանիքին։

2023-ի սեպտեմբերի 19-ը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Այն չշրջանցեց նաև Մնացականյանների ընտանիքը։ Երեք երեխաներ մնացին առանց հայր հերոսաբար զոհվեց Տիգրան Մնացականյանը։

Տիկին Լիանան փորձում է իր երեխաների մեջ սերմանել լավատեսություն, ապագայի հանդեպ հույս, և դա նրան հաջողվում է

-Տեղահանությունից հետո Դենիսը միանգամից է հասունացել, ուսերի վրա վերցրել մեր ընտանիքի հոգսերը։ Սովորում է տարածաշրջանային հ․ 2 Ն․Աճեմյանի անվան պետական քոլեջում, միաժամանակ աշխատում է որպես մատուցողի օգնական։ Դուստրս սովորում է ԵՊՀ-ում, իսկ կրտսեր որդիս փոխադրվել է 2-րդ դասարան։ Նա ընդամենը 3 տարեկան էր, երբ հայրը զոհվեց։

Կամավորական աշխատանքները շատ հոգեհարազատ են ավագ որդուս, և դա է պատճառը, որ նա ազատ օրերին «Հայորդի» բարեգործական հիմնադրամի «Խոխա» կազմակերպությունում զբաղվում է կամավորությամբ։ Առանձնապես՝ ամառային ճամբարների կազմակերպման ժամանակ։

Տեղահանությունից ի վեր մեզ միայնակ չի թողնում այդ կազմակերպությունը, ինչպես նաև մեր երեխաներին աչքաթող չի անում Անաիս Սարդարյանը։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի զոհվածների երեխաներն իրենց մենակ չզգան, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց։

Հունիսի 1-ի կապակցությամբ «Հայորդիի» կողմից մեր երեխաների համար արդեն իսկ կազմակերպվել են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, տրամադրվել նվերներ։

Ես ցանկանում եմ, որ բոլոր երեխաները մեծանան խաղաղ ու կապույտ երկնքի տակ ու երբեք պատերազմ չտեսնեն։ Թող ոչ մի երեխա առանց հայր չմեծանա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ