Վեհափառն անդրադարձել է Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ եկեղեցու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։
«Հանդիպմանը խոսվեց Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։ Ընդգծվեց, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։