Թրամփը, Պուտինը և ֆոն դեր Լեյենը «գիշերում» են Հայաստանում. նախագիծն ավարտվո՞ւմ է

  • 23:01 04.06.2026

Վերջին տասնամյակների երկու խոշորագույն պատերազմները՝ ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները, հասնում են իրենց տրամաբանական ավարտին, և Հայաստանը դառնում է բոլոր որոշումների հատման կետը։

Երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու-երեք օր առաջ Թրամփն ու Ռուբիոն, Պուտինը և Շոյգուն, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Մարթա Կոսը ամեն օր հայտարարություններ են անում Հայաստանի մասին։ Իրական ժամանակում համաշխարհային ուժային կենտրոնները «օգնում» են Հայաստանին կորցնել իր ինքնիշխանությունը։

Միացյալ Նահանգները “ծնկի վրա” ստորագրում է TRIPP համաձայնագիրը Հայաստանի հետ՝ առանց սպասելու ընտրությունների արդյունքներին, վերահսկողություն հաստատելով հայ-իրանական սահմանի վրա։ Եվրոպան փրկում է հայ գյուղացիներին Ռուսաստանից և հայտարարում, որ ամեն ինչ կանի Մեծ Մերձավոր Արևելքում հաղորդակցությունները բացելու համար։ Ռուսաստանն իր հերթին բոլոր ջանքերն ուղղում է Հայաստանին իր ազդեցության ոլորտից դուրս մղելուն և այն Թուրքիային հանձնելուն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, բազմիցս «Թրամփի ճանապարհը» անվանել է «միջանցք», սակայն հավաստիացրել, որ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվրոպացիներն ու ռուսները նույնն են ասում, բայց նրանց գործողությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, և արդեն իսկ կոնսենսուս է ձևավորվել Հայաստանի ինքնիշխանությունից զրկվելու վերաբերյալ։

Նմանատիպ կոնսենսուս ձևավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները հանդիպել են Կոստանդնուպոլսում, իսկ երկու օր անց ագրեսիա է իրականացվել Հայաստանի դեմ Արցախում։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Արցախի ողջ բնակչությունը լքել էր այն, իսկ ռուսական զորքերը, Պուտինի հրամանով, ապահովել են «խաղաղ տարհանումը»։ Հոկտեմբերի 7-ին սկսվել է պատերազմը Պաղեստինում, ապա՝ Իրանում, և այժմ լրջորեն քննարկվում է Իսրայելի, Լիբանանի և մի քանի արաբական երկրների ինքնիշխանությունը։

Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական նախագծերի փորձադաշտ, և դատելով Հայաստանի ընտրությունների նկատմամբ համաշխարհային տերությունների բարձր հետաքրքրության մակարդակից՝ այստեղ կփորձարկվի «խաղաղ» «տարածաշրջանայնացման» և ինքնիշխանությունից զրկելու նախագիծը։

Հարցն այն է, թե ինչպես է ընթանալու Հայաստանի դեսուվերենիզացիան՝ խաղաղ ճանապարհով, թե՞ ուժով։ Սահմանադրական հանրաքվեն և Անկախության հռչակագրից ու ազգային իրավունքներից հրաժարումը կարող են դառնալ «կամավոր դեսուվերենիզացիայի» մոդել։ Հակառակ դեպքում, Հայաստանին կստիպեն, ինչպես արվեց Արցախում։

Ռազմական հնարավոր միջամտույան պահին Ռուսաստանը այլևս չպետք է լինի Հայաստանի դաշնակիցը, որպեսզի ստիպված չլինի մտնել ռազմական հակամարտության մեջ Թուրքիայի հետ։ Ահա թե ինչու է Ռուսաստանը ճնշում գործադրում Հայաստանի վրա՝ պարզապես ստիպելով հանրաքվե անցկացնել և դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից։

Փոքրիկ Արցախի հարցը մի ժամանակ միակ հարթակն էր, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, քննարկում էին գլոբալ մոդելներ։ Հայկական Արցախը պահպանելը միակ հնարավորությունն էր համաշխարհային համակարգը պահպանելու և այն իրավական ու մարդկային հիմքերի վրա դնելու համար։ Սակայն համաշխարհային տերությունները ընտրեցին քայքայման ուղին՝ դառնալով ցեղասպանության մեղավորներ և մեղսակիցներ։

Այժմ արատավոր կոնսենսուս է առաջացել Հայկական նախագծի շուրջ, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհաքաղաքական փորձերից մեկն է։ Կշարունակվի՞ արդյոք նախագիծը։

Նկարում՝ Ստեփանակերտ, 2023թ.